«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2002-04-27 | #79, 2002-04-30 | #80, 2002-05-01


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԻՋԱՆ ՎՐԱՍՏԱՆ

Տրապիզոնում ստորագրվեց թուրք-վրաց-ադրբեջանական անվտանգության համաձայնագիր

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ահաբեկչության դեմ պայքարի նպատակով մոտ ժամանակներս Վրաստան կժամանեն 150 ամերիկացի զինվորական հրահանգիչներ, Մոսկվայում գտնվող ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդին ուղեկցող պետքարտուղարության մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է «Նովոստի» գործակալությանը, ավելացնելով, որ ՌԴ-ից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո Պենտագոնի ղեկավարը համապատասխան կարգադրություն կանի Վրաստան ամերիկացի զինվորականներ ուղարկելու մասին։ Ենթադրաբար, Վրաստանում ԱՄՆ ռազմական ներկայություն հաստատելը Վաշինգտոնը մանրամասնորեն համաձայնեցնում է Մոսկվայի հետ։ «Ամերիկացի զինվորները չեն հայտնվի ոչ Պանկիսի, ոչ Կոդորի կիրճում։ Այդ առումով ես երաշխիքներ եմ տալիս։ Նման երաշխիքներ տվել է Վրաստանի նախագահը», նշել է պետքարտուղարության պաշտոնյան։

Երեքշաբթի օրը Վրաստան իջավ ամերիկյան հատուկ նշանակության զինվորական հրահանգիչների առաջին խումբըՙ 20 մարդ։ Ըստ տարբեր աղբյուրների, Վրաստանում ամերիկյան զորակազմի թիվը կհասնի 150¬200-ի։ Ամերիկացիների գլխավոր խնդիրն է վրացական բանակին սովորեցնել, թե ինչպես պետք է պայքարել ահաբեկչության դեմ։ Վրացական չորս ստորաբաժանումներ վարժեցնելու նպատակով ԱՄՆ-ը հատկացրել է 60 մլն դոլար, ինչպես նաեւ վրացական կողմին անհատույց տրամադրելու է մեծ քանակությամբ հրազեն, տեխնիկա, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, դեղորայք։

Էդուարդ Շեւարդնաձեն հնարավորություն չունեցավ անձամբ դիմավորելու ամերիկացի զինվորական հրահանգիչներին։ Հարգելի պատճառներով։ Երկուշաբթի կեսօրին Վրաստանի նախագահն ուղեւորվեց սեւծովյան Տրապիզոն քաղաքը, որտեղ երեկ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին անվտանգության համաձայնագիր, ավելի հստակՙ ապրիլի 30-ին երեք դաշնակից պետությունների ներքգործնախարարները ստորագրեցին միջկառավարական համաձայնագիրՙ «Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ դրսեւորումների դեմ պայքարի մասին»։

Համաձայնագրի բուն էությունը հետեւյալն է. Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ ուժերով կապահովեն կառուցվելիք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի անվտանգությունը, համատեղ կպայքարեն ահաբեկչության, թմրանյութերի մաքսանենգության, զենքի անօրինական վաճառքի դեմ եւ այլն։ Տրապիզոն մեկնելուց առաջ Շեւարդնաձեն Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստան ժամանող ամերիկացի զինվորականները չեն զբաղվի խողովակաշարերի անվտանգության ապահովման հարցերով։

Տրապիզոնում երեք պետությունների առաջնորդները հանդիպում են երկու անգամ. առաջինը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, երկրորդըՙ գագաթաժողովի ավարտին, ենթադրաբարՙ այսօր։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նախագծերը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի փոխըմբռնման ու համագործակցության լավագույն ապացույցն են։ «Տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով», ասել է Շեւարդնաձեն, ընդգծելով, որ անվտանգության համաձայնագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, ընդհակառակըՙ բաց է այլ պետությունների մասնակցության համար։

Հեյդար Ալիեւը, բնականաբար, հերթական անգամ գանգատվել է, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը, 1 մլն (բիր միլիյոն) փախստականներ տուն չունեն։ Ալիեւը հատուկ ընդգծել է, որ միջազգային ահաբեկչությունը, ագրեսիվ անջատողականությունը, կազմակերպված հանցագործությունը, ինչպես նաեւ ռազմական ագրեսիան, խոչընդոտում են տարածաշրջաների պետությունների զարգացմանը։

Ահմեդ Նեջդեթ Սեզերի ելույթը շեշտադրումներով տարբերվել է Շեւարդնաձեի եւ Ալիեւի ելույթներից, ինչը բնական է, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի խնդիրները տարբերվում են Վրաստանի եւ Ադրբեջանի խնդիրներից։ Եթե Ալիեւի եւ Շեւարդնաձեի համար առաջնայինն իրենց երկրների տարածքային ամբողջականության վերականգնումն է, ապա Թուրքիան փորձում է ձեւավորել եռակողմ ռազմավարական դաշինք եւ Անդրկովկասը ներքաշել իր կենսական շահերի գոտի։ Այդ նպատակին հասնելու որոշ նախադրյալներ կան։ Անկարան Բաքվի եւ Թբիլիսիի հետ առանձին կնքել է ռազմական եւ ռազմավարական համագործակցության պայմանագրեր, տնտեսության եւ ներդրումների ոլորտում Վրաստանը եւ Ադրբեջանը Թուրքիայից ունեն զգալի կախվածություն, եւ ամենագլխավորըՙ Թուրքիայի ռազմական դաշնակից ԱՄՆ-ն հենց Անկարային է վսահել Կովկասում ամերիկյան քաղաքականություն իրականացնողի պատվավոր դերը։ Չպետք է բացառել, որ մոտ ապագայում տարածաշրջանային առումով Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը կկնքեն ռազմավարական համագործակցության եռակողմ պայմանագիր։

Կկարողանա՞ Թուրքիան իրականացնել Անդրկովկասում ամերիկյան շահերի յուրահատուկ պաշտպանի դերըՙ ցույց կտա ժամանակը։ Մեկ բան ակնհայտ է թվումՙ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ակնհայտ թշնամական քաղաքականությունը կհետաձգեն Անդրկովկասում Անկարայի հավակնությունների իրականացումը։ Բացի այդ, Հարավային եւ Հյուսիսային Կովկասը մեկ միասնական տարածաշրջան համարող Ռուսաստանը եւ տարածաշրջանում կենսական շահեր հետապնդող Իրանն առնվազն խանդավառված չեն Թուրքիայի նկրտումներից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4