Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկումՙ Խաղաղության հրապարկում գտնվող Սուրբ Լյուդմիլա տաճարում ապրիլի 24-ին, ժամը 16.30-ին սկսված կաթոլիկ պատարագի ընթացքում հիշատակվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ աղոթք բարձրացվեց առ Աստվածՙ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի համար։ Պատարագիչը կաթոլիկ եկեղեցու հոգեւոր սպասավոր Էլիաշ Վոյթեխն էր, որին աջակցում էր եւ հայ նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով կատարեց Հայկ սարկավագ Ութիջյանը։ Ի դեպ, հայերենով ու չեխերենով արտասանած քարոզում Էլիաշ Վոյթեխն օգտագործեց «ցեղասպան Թուրքիա» բառակապակցությունը։ Հոգեհանգստյան պաշտոնից հետո ելույթ ունեցավ չեխահայ համայնքին քաջածանոթ «Մուզիկա պոետիկա» երգչախումբըՙ Իվժեն Կենդլերի ղեկավարությամբ։ Ապրիլի 30-ին նույն առիթով նախատեսվում է երեկո անցկացնել Պրահայի գրական սրճարաններից մեկում։
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա