Մեր կյանքը, դժբախտաբար, հարստացել է բազում դատավարություններով։ Եվ, ցավոք, հարկի-անհարկի դրանք զբաղեցնում են մեր ուշադրության զգալի մասը։ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով դատավարությունն արդեն կարելի է համարել ավարտված։ Թերեւս մնացել է միայն հիմնական «ակորդը»ՙ դատավճիռը, որը կլինի մոտ օրերս։
Իսկ երեկվա դատական նիստն սկսվեց եւ ավարտվեց ամբաստանյալ Մ. Սաղաթելյանի վերջին խոսքով։ Իհարկե, ամբաստանյալն, ինչպես միշտ, խոսում էր այնպես, որ նախադասությունների մեծ մասն ավարտուն չէր ստացվում։
Սկսելով նրանից, թե իր դեմ հարուցված այս գործն արդյունք է «Հոկտեմբերի 27»¬ի կազմակերպիչների մասին իր հայտարարության, ամբաստանյալը միտքը շարունակեցՙ դիմելով պետական մեղադրողին։
«Հարգելի պետական մեղադրողը ճառ արտասանեց, բայց մարդկության եւ իրավաբանության օրենքների մեջ դա չեմ ընդունում որպես ճառ», ասաց Մ. Սաղաթելյանըՙ անհասկանալի թողնելով իր խոսքերի իմաստը։ Ապա իր պարտքը համարելով պետական մեղադրողին ստրուկ ու ստրկամիտ անվանելըՙ ամբաստանյալը շարունակեց շարադրել իր մտքերը. «Ես երկար տարիներ աշխատել եմ համապատասխան մարմիններում եւ քաջ գիտակցում եմ, որ սա պատվեր էր եւ այդ կարգի ստրուկը չէր կարող չկատարել պատվերը»։
Այդուհետեւ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետը փորձեց համեմատություն անել. «Ստալինյան ժամանակներն ավելի լավն էին, որովհետեւ մարդուն բերում, ճնշում էին, սպառնում, թե թղթի վրա գրիր։ Իսկ իմ դեպքում իրենք են գրել, թե դիպլոմս կեղծ է, Միսակ Մկրտչյանին ծեծել եմ, Զորոյանին ծեծել եմ, թեկուզ չի ապացուցվում»։
Դիմելով դատարանինՙ Մ. Սաղաթելյանը շարունակեց. «Հարգելի դատավոր, ես ոչ մի ակնկալիք չունեմ դատարանի վճռից։ Ես քաջ գիտակցաբար գնում եմ այս ամենին, քանի որ ես գիտեմ, որ նպատակ ունեմ»։ Հետո էլ խոսեց այն մասին, որ իր գործի հետ կապ ունեին շատերը, որոնք, սակայն, չհարցաքննվեցինՙ «ինչ է, թե պաշտոններ են զբաղեցնում այս պահին, կարողանում են սապոնվել իշխանություններին»։
Ամբաստանյալը պատրաստակամություն հայտնեց, որ շարունակելու է իր գործը, քանի որ երկար է աշխատել եւ ինֆորմացված է։ Նա նշեց նաեւ, որ կարող է իր կյանքի գնով ապացուցել ասածները, բայց ծնողներին ցավ չպատճառելու համար դա չի անի։
Սաղաթելյանն իր խոսքն ավարտեց այսպես. «Սա է իմ վերջին խոսքը, փորձեք դատապարտել, ես չեմ վախենում»։
Ինչեւէ, վերջին խոսքն էլ ավարտվեց եւ մնաց միայն դատարանի վճիռը։ Եթե վերջինս նմանվելու է դատավոր Վազգեն Լալայանի դատավարության ողջ ընթացքում դրսեւորած վարքագծին, ապա դատավճիռը նույնպես կարող է հավակնել տխուր ածականների։
Ա. Հ.