«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2002-05-08 | #85, 2002-05-09 | #86, 2002-05-11


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 2000 ԿՄ ՇԱՌԱՎՂՈՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

«Զվարթնոցում» հայտարարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ հարավամերիկյան երեք երկրներ (Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա) կատարած այցից հետո Երեւան վերադարձավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բնականաբար, նրան ուղղված առաջին հարցն առնչվում էր այցի գնահատականին եւ ակնկալիքներին.

¬ Բավական ծանրաբեռնված, նաեւ հետաքրքիր այց էր։ Երեք երկրներում էլ ստորագրվեցին մեր տնտեսական հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված փաստաթղթեր։ Իհարկե, Արգենտինայի ծանր տնտեսական վիճակն այն տպավորությունը թողեց, որ այդ երկիրը շատ ավելի կենտրոնացած է իր խնդիրների վրա, բայց քաղաքական հարաբերությունների առումով հետաքրքիր եւ բովանդակալից քննարկումներ եղան։ Կառանձնացնեի Բրազիլիայի մեր տնտեսական համաժողովը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների քանակի առումով։ Համաժողովի ավարտից հետո մարդիկ մնացել էին եւ ծանոթանում էին նյութերին։ Հուսով ենք, որ դեսպանատան բացման հարցն այստեղ կփորձենք լուծել, ինչը հնարավորություն կտա ակտիվ աշխատել։ Հարուստ երկիր է, փող կա, եւ ցանկություն կա ներդրումներ կատարել երկրից դուրս։

¬ Հանդիպել եք նաեւ Էռնեքյանի հետ։ Ի՞նչ առաջընթաց կա «Զվարթնոցի» պայմանագրի հետ կապված, եւ ինչպե՞ս կվերաբերվեիք այն հայտարարություններին, թե այդ պայմանագիրը ոչ միայն շահութաբեր չէ Հայաստանի համար, այլեւ ստորացուցիչ է։

¬ Չգիտեի, որ կա նման հայտարարություն։ Կարծում եմ, որ նման հայտարարություն անողներն ուղղակի չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Երեւի չեն հասկանում, թե ինչ են լավ օդանավակայանը եւ ավիաընկերությունը Հայաստանի համար այս տարածաշրջանում։ Բոլորս բողոքում ենք, որ արտահանման խնդիրներից մեկն էլ կոմունիկացիաների հարցն է Հայաստանում։ Մենք մեր հարեւանների հետ որոշ խնդիրներ ունենք։ Վրաստանում կայունության առումով կցանկանայինք, այսպես ասած, շատ ավելի լավ իրավիճակ։ Իսկ այս ամենն ազդում է բեռնափոխադրումների վրա։ Պետք է ունենալ տարածաշրջանում ամենալավ օդանավակայանը։ Իսկ դա այդպիսին է լինելու։ Որոշ ճանապարհներ տեղափոխել այդ օդանավակայանն օգտագործելու համար, տնտեսական ազատ գոտի ձեւավորել այստեղ։ Սա առնվազն մի քանի հազար աշխատատեղ է ստեղծելու եւ ինչ-որ տեղ լրացնելու է այն դժվարությունները, որ ունենք արտահանման գործումՙ գոնե այն ապրանքատեսակների գծով, որոնք օդային բեռնափոխադրումների դեպքում շահավետ են լինելու։ Այնպես պետք է անենք, որ 2000 կմ շառավղով մեր օդանավակայանը լինի լավագույնը կամ լավագույններից մեկը։ Ուղղակի մարդիկ չեն հասկանում։ Կամ ավելի վատ է, որ հասկանում են, բայց ասում են այն, ինչ միայն իրենց անձնական շահերից է բխում։

Էռնեքյանը պատրաստ է շատ մեծ ներդրումներ անել, եւ ինքը տվյալ դեպքում գործում է ոչ միայն որպես շատ խոշոր գործարար, այլեւ որպես հայ։

