«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2002-05-09 | #86, 2002-05-11 | #87, 2002-05-14


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔ ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը մայիսի 9-ի առավոտյան ժամանել է Նյուարքի միջազգային օդանավակայան։ Մ. Նահանգների Արեւելյան թեմից «Ազգին» տեղեկացրին, որ Թորգոմ պատրիարքը Նյու Յորքում կմնա մոտ մեկ ամիս եւ կենթարկվի բժշկական ընդհանուր քննության։

Թորգոմ արք. Մանուկյանը ծնվել է 1919 թ. Բաղդադում, հոգեւորական է ձեռնադրվել 1939 թ., եպիսկոպոսՙ 1962 թ., Երուսաղեմի պատրիարք է ընտրվել 1990 թ.։ Նյուարքի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Նյու Յորքի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, Անանիա արք. Արապաճյանը, Վազգեն ծ. վրդ. Գարայանը, Բագգեն ծ. վրդ. Անուշյանը եւ «Երուսաղեմի բարեկամներ» ընկերակցության անդամներ Գեղամ Չոլագյանը եւ Գրիգոր Մանվելյանը։

Իր մեկամսյա կեցության ընթացքում պատրիարքը կմասնակցի համայնքային մի շարք ձեռնարկումների, հանդիպումներ կունենա Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանի եւ Կանադայի հայոց առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի, թեմի հոգեւորականների, թեմական խորհրդի անդամների եւ այլոց հետ։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4