«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2002-05-08 | #85, 2002-05-09 | #86, 2002-05-11


ՀՌԱԿ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳԻՐՆԵՐՈՎ

Մայիսի 9-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ նորագիր ռամկավարների երդմնառության եւ կուսակցական տոմսերի հանձնման արարողություն։ 20 նորագիրներով համալրվեցին Երեւան քաղաքի «Մասիս», «Կենտրոն», «Զարթոնք», «Նոր Նորք», «Մալաթիա», «Էրեբունի» ակումբները։

Նորագիրների հետ հանդիպմանը ներկա էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Հարություն Առաքելյանը, Գագիկ Վարդանյանը, Մեսրոպ Հարությունյանը, Մեխակ Գեւորգյանը։

ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը համառոտ ներկայացրեց կուսակցության պատմությունըՙ որպես արմատականներ ստեղծումից մինչեւ 1921-ին վերակազմավորված ՌԱԿ-ի գործունեությունը ցայսօր։

«ՌԱԿ-ն իր ողջ պատմության ընթացքում զբաղվել է ազգանվեր գործունեությամբՙ որպես հիմնական խնդիր ունենալով Հայ դատի հարցը։ ՀՌԱԿ-ն աջ, ազատ գաղափարախոսության կուսակցություն է, որի գաղափարախոսության հիմքում ընկած են միջին խավի կազմավորման հարցերը։

Կուսակցության նպատակը կայուն, ամուր պետության կայացումն է, որի հիմքը նորմալ տնտեսությունն է։ Վերջինիս նորմալ կենսագործունեության համար ներդրումներ են անհրաժեշտ, որոնք կլինեն միայն պետության մեջ օրինականություն ապահովելու դեպքում», իր խոսքում ասաց Գ. Հովակիմյանը։

Ելույթ ունեցավ նաեւ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Նա նույնպես խոսեց ռամկավարության պատմության ու աշխարհով մեկ տարածվածության մասին։ Ապա անդրադառնալով կուսակցության քաղաքական ծրագրերին եւ դրանց թափանցիկությանըՙ պրն Առաքելյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀՌԱԿ եւ «Ազգ» թերթի համատեղ ծրագիրը, ըստ որի յուրաքանչյուր նորմալ, հիմնավորված բիզնես-ծրագիր կամ առաջարկ կարող է «Ազգ» թերթի ինտերնետային էջի միջոցով տարածվել 70-ից ավելի երկրներում։ Այս տարբերակով կարելի է համախոհներ եւ հնարավոր գործընկերներ գտնելՙ Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով։

Նորագիրները կուսակցության հետ կապված հարցեր չունեին, քանի որ յուրաքանչյուր նորագիր ռամկավար լավագույնս տեղեկացվում է ՀՌԱԿ պատմությանն ու գործունեությանը։

Ներկաներից մեկին հետաքրքրեց, թե որեւէ այլ կուսակցությունից ռամկավար դառնալու ինչ հնարավորություններ կան։ ՀՌԱԿ ատենադպիրը պատասխանեց, որ նման դեպքում պետք է հաշվի առնվեն որոշ հանգամանքներ. տվյալ անձի անդամակցության ժամկետը, տվյալ կուսակցությունից դուրս գալու դրդապատճառները, իր կուսակցությունում ունեցած դերակատարումը եւ այլն։

Նման վերաբերմունքը եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՌԱԿ-ն անդամների թվաքականի մեծացման խնդիր չունի, ինչպես նաեւ համաձայն չէ իր շարքերում անկայուն, անհաստատ եւ կուսակցությանը չնվիրվող մարդիկ ունենալ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4