¬ Պայմանագրի ընդդիմախոսները պնդում էին, թե այդ պայմանագրի գործելու դեպքում օդանավակայանը կդառնա Էռնեքյանի սեփականությունը։

¬ Պայմանագիրը ենթադրում է, որ օդանավակայանը պայմանագրի ավարտից հետո ամբողջությամբ, կատարած ներդրումներով հանդերձ անցնում է Հայաստանի Հանրապետությանը։ Լրիվ այլ տեսք է այս ամենն ունենալու, իսկ պայմանագրում հստակ արձանագրված է, որ այդ ամենն անցնելու է մեզ։ Կցանկանայի, որ իմանայիքՙ այսպիսի թռիչքուղի ունենալով, մենք չենք կարողանալու տուրիզմ զարգացնել, չենք կարողանալու լուրջ բեռնափոխադրումների կենտրոն դառնալ։ Բեռնահամալիրն այսօր օգտագործվում է իր հզորությունների 15¬16 տոկոսի չափով։ Այդ վարկի գումարներն այսօր տալիս ենք բյուջեից։ Էռնեքյանն այդ պարտքի սպասարկումը վերցնելու է իր վրա եւ պետք է համալիրն այնպես ծանրաբեռնի, որ կարողանա շահույթ ունենալ եւ վճարել այդ գումարները Եվրաբանկին։ Կարծում եմ, մարդիկ կան, որ սա հասկանում են, բայց ուղղակի մի սկզբունք ունենՙ ինչքան վատ, այնքան լավ։ Մտածում են, որ սա նախագահ Քոչարյանին ինչ-որ առավելություններ կտա։ Ես ցանկանում եմ, որ նրանք հանգստանան, քանի որ ներդրումների ծավալը մեծ է, եւ դրանց շատ լավ արդյունքը մենք զգալու ենք մյուս տարվանից։ Ընտրությունների վրա սա ազդեցություն չի ունենալու, բայց Հայաստանի տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն կունենա։

¬ Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությունը, ըստ որի արգելքներ են կիրառվելու նաեւ հայկական ձեռնարկությունների համար, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ են փոխանցել Իրանին։

¬ Ես պետք է դեռ նյութերին ծանոթանամ, հետո որեւէ կարծիք արտահայտեմ։ Գիտեք, որ ԱՄՆ-ն այդ պրակտիկան իրականացնում է, ունեն որոշումներ արգելքներ կիրառելու որոշ տեխնոլոգիաների վրա, տարբեր երկրներում նման երեւույթներ եղել են։ Պետք է երեւի ապացուցենք, որ այդպես չէ, կամ եթե այդպես է, պետք է հասկանանք, թե ինչու այդպես կատարվեց։

¬ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մամուլի օրը որոշ լրատվամիջոցներ Ձեզ անվանեցին մամուլի թշնամի։

¬ Հումորով եմ դրան նայում։ Չեմ կարծում, որ մամուլի հետ ինձանից ավելի հաճախ շփվող նախագահներ կան։ Համենայն դեպս, շատ քիչ կան։ Ամենից վատն այն է, երբ լրագրողները սկսում են քաղաքական գործընթացների մաս դառնալ եւ իրենց դեմքն են կորցնում։ Այդ լրագրողներն ինձ համար որպես այդպիսիք գոյություն չունեն, այլ ուղղակի ընդդիմադիր ուժերի մի մասն են կազմում։

¬ Իրանի նախագահի այցը, անկախ ամերիկյան դիրքորոշումից, կխթանի՞ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը։

¬ Այցի ժամկետները դեռ ճշտված չեն։ Այցն, իհարկե, խթանելու է փոխադարձ կապերի զարգացումը։ Մենք շահագրգռված ենք ունենալ զարգացած հարաբերություններ Իրանի հետ, եւ դա երբեք չենք թաքցրել։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու ենք, հատկապես տնտեսական բնագավառում շատ ավելի խորացված հարաբերություններ են լինելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4