Երեկ այս գործով շարունակվող դատավարությունը սկսվեց ապացույցների հետազոտումից։ Մի որոշ ժամանակ կողմերը վիճաբանում էին, փորձելով պարզել, թե նշված փուլում որքանով էին նպատակահարմար անընդհատ արվող հայտարարությունները։ Պաշտպանական կողմի նման վերաբերմունքի հիմնավորումն, ըստ պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի, այն էր, որ որոշ ապացույցներ նախաքննական մարմնի կողմից ձեռք են բերվել օրենսդրական խախտումներով, եւ դրանք պետք չէ հետազոտել։
Ինչեւէ, դատարանն իր աշխատանքը շարունակեցՙ անդրադառնալով գործով ապացույց համարված նյութերին։ Քննելով ժամանակին «Հայկական ժամանակ» թերթին Մ. Սաղաթելյանի տված հարցազրույցըՙ դատարանում մեղադրող կողմը հարցադրում արեց ամբաստանյալին։ Մեղադրող Կ. Փիլոյանը ցանկանում էր իմանալ, թե, իր իսկ հայտարարությամբ, «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասով «Շեյթանից» շատ ավելին իմացող Մ. Սաղաթելյանն ի՞նչ նպատակ էր հետապնդում գործակալի հետ հանդիպելիս։
Ամբաստանյալը պատասխանեց, որ գործակալ Հարություն Գրիգորյանին գումարներ է տվել վերջինիս թոռան ծննդի, հոր գերեզմանի, նաեւ տաքսիների համար։ Իսկ հանդիպել է «Շեյթանի» հետ, քանի որ գործակալը «սրտաբուխ» ցանկություն ուներ, եւ իրեն էլ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է նա դիմել հատկապես իրեն։
Հետագա հարցերին պատասխանելով եւ, ըստ էության, հարցերին պատասխան չտալով, այնուամենայնիվ, Մ. Սաղաթելյանը դատարանում եւս մեկ անգամ հնչեցրեց այն միտքը, որ «Հոկտեմբերի 27-ի գործով կազմակերպիչների եւ ձայներիզի մասին ինքը կհայտնի, երբ կգա դրա ժամանակը։ Իսկ ե՞րբ է, մոտավորապես, այդ «ժամանակը», ամբաստանյալն այդպես էլ չնշեց։
Այսպիսով, ապացույցների հետազոտումից դատավարությունը կանցնի վիճաբանությունների փուլ, ապա կողմերը հանդես կգան իրենց ճառերով։ Իսկ թե այդ ամենից հետո ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը, կիմանանք ոչ ուշ։
Ա. Հ.