«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2002-05-08 | #85, 2002-05-09 | #86, 2002-05-11


ԵՌԱՏՈՆ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆՍ Է

Մայիսյան Եռատոնի անցկացման համար ԼՂՀ կառավարությունը մշակել էր եռօրյա միջոցառումների ծրագիր, որն ընդգրկում էր ինչպես պաշտոնական հանդիսություններ, այնպես էլ մարզական-մշակութային միջոցառումներ։

Տոնական միջոցառումներն սկսվեցին մայիսի 7-ին։ Այդ օրը Շուշիի Ամենափրկիչ Ս. Ղազանչեցոց եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ։ Ծիսական արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օ. Եսայանը, վարչապետ Ա. Դանիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, խորհրդարանի ու կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։

Տասը տարի առաջ, նույն տեղում, Հայ առաքելական եկեղեցու արացախյան թեմի առաջնորդ Պագեւ Մարտիրոսյանի հայրապետական օրհնանքը զորավիգ եղավ հայ զորականներին, եւ Աստծո օրհնությամբ ազատագրվեց ոչ միայն գերեվարված Շուշին, այլեւ Արցախ աշխարհը։ Տասը տարի հետո էլ, Շուշիի ամենափրկիչ Ս. Ղազանչեցոց եկեղեցու կամարների տակ սրբազան հոր բարեմաղթանքի խոսքը դարձյալ հայոց բանակի զորության օրհնություն ուներ։

Շուշիի ազատագրման 10-ամյակի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ 1992-ին ոչ ոք չէր կարող ենթադրել, թե, գոնե այս ծավալներով, կարող ենք հաջողության հասնել։ Այն սակայն տեղի ունեցավ եւ առաջին հերթինՙ մեր զինվորի միջոցով։ Պաշտպանության նախարարը մատնանշեց այն ժամանակ առկա մարտական ամուր ոգին, ավելացնելով, որ ներկայումս հայոց բանակի զինվորն ավելի լավ է պատրաստված։

Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացվեց արցախցի նկարիչների ցուցահանդես, որը դարձյալ նվիրված էր մայիսյան տոներին։

Մայիսի 8-ի միջոցառումներն սկսվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի վարչական նորակառույց շենքի օրհնությամբ ու օծմամբ։ Արարողությանը ներկա էին ինչպես ԼՂՀ ղեկավարությունը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան սպաներ, որոնց մեծ մասը 10 տարի առաջ մասնակցել էր Շուշիի ազատագրմանը։

Շնորհավորկան ելույթներից հետո, ծառայությունում աչքի ընկած մի խումբ զինծառայողների հանձնվեցին պատվոգրեր ու թանկարժեք նվերներ, շնորհվեցին հերթական զինվորական կոչումներ։

Իսկ օրվա գլխավոր տոնական միջոցառումը կայազորային սպայի նորաբաց տանը տեղի ունեցած հանդիսավոր նիստն էրՙ նվիրված հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 57-րդ տարեդարձին ու Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման 10-ամյակներին։

Այստեղ էին հավաքվել բոլոր նրանք, ում անձնուրաց պայքարով մասամբ ձեռք բերվեց 1945-ի մայիսյան հաղթանակը, ում բազկի ուժով կտրվեց Շուշիում նստած հրեշի գլուխը եւ ում անմիջական մասնակցությամբ կայացավ արցախյան փառապանծ բանակը։ Հանդիսավոր նիստին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Եռատոնի պատմական նշանակության ու արցախյան բանակի անցած ուղու մասին զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ս. Օհանյանը։

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը։ Այն, որ Ադրբեջանն այսօր չի փորձում հակամարտությունը կրկին ռազմական հունի մեջ դնել, փաստում է ղարաբաղյան բանակի զորությունը։ Եվ եթե նորից լինի պատերազմ, ապա դարձյալ կհաղթենք ու կկռենք նոր Շուշի, իր ելույթում մասնավորապես ասաց նախարարը։

Նիստում երեք գործիչներիՙ ԼՂՀ ԱԱՊՎ պետ Բ. Սահակայանին, ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վ. Հյուսնունցին եւ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Վ. Բալայանին հանձնվեցին գեներալական ուսադիրներ։ Բարձրագույն այդ կոչմանը նրանք արժանացել էին ԼՂՀ նախագահի մայիսի 2-ի հրամանագրով։ Շքանշաններ, մեդալներ ու արժեքավոր նվերներ հանձնվեցին նաեւ մեծ թվով անձանց, որոնք աչքի էին ընկել հայրենիքին ունեցած իրենց ծառայությամբ։ Պարգեւատրվածներին դրանք անձամբ հանձնեց ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը։

Մի խումբ զինծառայողների պատվոգրեր ու նվերներ հանձնեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը։

Նիստի վերջում ընդարձակ ելույթով հանդես եկավ ԼՂՀ նախագահը։ Իսկ նիստից հետո ներկաների համար կազմակերպվեց տոնական համերգ։

Մայիսի 9-ը թեպետ բացվեց մառախլապատ ու անձրեւոտ եղանակով, սակայն տոնական միջոցառումները չընդհատվեցին։ Առավոտյան ժամը 11-ին պսակադրություններ տեղի ունեցան Աշոտ Ղուլյանի (Բեկոր), Հովհաննես Բաղրամյանի հուշարձաններին եւ Ստեփանակերտի Հուշահամալիրում։ ԼՂՀ ղեկավարության եւ ՀՀ-ից ժամանած հյուրերի կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաեւ Շուշի քաղաքն ազատագրած առաջին տանկի պատվանդանին, իսկ Շուշիումՙ Նելսոն Ստեփանյանի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանների պատվանդաններին։

Հետկեսօրին կայացան մարզական ծրագրված միջոցառումները, որոնք անձրեւի պատճառով անցկացվեցին մարզադահլիճներում։ Իսկ տոնական համերգը տեղի ունեցավ Վերածննդի հրապարակում, որին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ Երեւանից ժամանած երաժշտական կատարողներ։

Տոնական միջոցառումներն ավարտվեցին երեկոյան հրավառությամբ։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4