«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2002-05-08 | #85, 2002-05-09 | #86, 2002-05-11


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ»

Իրանին արգելված տեխնոլոգիաներ փոխանցելու ենթադրություններով

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Իրանին արգելված տեխնոլոգիաներ փոխանցելու ենթադրություններով Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ, հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը։ Անշուշտ, սա առաջին դեպքը չէ, երբ Մ. Նահանգները Իրանին արգելված տեխնոլոգիաներ վաճառելու ենթադրությամբ պատժամիջոցներ է կիրառում, սակայն առաջին անգամ է Հայաստանի ընկերություն հիշատակվում «սեւ ցուցակում»։

2001 թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը պատժամիջոց կիրառեց չինական պետական մի ընկերության նկատմամբ, որը Պակիստանինՙ Հնդկաստանի թշնամուն եւ նրա հետ միջուկային սպառազինության մրցավազքի մեջ գտնվողին, փոխանցել էր հրթիռային տեխնոլոգիաներ։ «Ֆրանսպրես» գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա հունվարին Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել չինական եւս երկու կազմակերպությունների եւ մեկ անհատ գործակալի նկատմամբ, որոնք Թեհրանին փոխանցել են քիմիական եւ կենսաբանական զենքերի արտադրության մեջ օգտագործվող նյութեր։ Մեր կողմից հիշեցնենք, որ նույնպիսի ամբաստանությամբ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց ռուսական միանգամից յոթ ընկերությունների նկատմամբ։

Թե հայաստանյան ինչ ընկերություն կամ ընկերություններ են մեղադրվում, մեզ հայտնի չէ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացանք, որ ընկերության անունը մոտ ժամանակներս կհրապարակվի Կոնգրեսում այդ հարցի կապակցությամբ անցկացվելիք քննարկումներից հետո։ Ի՞նչ են ենթադրում այդ պատժամիջոցները։ Երկու տարիների ընթացքում ամբաստանվող կազմակերպություններին արգելվում է ԱՄՆ կառավարությունից ստանալ օգնություններ, ԱՄՆ-ի հետ կնքել պայմանագրեր, ԱՄՆ-ից գնել պաշտպանական ոլորտի ցանկացած տեխնոլոգիա։

Պետքարտուղարության խոսնակ Բաուչերը նշել է, որ կիրառվելիք պատժամիջոցները յուրահատուկ են եւ չեն տարածվում Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի իշխանությունների վրա, ընդսմին շեշտելով, թե զանգվածային զենքերի չտարածման առումով ԱՄՆ կառավարությունը գնահատում է Հայաստանի եւ Մոլդովայի ջանքերը։

Այդուհանդերձ, թվում է, ԱՄՆ վարչակազմիՙ Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ կա նաեւ քաղաքական ենթատեքստ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը բացակայում է հանրապետությունից։ Սակայն, համաձայնեք, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա մակարդակը բոլորովին էլ չի ոգեւորում Վաշինգտոնին, ինչն արտահայտվել էր Ջոն Օրդուեյիՙ «Ազգին» տված վերջին հարցազրույցում։ «Մենք դեմ չենք Հայաստանի եւ Իրանի սովորական տնտեսական կապերին։ Այդուհանդերձ, մենք խիստ մտահոգված ենք, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը, ձեռք բերում զանգվածային բնաջնջման զենքեր։ Քանի որ Հայաստանն Իրանի մերձավորագույն հարեւաններից է, պարզապես ակնկալում եմ, որ սրանք Հայաստանի համար նույնպես մտահոգիչ հարցեր են», ասել էր դեսպանը։ Ավելին, ինչպես հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը, Ջոն Օրդուեյը Հայաստանին խորհուրդ է տվել Իրանի հետ հարաբերություններում զգույշ լինել։

Այնքան էլ կարեւոր չէՙ Իրանն աջակցո՞ւմ է ահաբեկչությանը, արտադրո՞ւմ է զանգվածային բնաջնջման զենքեր, թե՞ ոչ։ Կարեւորն այն է, որ ԱՄՆ-ը այդպես է կարծումՙ Թեհրանին տեղավորելով իր իսկ գծած «չարիքի առանցքում», ինչը չափազանց անհարմար դրության մեջ է դնում Հայաստանին։ Իրանը մեր մերձավորագույն գործընկերներից է, միակ հուսալի հարեւանը, եւ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4