Թեպետ մշակութային առումով վերջին հարյուրամյակների ընթացքում Շուշին հասել էր զարգացման որոշակի մակարդակի, անգամ Կովկասի մասշտաբով, սակայն քաղաքական նշանակությամբ եղել է օտար զավթիչների նկրտումների հենակետ։
Արցախի հինավուրց մայրաքաղաքի կենսագրության ամենաողբերգական փուլը, թերեւս, սկսվել է 1920 թվականի մարտի 23-ից, երբ մեծամասնություն կազմող հայ ազգաբնակչությունը բռնահանվել է քաղաքից, իսկ Շուշիի հայկական թաղամասըՙ ենթարկվել կողոպուտի ու ավերի։ Ավելի քան 70 տարի գտնվելով ադրբեջանցիների ձեռքում, Շուշին վարչական, մշակութային ու առեւտրա-արհեստագործական կենտրոնից վերածվել էր ազգայնական որջի, որտեղ ծնրադրել էր թուրք-մահմեդական գաղափարախոսությունը։
Շուշին իր հայեցի դիմագիծը կորցրեց հատկապես արցախյան շարժման սկզբնատարումՙ 1988-ին, երբ ազերական խաժամուժի զանգվածային անկարգությունները ստիպեցին շուշեցի հայերին ապաստարան փնտրել Ստեփանակերտում եւ մերձակա հայկական գյուղերում։ Վերջին հայի արտաքսումից հետո Շուշին դարձավ յուրօրինակ պլացդարմ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ ծրագրերի իրականացման համար։ Կարճ ժամանակաընթացքում այստեղ վերաբնակեցվեցին ոչ միայն հազարավոր ադրբեջանցիներ, այլեւ բնավորվեցին զինված հրոսակախմբեր, որոնք պարբերաբար ավազակային հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի վրա։
1991-ի սեպտեմբերին Շուշիից Ստեփանակերտի վրա արձակված «Ալազան» տիպի առաջին հրթիռները չարագուշակորեն գուժեցին ազերիների բուն նպատակըՙ հրի մատնել Ստեփանակերտըՙ նույնպես արժանացնելով Շուշիի երբեմնի ճակատագրին։
Նորանկախ ԼՂՀ մայրաքաղաքի գլխավերեւում նստած վիշապը լուրջ սպառնալիք էր Արցախի պետականությանն ու նրա հետագա գոյությանը։
Երբ Ստեփանակերտից դուրս բերվեց այդտեղ տեղակայված խորհրդային բանակի մոտոհրաձգային գունդը, հրթիռա-հրետակոծությունները դարձան ավելի ինտենսիվ, իսկ հայկական գյուղերը դարձան ելուզակային ոտնձգությունների մշտական թիրախ։
Վիճակն առավել վատթար էր Ստեփանակերտում։ Էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի ու դեղորայքի պակասը, ինչպես նաեւ նկուղային պայմանները, որտեղ ապաստանել էր խաղաղ բնակչությունըՙ պաշտպանվելու համար ռումբերից ու հրթիռներից, զոհվելու հավանականությունից բացի, նաեւ համաճարակի բռնկման վտանգ էին ստեղծել։ Կրակե օղակի մեջ առնված Արցախն այլ ելք չուներ, քան պրկել ուժերը եւ ճեղքել պաշարման օղակը։ Կենսական անհրաժեշտություն էր դարձել թշնամական կրակակետերի ոչնչացումը։
1992-ի ձմռանը Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ եղան Ջամիլլուի, Մալիբեկլուի եւ Խոջալուի կրակակետերի ոչնչացմանը, որի բարեհաջող իրականացումն ավելի բարձրացրեց հայ ազատամարտիկների մարտական ոգին։ Հերթը Ջանհասանի ու Շուշիի կրակակետերինն էր, որոնց վնասազերծումը ռազմական տեսակետից գործնականում դժվար էր։ Գրոհի պլանը կազմվեց խելացի ու ճշգրիտ։ Հաշվի առնվեց նաեւ մարտական գործողություններին մասնակցող հայ ազատամարտիկների արիությունը։
Շուշիի ազատագրման գործողությունն սկսվեց մայիսի 7-ին, որն իրականացվեց 4 ուղղությամբ։ Առաջին երկու ուղղություններովՙ կենտրոնական ու արեւելյան, հայ ինքնապաշտպանական զորախմբերը պիտի թափանցեին անմիջապես Շուշի, իսկ Ջանհասանի ու Լիսագորի ուղղությամբ հարձակումը նպատակ ուներ գրավել ռազմավարական բարձունքներըՙ հակառակորդին մոլորեցնելու եւ հնարավորության դեպքում նրան շրջափակման մեջ առնելու համար։
Հայկական ջոկատների կապակցված գործողությունները հաջողությամբ պսակվեցին։ Մայիսի 9-ի առավոտյան մարտերն ընթանում էին Շուշիում։ Հակառակորդի դիմադրությունը տարերային էր, եւ արդեն օրվա վերջին Արցախի հինավուրց մայրաքաղաքը ազատագրված էր։
Լեգենդար Կոմանդոսի (Արկադի Տեր-Թադեւոսյան) ղեկավարությամբ կազմակերպված Շուշիի փայլուն ռազմագործողության նշանակությունը, կարծում ենք, հետագայում ավելի խորազնին ուսումնասիրման ու գնահատանքի կարժանանա, բայց այսօր կարող ենք իրավամբ փաստել, որ ոչ միայն բեկումնային նշանակություն ունեցավ ազատագրական հաղթարշավի համար, այլեւ հենց Շուշիում ձեւավորվեց միասնական բանակի ստեղծման գաղափարը։ Բանակ, որ կազմավորվեց հայրենասիրաբար տոգորված ֆիդայական կամավոր ջոկատներից եւ կարողացավ արտակարգ պայմաններում միավորել հայ ամրակուռ ոգու բոլոր լիցքերը։ Պաշտպանական բանակ, որ դարձավ այսօրվա, թեկուզ փխրուն, խաղաղության հիմնական երաշխավորը։ ԼՂՀ կայացման 10-ամյա ժամանակաընթացքում ձեռք բերված մեր բոլոր նվաճումներն անհնար է պատկերացնել առանց պաշտպանական բանակի։ Ամեն մի արցախցու կենսագրության մեջ բանակը կա ու կլինի, քանզի ազգի կենսագրության շարունակությունը հենված է հենց ժողովրդի հերոսական անցյալի վրա։
Մայիս ամիսը հայոց բազմադարյա պատմության ընթացքում խորհրդանշել է առավելապես հաղթանակներ։ Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծումը դրա իրական արտահայտությունն են։ Փառավորվենք, ուրեմն, Մայիսի 9-ի խորհրդով,, ու ազգովին շարունակենք մեր երթը դեպի նոր, ավելի մեծ հաղթանակներ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