Հանդիսություններ, բանախոսություններ, քայլարշավ... ներ
Ապրիլի 24-ի ողջ շաբաթը արտակարգ աշխուժություն էր տիրում Լոս Անջելեսի ամբողջ տարածքում. Հայ եկեղեցին, ավանդական կուսակցությունները, մշակութային ու երիտասարդական տարբեր կազմակերպություններ, հայրենակցական միություններ, Գլենդեյլի քաղաքապետարանը եւ անգամ Կալիֆոռնիայի նահանգապետարանը մաս կազմեցին այդ աշխուժությանը, որի գագաթնակետը հանդիսացավ շուրջ 15 հազար երիտասարդների քայլարշավը Հոլիվուդի «Լիթըլ Արմենիա» (Փոքրիկ Հայաստան) կոչվող շրջանում։
Բանախոսական ձեռնարկներից ամենահատկանշականը, թերեւս, Հայ երիտասարդաց դաշնակցության «Նիկոլ Դուման» մասնաճյուղի կողմից ուրբաթ օրը, ապրիլի 19-ին, Փասադենայի հայկական կենտրոնում կազմակերպված հանդիսությունն էր, որի գլխավոր բանախոսն էր ցեղասպանության լավագույն մասնագետ պրոֆ. Վահագն Տատրյանը։ Գերմանական եւ ավստրիական փաստագրական բազմաթիվ նյութերի մատուցմամբ, պրոֆ. Տատրյանը շուրջ 1 ժամ ներկայացրեց եւ ապացուցեց Հայոց ցեղասպանության նախածրագրված լինելը, խնդիրՙ որը կասկածի տակ է դրվում անգամ ամերիկահայ մի քանի պատմաբանների կողմից։
Հատկանշական հաջորդ բանախոսությունը, հովանավորությամբ ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային վարչության, կազմակերպել էին ՌԱԿ քաղաքական հարաբերությունների հանձնախումբը եւ Գերսամ Ահարոնյան ակումբը։ Օրվա բանախոսն էր «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որ հատուկ այդ կապակցությամբ հրավիրվել էր Երեւանից։ Բանախոսը շուրջ 20 րոպեի սահմաններում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա վերջին 10 տարիների հարաբերությունների պատմությանը, հայ-թուրք տարբեր առնչություններին, Անդրկովկասում Մ. Նահանգների օրհնությամբ Թուրքիային վերապահված դերին եւ եզրակացրեց, որ այս տարածաշրջանում Թուրքիան հանդիսանում է ապակայունացնող ազդակ Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությամբ։ Այս միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, Փասադենայի ՀԲԸ Միության մեծ սրահում։
Անշուշտ, այս տարի էլ ոգեկոչման հանդիսություն եւ հոգեհանգիստ տեղի ունեցավ Մոնթեբելոյի հայ նահատակաց հուշարձանին, սակայն, դժբախտաբար, առանձին-առանձին։ Ինչ-ինչ պատճառներով ՀՅ Դաշնակցությունը այս տարի առանձին էր կազմակերպել ոգեկոչումը, մինչ ՍԴՀԿ եւ ՌԱԿ կուսակցությունները ապրիլի 24-ի առավոտյան առանձին-առանձին ծաղկեպսակ էին դրել հուշարձանին։ Հոգեհանգստյան արարողությունն էլ տեղի ունեցավ անջատ։ Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանը, կեսօրին, եկեղեցական ողջ դասը հանդիսավոր հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Մինչ այդ, ապրիլի 22-ին, Բեւեռլի Հիլզի «Հիլտոն» շքեղ հյուրանոցում Կալիֆոռնիայի նահանգապետ Դեյվիսը պաշտոնական հայտարարությամբ իր հարգանքն էր արտահայտել զոհերին, նրանց ժառանգորդներին, ողջ հայությանը, միաժամանակ դատապարտելով Օսմանյան Թուրքիան, որ շարունակում է չընդունել իր կատարած ոճիրը։ Նահանգապետը հայտարարության մեկական օրինակ հանձնեց ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցություններին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու ներկայացուցիչներին։
