«Հայաստան-սփյուռք» երկրորդ խորհրդաժողովը տեղի կունենա մայիսի 27¬28-ը։ Օրակարգում քննարկվելիք կարեւորագույն հարցերն են.
1. Քաղաքական հարաբերություններ եւ քարոզչական գործունեություն
2. Տեղեկատվություն եւ մամուլ
3. Հայաստան-սփյուռք կազմակերպչական, կառուցվածքային զարգացում
4. Գործարարություն եւ տնտեսություն
5. Գիտություն, կրթություն եւ մշակույթ։
Խորհրդաժողովի մասնակիցները մայիսի 25¬26-ը կգրանցվեն Երեւանի «Արմենիա» հյուրանոցում։ Կարեն Դեմիրճյանի ավան մարզամշակութային կենտրոնում մայիսի 27-ին, ժ. 9¬11։30 կկայանա խորհրդաժողովի բացումը։ Ելույթ կունենան Հայաստանի կառավարության եւ սփյուռքի պատվիրակության ներկայացուցիչները, կներկայացվեն խորհրդաժողովում քննարկվելիք հարցերը։
Ժամը 11։45¬12։15-ը խորհրդաժողովի մասնակիցները ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին։
12։30¬14։30-ին ընդմիջում, որից հետո կսկսվեն թեմատիկ սեմինարները։
«Քաղաքական հարաբերություններ եւ քարոզչական գործունեություն» թեմայով սեմինարում կլսվեն ազգային առաջնահերթությունները եւ մարտահրավերները Հայաստանի ու սփյուռքի տեսանկյուններից։ Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխհարաբերությունների, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի հետ վարվող քաղաքականության հարցեր։ Կքննարկվեն նաեւ հայկական լոբբիի գործունեության շրջանակների ընդլայնման եւ միջազգային կառույցներում Հայաստանի ամբողջականացման եւ դերի բարձրացման հարցեր։
«Տեղեկատվություն եւ մամուլ» սեմինարում մեծ տեղ կհատկացվի Հայաստանում ինտերնետի մատչելիության եւ շահույթի օգտագործման, տեղեկատվական ընդհանուր դաշտի ստեղծման, Հայաստանում սփյուռքի կյանքի լուսաբանման եւ այլ հարցերին։
«Հայաստան-սփյուռք կազմակերպչական, կառուցվածքային զարգացում» սեմինարը կնվիրվի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխություններում ազգային առաջնահերթությունների պարզաբանմանն ու հստակեցմանը, Հայաստանի եւ սփյուռքի միջեւ ծագած տարաձայնությունների եւ խնդիրների լուծմանը։
«Գործարարություն եւ տնտեսություն» թեմայով սեմինարը կանդրադառնա Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը, ներկա խնդիրներին, տնտեսական դաշտի ընդլայնմանը, նոր աշխատատեղերի բացմանն ու նոր ծրագրերի իրագործմանը։
«Գիտություն, կրթություն եւ մշակույթ» թեմայով սեմինարում կկարեւորվեն ազգային կրթության, հայագիտական ծրագրերի, ուսումնական պլանների իրականացման, ազգային արժեքների պահպանման, ընդհանուր գիտամշակութային ռազմավարության, փոխադարձ կապերի ընդլայնման, մասնագետների փոխանակման եւ այլ խնդիրներ։
Խորհրդաժողովի եզրափակիչ սեմինարը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 3։15¬6։00, որի ընթացքում կհնչեն ամփոփիչ ելույթներ, կընդունվեն որոշումներ, հայտարարություններ։
Ռ. Պ.