«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ՄԵԿ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Օսկանյան-Ջեմ, Օսկանյան-Ջեմ-Գուլիեւ հանդիպումներ Ռեյկյավիկում

Մայիսի 14¬15-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, նախատեսված էին Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Մոսկվայում պատասխանելով «Ազգի» թղթակցի հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի Ռեյկյավիկում Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ կայանալիք հանդիպումից, նշել է, որ սպասելիքներն առանձնապես մեծ չեն, սակայն, առանց սպասելիքների հանդիպումն էլ անիմաստ կլիներ։ Ադրբեջանի արտգործնախարար Վելայաթ Գուլիեւը մայիսի 10-ին Բաքվում հայտարարեց, թե Ռեյկյավիկում կայանալիք հանդիպումից որոշակի արդյունքների հույսեր չկան, հավելելով, որ հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն զգացվում է։ Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, թվում է, առավել շահագրգռված է եռակողմ հանդիպում անցկացնելու։ Ամեն դեպքում, նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ Ջեմը երկու անգամ պատրաստակամություն է արտահայտել, ինչը ցույց է տալիս ոչ այնքան եռակողմ հանդիպումից սպասվող ակնկալիքները, որքան նման ֆորմատով հանդիպում անցկացնելու Թուրքիայի շահագրգռվածությունը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը կուսական ցնցումների մեջ է ընկնում, երբ խոսք է բացվում հայ-թուրքական հաշտեցման, երկխոսության, սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Ըստ էության, Ռեյկյավիկում Օսկանյան-Ջեմ-Գուլիեւ հանդիպմամբ Թուրքիան ցեղակից Ադրբեջանին հավաստիացնում է, թե նրա դեմ դավեր չեն նյութվում, հայ-թուրքական գործընթացը նրա թիկունքում չի ընթանում։ Օսկանյան-Ջեմ-Գուլիեւ հանդիպմանն իր մասնակցությունը Բաքուն հաստատել է մեկ շաբաթ առաջ, սակայն պաշտոնական Երեւանին չի իրազեկել մինչեւ երեկ, որպեսզի ցույց տա իր դժգոհությունը Թուրքիային։ Մի խոսքովՙ Բաքուն փորձում է հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն կապել Ադրբեջանի ցանկությունների եւ հավակնությունների հետ, իսկ Անկարանՙ չվշտացնել Ադրբեջանին։

Ամենաանընդունելին եւ միջազգային պրակտիկային անհարիրը Թուրքիայի դիրքորոշումն է։ Մի կողմից Անկարան, հավանաբար տեղի տալով իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի մեղմ, չափից դուրս մեղմ ճնշումներին, պատրաստակամություն է հայտնում Հայաստանի հետ սկսել երկխոսություն, մյուս կողմիցՙ հայ-թուրքական սահմանի շրջափակման վերացումը, Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունն ուղղակիորեն պայմանավորում նախապայմաններով, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, ավելի ստույգՙ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելը։ Այսօր Անկարայի իշխանությունները հայ-թուրքական փակուղին պայմանավորում են պաշտոնական Երեւանի կարծր դիրքորոշումով, այս հարցում թուրքերին են միանում ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Սակայն այստեղ էլ կա հակասություն. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը Թուրքիան (նաեւՙ Ադրբեջանը) ընդունեց ցավագին, տարբեր առիթներով հայտարարելով, թե պետք էր Հայաստանի առաջին նախագահի հետ լեզու գտնել։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի օրոք, նույնիսկ 1991¬92 թթ., երբ հայերը չէին ազատագրել Շուշին, իրենց վերահսկողությունը չէին հաստատել վարչականորեն Ադրբեջանին պատկանող շրջանների վրա, Անկարան Երեւանի հետ հարաբերություններ չէր հաստատում։

Օսկանյան-Ջեմ, Օսկանյան-Ջեմ-Գուլիեւ հանդիպումների ընթացքում առանցքային կլինեն երեք հարցեր. տարածաշրջանային խնդիրներ, Ղարաբաղի հարց, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում։

Ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «Թրքիշ դեյլի նյուս» պաշտոնաթերթը մայիսի 13-ի համարում։ «Ֆրանսիայի դրած պատմական արգելքը մեկ տարով հետաձգեց թուրք-հայկական հաշտեցումը» վերնագրով հոդվածը կարող է եւ լինել խիստ կողմնակալ, սակայն, քանի որ Հայաստանի դիվանագիտական շրջանակները մեզ տեղեկություններ չեն տալիս Երեւան-Անկարա հարաբերությունների ներկա գործընթացի մասին, ստիպված ենք հղումներ անել թուրքական կամ ադրբեջանական մամուլին։ Եթե հավատանք «Թրքիշ դեյլի նյուսին», ապա բարձր մակարդակով հայ-թուրքական երկխոսություն պետք է սկսվեր մեկ տարի առաջ, սակայն Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեկ տարով հետաձգեց։ «2001 թ. փետրվարի սկզբներին Ժնեւում նախապատրաստված էին երկու երկրների (Հայաստանի եւ Թուրքիայի) փոխարտգործնախարարների մակարդակով գաղտնի բանակցություններ։ Սակայն Ֆրանսիայի Սենատիՙ Ցեղասպանության բանաձեւին հավանություն տալը ձախողեց ջանքերը», գրում է թերթը։

«Ազգ»¬ը տեղեկացրել էր, որ Օսկանյան-Ջեմ ռեյկյավիկյան հանդիպմանը նախորդել են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպումները։ «Թրքիշ դեյլի նյուսը» գրում է, որ Օսկանյան-Ջեմ հանդիպումը նախապատրաստելու համար Հայաստանի ԱԳՆ Միջին Արեւելքի բաժնի վարիչ Կարեն Միրզոյանը (նախկինումՙ ՀՀ -ում ԼՂՀ ներկայացուցիչ- Թ. Հ.) ժամանել է Անկարա եւ հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ից Էրթան Թեզգորին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4