Նախընտրական խարխափումներ նախագահական ընտրություններից առաջ
Գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունը դնելու մասին առայժմ հստակ հայտարարել են միայն ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը։ Ուրիշ քաղաքական գործիչներ առայժմ նման հավակնություններ չեն ներկայացրել, թեեւ շատ միամիտ պիտի լինել ենթադրելու համար, թե մեզանում հավակնորդների պակաս կզգացվի։ Անցյալ հինգշաբթի խորհրդարանական ճեպազրույցները հիմնականում այս թեմային էին նվիրված։ Կոմկուսի խմբակցությունը ներկայացնող Ֆրունզե Խառատյանն այստեղ, առաջին անգամը լինելով, ընդգծեց, թե իրենք «ընտրություններին կմասնակցեն սեփական թեկնածուով»։ Անձի անուն չտրվեց, եւ տվյալ դեպքում դա կարեւոր չէ։ Եթե նկատի ունենանք, որ «Սոցիալիստական Հայաստան» միավորման անունից ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ավելի վաղ ակնարկել էր, թե իրենք էլ «միասնական թեկնածու ունեն», ապա կարող ենք արձանագրել, որ ձախ ուժերի միասնական ճակատով հանդես գալն անհավանական է դառնում։ Մանավանդ, մեզանում ավանդաբար «ձախ» համարվող ՀՅԴ-ն լռում է, Աղվան Վարդանյանի շուրթերով հավաստելով, թե «առայժմ այդ հարցը չեն քննարկել»։ Իրականում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դաշնակցությունը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, ուստի եւ Աղվան Վարդանյանի խուսավարումը շատ նման է Քոչարյանի աչքում ավելի ծանրակշիռ երեւալու եւ առաջիկա նախագահական ընտրություններում իրեն պաշտպանելու դիմաց նրանից ավելի մեծ զիջումներ կորզելու ձգտման։ Մյուս «ձախերից» հնչակյաններն արդեն իսկ հայտարարել են ներկա նախագահին սատարելու իրենց վճռի մասին (երկրորդըՙ ռամկավարներից հետո, որոնք, ինչ խոսք, ընդգծված «աջ» են)։ Երկրի քաղաքական դաշտի «ձախ» թեւը ներկայացնող մի շարք այլ հին ու նոր կազմակերպություններ այնքան դերակատարություն, հատկապեսՙ ընդգծված առաջնորդներ չունեն, ուստի եւ նախագահական մարաթոնին կարող են մասնակցել այս կամ այն նախընտրական դաշինքի կազմում, իսկ եթե, այնուամենայնիվ, հրապարակ իջնեն սեփական թեկնածուով, ապա սոսկ այն դիտավորությամբ, որ ընտրարշավի ընձեռած հնարավորությունն օգտագործեն... ժողովրդին իրենց գոյությունը հիշեցնելու կամ նույնիսկ «իմաց տալու» նպատակով։
Պակաս անորոշ չէ նաեւ «աջ» դաշտը։ Բացի ռամկավարներից, որոնց մասին վերը նշեցի, մեր քաղաքական դաշտի այս թեւի ներկայացուցիչներն առայժմ լռում են կամ ՀՅԴ-ի օրինակով «ծանրացնում» իրենց «տեղը»։ Այդպես են վարվում, մասնավորապես, «Օրինաց երկիրը», «Արժանապատիվ ապագան», «Ազգային միաբանությունը», ԱԺՄ-ն եւ նրանից վերջերս պոկված առնվազն 5 «բեկորները», ՀՀՇ-ն։ Ըստ գաղափարական ուղղվածության սրանք «աջ» են, բայց ակնհայտ է, որ միասնական ճակատ կազմելու համար չափազանց խոր տարաձայնություններ ունեն իրար հետ։ Գոնե ինձ անհավանական է թվում, թե սրանցից որեւէ մեկը դաշինքային հարաբերություններ հաստատի ՀՀՇ-ի հետ, իսկ մյուսների առաջնորդները, օրինակ Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը, ի վիճակի լինեն հաղթահարել սեփական հավակնություններն ու սատարել մեկը մյուսին։ «Աջերից» մնում են նաեւ Հանրապետականը, «Հանրապետությունը», ԱԻՄ-ը, վերջապեսՙ ՀԺԿ-ն։
