«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2002-05-08 | #85, 2002-05-09 | #86, 2002-05-11


ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐ-ՊԱՏՎԻՐԱԿԸ

Պատրիկ Դեւեջյանն ըստ օտար աղբյուրների

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ երեքշաբթի Ֆրանսիայի նորընծա վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենի կազմած կառավարության կազմում տեղական ազատությունների նախարար-պատվիրակ է նշանակվել մեր հայրենակից Պատրիկ Դեւեջյանը։ Չորեքշաբթի օրը «Լիբերասիոն» թերթը գրեց. «57-ամյա Պատրիկ Դեւեջյանը հմուտ փաստաբան է եւ շահել է նախագահ Ժակ Շիրակի հետ կապված բոլոր դատական գործերը։ Դեւեջյանն ընթերցասեր է (մոտը մշտապես գիրք է լինում), սկզբում հարել է ծայրահեղ աջերին, եղել է նախկին վարչապետ Էդուար Բալադյուրի եւ ապա նախագահ Ժակ Շիրակի պաշտպանը։ 1970¬76 թթ. աշխատակցել է «Կոնտրպուեն» հանդեսին։ 1969 թ. միանալով 5-րդ հանրապետության ժողովրդավարների միությանը, Դեւեջյանը դարձավ գոլիստական շարժման լիազորված փաստաբանը եւ սահմանեց 1976 թ. Ժակ Շիրակի հիմնած RPR կուսակցության կարգավիճակը։ 1983 թ. ընտրվեց Անտոնիի (Օ դը Սենի նահանգ) քաղաքապետ, 1986 թ.ՙ նահանգային պատգամավոր»։ Ըստ «Լիբերասիոնի», դատարանում եւ այլուր Դեւեջյանի ելույթներն աչքի են ընկնում պերճախոսությամբ եւ հումորով։ Նա երազում էր դառնալ արդարադատության նախարար, բայց նշանակվեց տեղական ազատությունների նախարար-պատվիրակ։

Ասիշիեյթեդ պրես գործակալությունը հավելում է, որ Դեւեջյանի մասին սկսել են խոսել 1993 թվականից, երբ վարչապետ Բալադյուրի մոլի ջատագովներից էր։

1995 թ. նախագահական ընտրություններում Բալադյուրը ձախողում կրեց։ Հաղթեց Ժակ Շիրակը, եւ Դեւեջյանը չընդգրկվեց Ալեն Ժյուպեի կառավարության մեջ։ Ժամանակի ընթացքում Ժակ Շիրակի հետ Դեւեջյանի վեճերը մոռացվեցին, եւ նա 1999 թ. RPR-ի նախագահության համար իր թեկնածությունն առաջադրեց Շիրակի եվրոպամետ գաղափարներով։ 2-րդ փուլում RPR-ի նախագահ ընտրվեց տիկին Միշել Ալիո Մարին (ներկայիս պաշտպանության նախարարը), իսկ Դեւեջյանը դարձավ նրա խոսնակը, ապա քաղաքական խորհրդատուն։

Ֆրանսիայի Ազգային ժողովում Պատրիկ Դեւեջյանն ընդդիմության լավագույն հռետորներից է եւ մշտապես հանդես է գալիս պետական իշխանության ամրապնդման օգտին։ Նա զգալի դեր է խաղացել Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4