Մ. Նահանգներում սովորություն կա ասելու, որ ամեն մի քաղաքականություն տեղական է։ Այսինքնՙ երկրի արտաքին քաղաքականությունը բխում է տեղական շահերից եւ շահագրգռություններից։ Հայերիս պարագայում այս ասացվածքը դեռեւս մասամբ է ճիշտ. Կալիֆոռնիայի (այստեղ սովորություն կա 35 միլիոնանոց այս նահանգը «Կալիֆոռնիայի երկիր» կոչելու) մակարդակով, նրա մեջ մտնող քաղաքների մակարդակով Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ընդունելու եւ թուրքերին դատապարտելու հարցում որեւէ դժվարություն չկա, սակայն երկրի գերագույնՙ վաշինգտոնյան մակարդակում լուրջ դժվարություններ կան։ Եվ ապրիլի 24-ի շաբաթվա բոլոր ձեռնարկների ընթացքում նախագահ Ջորջ Բուշին ուղղված ամենասուր քննադատություններն անպակաս էին, եւ բոլորն հառաջագունե գիտեին, որ այս տարի էլ, հակառակ 126 կոնգրեսականների եւ պաշտոնական այն մարմինների պահանջի, Սպիտակ տան պետը դրժելու է իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով։ Ըստ երեւույթին միջազգային շահերն այս դեպքում ավելի գերակշիռ են, քան տեղականը։
Ամենատպավորիչ միջոցառումը կազմակերպել էր Գլենդեյլի քաղաքապետարանը իր նորընծա քաղաքապետ Րաֆֆի Մանուկյանի գլխավորությամբ։ 250 հազարանոց Գլենդեյլի քաղաքապետարանն ամբողջ շաբաթը նվիրել էր Հայոց ցեղասպանությանը։ Գլխավոր հանդիսությունը տեղի ունեցավ ապրիլի 24-ի երեկոյան, քաղաքային հսկա հանդիսասրահում (Civie auditorum)։ Գլխավոր բանախոսն էր պատմաբան, վիետնամյան պատերազմի վետերան դոկտ. Լեւոն Մարաշլյանը, որ բացառապես ամերիկյան քաղաքագետներից, նախագահներից, դիվանագետներից, միսիոներներից ու պատմաբաններից մեջբերումՙ վկայություններ ներկայացրեց շատ հստակ եզրահանգմամբՙ Մ. Նահանգների բարձրագույն իշխանությունը չճանաչելով հայերի ցեղասպանությունը, փաստորեն ժխտում է իր իսկ պատմությունը։
Հանդիսությունը անձամբ վարում էր երիտասարդ ու կորովի քաղաքապետ Ր. Մանուկյանը, որ խոսք տվեց հանդիսությունների կազմակերպիչ մարմնի անդամներ Կարոլ Սուսմանին, Արա Անտոնյանին, ավելի քան 70 ֆիլմերի հեղինակ Միքայել Հակոբյանին, ինչպես նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանին։ Վերջում, գլխավորությամբ թեմի առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանի, եկեղեցականների դասը, մասնակցությամբ անթիլիասական անջատյալ թեմի առաջնորդի եւ հայ կաթոլիկների ներկայացուցչի, հոգեհանգստայն արարողություն կատարեց։ Հանդիսության ընթացքում գործադրվեց նաեւ գեղարվեստական տպավորիչ ծրագիր, մեծամասամբ Հայաստանից գաղթած արվեստագետների մասնակցությամբ։
Սակայն ամենաոգեւորիչը նույն օրն առավոտյան կազմակերպված քայլարշավ-հանրահավաքն էր «Փոքրիկ Հայաստանում»։ Շուրջ 15 հազար հայեր (ոմանք 20 հազար էին պնդում), Հայաստանից արտագաղթածներ, Պարսկաստանից, Բեյրութից եւ այլ երկրներից գաղթածներ ու բնիկ ամերիկահայեր, անգամ ասորիներ, առաջնորդությամբ Վաչե Սրբազանի, հայկական եւ ամերիկյան դրոշները պարզած, հակաթուրքական պաստառներ բռնած քայլեցին Հոլիվուդի փողոցներով։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, համալսարանականներ, դպրոցների վերին կարգերի աշակերտներ, անգամ հայ մոտոսայդերներՙ սեւ կաշվե համազգեստով, դաջված ձեռքերով ու կրծքերով, ճակատները կապած եռագույն ժապավեններով։ Շատերն էին եկել ողջ ընտանիքով։
Գրեթե նույն պահին մեկ այլ հանրահավաք էր տեղի ունենում, կազմակերպված ՀՅԴաշնակցության երիտասարդական միության կողմից, Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առաջ։ Շուրջ 2000 երիտասարդներ այստեղ վառեցին Թուրքիայի դրոշակը եւ հակաթուրքական կարգախոսներ վանկարկեցին։ Նրանց բողոքագիրն ստանձնելու համար հյուպատոսներից ոչ ոք դուրս չեկավ։ Թուրքերն այդ օրը արձակուրդ էին հայտարարել...
Հ. Ա.