Երեկ «Ազգային միաբանության» գրասենյակում լրատվամիջոցներին «խրատական» ասուլիսի էր հրավիրել կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Նա դժգոհեց, որ ապրիլի 26-ին տեղի ունեցած իր եւ Ալեքսան Կարապետյանի հանդիպումը Գյումրու ընտրողների հետ աղավաղված է ներկայացվել մամուլում, իսկ ապրիլի 30-ի կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարն ընդհանրապես չի լուսաբանվել։
Կուսակցության հետ կապված «լռությունն ու աղավաղումները» պրն Գեղամյանը բացատրեց նրանով, որ իշխանություններն ամեն ինչ անում ենՙ «ապագա ընտրությունների ժամանակ ժողովրդին միակողմանի տեղեկություն տալու համար»։
Արտաշես Գեղամյանը հրապարակեց կուսակցության դիմումը ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Դիմումի մեջ ասվում է, որ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» փակումից հետո ՀՀ ազգաբնակչությունը զրկվում է օբյեկտիվ տեղեկատվությունից, իսկ ապագա ընտրություններին ընդդիմությունը զրկված կլինի իր խոսքը ժողովրդին հասցնելուց։ Դիմումը ներառում է նաեւ վերը նշված դժգոհությունը։ Այդ կապակցությամբ ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցչություններ կուղարկվեն ե՛ւ Գյումրու հանդիպման, ե՛ւ կուսակցության երիտասարդական միության համագումարի տեսաձայնագրությունները։
Իսկ այս ամենի պատվիրատուն, ըստ դիմումի, ՀՀ նախագահն էր, որը եւ ոչինչ չի անում «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնարար պահանջներն իրագործելու համար։
Դիմումով «Ազգային միաբանությունն» ակնկալում է ԵԱՀԿ երկրների աջակցությունըՙ նշված կոնվենցիայի հիմնադրույթները կյանքի կոչելու գործում։
Պրն Գեղամյանն ընթերցեց նաեւ կուսակցության հայտարարությունըՙ ընդդիմադիր 13 կուսակցությունների համագործակցության հայտարարությանը համերաշխություն արտահայտելու մասին։ Ռ. Քոչարյանի պաշտոնանկության պահանջի նպատակն, ըստ Գեղամյանի, «երկիրը փրկելն է ոչ լեգիտիմ նախագահից ու անօրեն իշխանություններից»։
Այնուհետեւ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, կուսակցության նախագահը նշեց, որ իրենք առայժմ ձեռնպահ կմնան հանրահավաքներից, կշարունակեն աշխատել մարզերում։ Ինչ վերաբերում է իշխանափոխությամբ աճ ապահովելուն, ապա «Ազգային միաբանությունը» հույս ունի այդ կերպ «կտրել թալանը, եռապատկել բյուջեն, ունենալ մրցակցային դաշտ եւ այլն»։
Այս ամենը ներկայացնում ենք համաձայն մեր սկզբունքների եւ պրն Գեղամյանի այն խնդրանքի, ըստ որի պետք է տալ այն, ինչ ասվում է, ապա քննադատել։
«Ասվածը» վերը շարադրվածն է, իսկ քննադատություննՙ այն, որ «հզորներից հզորություն աղերսել» պետք չէ, փրկչի դեր ստանձնելՙ նույնպես։ Ինչ վերաբերում է պետական վիճակագրության եւ Գեղամյանի ներկայացրածի տարբերությանը, ապա, թերեւս, հարց էՙ որտե՞ղ է ճշմարտությունը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