Դժվար է հավատալ, թե ներկայիս անհաշտ ընդդիմադիրներըՙ «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն, կհրաժարվեն Ռոբերտ Քոչարյանին անձամբ ձեռնոց նետելու գայթակղությունից։ Ինչ-ինչ պարագաներում (աննշան հավանականությամբ) այս երկուսը կարող են նույնիսկ միանալ։ Այդպիսի մի խիստ կասկածելի հավանականություն մնում է նաեւ ՀՀԿ-ի եւ «Հանրապետության» դաշինքի համար (եթե առաջինի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը մինչեւ նախագահական ընտրությունները զրկվի վարչապետի պաշտոնից եւ «օրինաչափորեն» սահուն անցում կատարի դեպի ընդդիմության «ճամբարը»)։ ԱԻՄ-ը, ի դեմս Պարույր Հայրիկյանի, բոլոր այս «խաղերից» դուրս կմնաՙ սեփական «խաղը վարելու» դիտավորությամբ (կարող է սատարել Քոչարյանին, կարող է նաեւ դնել իր թեկնածությունըՙ նախագահական ընտրությունների հնարավոր 2-րդ փուլում նույն Քոչարյանին սատարելու հեռագնա դիտավորությամբ)։ Եթե հաշվի առնենք, որ իր սեփական «խաղը» կվարի նաեւ ՀՀՇ-ն, ամենայն հավանականությամբՙ ոչ բացահայտ սատարելով որեւէ ընդդիմադիր թեկնածուի (բացահայտ սատարման դեպքում այդ թեկնածուն ավելի շատ կվարկաբեկվի, քան կշահի), թեեւ լիովին բացառված չի կարելի համարել նաեւ սեփական թեկնածուով հանդես գալը, ապա կարող ենք արձանագրել, որ նախագահական ընտրություններում մենք կունենանք առնվազն 7¬8, միգուցե նաեւ ավելի թեկնածուներ։ Այդ հավանական թեկնածուների «ցանկն» արդեն այժմ կարելի է կռահելՙ ոչ շատ մեծ չափով սխալվելու վտանգին ենթարկվելով։ Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանին ձեռնոց նետողների մեջ կարող են լինել Արամ Սարգսյան-Ալբերտ Բազեյան-Ստեփան Դեմիրճյան եռյակից մեկը կամ երկուսը, ՀԴԿ-ի Արամ Սարգսյանը (մանավանդ եթե «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հենց նրան ընտրի իբրեւ իր միասնական թեկնածու, ինչը շատ հավանական է թվում), Վազգեն Մանուկյանըՙ ավելի շատ իբրեւ անհատ, քան իբրեւ խիստ թուլացած քաղաքական ուժի լիդեր, Արշակ Սադոյանը, որն արդեն հայտարարել է այդ մասին, Արտաշես Գեղամյանը, Վլադիմիր Դարբինյանը (կամ որեւէ ավելի երիտասարդ կոմունիստ)։ Ինչ-ինչ զարգացումների դեպքում այս ցուցակում կարող են հայտնվել նաեւ ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀՇ-ի, ՀՅԴ-ի, ԱԻՄ-ի ներկայացուցիչները, չի բացառվում նաեւ կին թեկնածուի երեւան գալըՙ ի դեմս Լյուդմիլա Հարությունյանի։
Իհարկե, այս ամենը դեռ ենթադրությունների ոլորտից է, իսկ դա ամեն դեպքում անշնորհակալ գործ է։ Այս ցուցակը, անշուշտ, կփոխվի, մանավանդ մինչեւ նախագահական ընտրությունները դեռ բավական մեծ ժամանակ կա։ Սակայն ամեն պարագայումՙ հայաստանյան ընտրողին հարկ կլինի ընտրություն կատարել վաղուց հայտնի գործիչների միջեւ։ Նոր դեմք առայժմ չի հայտնվել եւ հազիվ թե հայտնվի։ Այս հանգամանքը, ավա՜ղ, միակ անտարակուսելի եզրակացությունն էՙ խիստ տարակուսելի ենթադրությունների մեջ։
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