«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2002-04-30 | #80, 2002-05-01 | #81, 2002-05-03


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱԶԱՏ Է, ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ Ո՛Չ ԱՆԿԱԽ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամեն տարի մայիսի 3-ին աշխարհում նշվում է մամուլի ազատության միջազգային օրը։ Հայաստանի Հանրապետության 12-ամյա պատմության մեջ այս օրը, ցավոք, երկրորդ անգամ նշվում է բողոքի զանգվածային միջոցառումներով։ 1994 թ. դեկտեմբերի 28-ին մեր երկրի նախկին վարչախումբն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրհնությամբ մեկ օրում փակեց 12 անուն լրատվամիջոց։ 2002 թ. ապրիլի 2-ին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 37-րդ հաճախականությամբ հեռարձակվող «Ա1+» հեռուստաընկերությանը զրկեց լիցենզիայից։ Նախագահ Քոչարյանը եւ իր շրջապատը «Ա1+»-ին եթերից զրկելը մեկնաբանում են օրենքի տառով եւ ոգով, այսինքնՙ «Ա1+»-ը ոչ թե փակվել է, ինչպես պնդում են հհշամետ գործիչներն ու լրատվամիջոցները եւ ոչ միայն, այլ այդ հեռուստաընկերությունը մրցույթում պարզապես լավ առաջարկ չի ներկայացրել եւ պարտվել էՙ տեղը զիջելով «Շարմին»։ Լավ հիշողություն ունեցողները կարող են փաստել, որ 1994 թ. իշխանությունները եւ նրանց տեսակետներն արտահայող ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչների մի մասին մենք այսօր կտեսնենք ազատ մամուլի, ազատ խոսքի եւ ժողովրդավարության պաշտպանի դերում, նման կերպ էին մեկնաբանում. ՀՅԴ-ն կասեցվել է, հետեւաբար պետք է փակվեին կուսակցության լրատվամիջոցները։ Ցանկացած փաստարկ հօգուտ 1994 եւ 2002 թ. որոշումներիՙ չի դիմանա ժամանակի քննությանը։ Խնդիրը շատ պարզ է. «Ա1+»-ն ուներ որոշակի լսարան, որն այսօր զրկված է իր ուզած տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Նույն կերպ 1994 թ. Հայաստանի բնակչության որոշակի հատված զրկվեց 12 անուն թերթեր ստանալու իրավունքից։

Ե՛վ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունները մամուլի հանդեպ դրական վերաբերմունքով աչքի չեն ընկել։ Իմ խնդիրը չեմ համարում ներկա իշխանություններին պաշտպանելը, սակայն անազնվագույն կլիներ Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին միեւնույն հարթության վրա դնելը։ Վերջինս մամուլի, լրատվամիջոցի հանդեպ անհամեմատ հանդուրժող է, քան Տեր-Պետրոսյանը, որը բռնի ուժով թերթեր փակելուց զատ լրագրողի հանդեպ ուներ ընդգծված արհամարհանք։ Եթե նախկին իշխանությունները լրագրողների, լրատվամիջոցների հանդեպ հաշվեհարդար էին տեսնում բիրտ միջոցներ գործադրելովՙ լրագրողներ ծեծել, խմբագրություններ հրկիզել, ի վերջոՙ ապօրինաբար թերթ կամ հեռուստածրագիր փակել, ապա ներկաներն առաջնորդվում են «օրենքի գործադրմամբ»։

Լրատվամիջոցների հանդեպ իշխանությունների ոչ բարյացակամ վերաբերմունքից տուժում ենք մենքՙ սովորական լրագրողներս։ Պայմանականորեն այսօրվա լրագրողներն ակամա հայտնվել են բարիկադի հակադիր կողմերումՙ ստանալով «իշխանամետի» եւ «ընդդիմադիրի» պիտակները։ Իշխանություն-ընդդիմություն պայքարը ոլորապտույտի մեջ է քաշել հայաստանյան լրատվական ողջ դաշտըՙ զրկելով պրոֆեսիոնալ առումով առաջնային պահանջիցՙ անկախ մտածելու հնարավորությունից։ Լրատվամիջոցներն, անշուշտ, ազատ են, այնքան ազատ, որ դա վերածվում է անպատասխանատվության։

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մայիսի 3-ըՙ մամուլի ազատության միջազգային օրը, նշում են բողոքի միջոցառումներովՙ հանրահավաք, երթ, «Մամուլի թշնամի» տիտղոսի հանձնում։ Այս ամենի մեջ ավելի շատ են ցուցարարությունը, մամուլի պաշտպանի նմանակումը, քան բուն խնդիրըՙ լրագրողների պաշտպանությունը, խոսքի ազատությունը։ Քանի դեռ Հայաստանում չկա լրագրողական համերաշխություն, սեփական իրավունքները միասնաբար պաշտպանելու պատրաստակամություն, ցանկացած նման միջոցառում դիտվելու է զուտ քաղաքական, անգամՙ կուսակցական նախաձեռնություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4