«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2002-05-11 | #87, 2002-05-14 | #88, 2002-05-15


ԼԱՎ, ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՏԽՄԱՐ ԼԻՆԵԼ

«Հայկական ժամանակ» օրաթերթում պարբերաբար հրապարակումներով երեւացող Ավետիս Հարությունյանը (ասում ենՙ Վանո Սիրադեղյանն է կեղծանունով, բայց դրանով տխմար լինելու հանգամանքը չի արդարացվում) մայիսի 14-ի համարում գրում է. «Արդեն մեկ տարի առաջ հայկական զորքերը դուրս են եկել Ֆիզուլու եւ Հորադիզի գրավյալ տարածքներից։ Արդեն մեկ տարի այդ տարածքները ոչ միայն ականազերծվել են, ոչ միայն վերակառուցվում են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի հսկողությամբ, այլեւ այդ տարածքում բացվել է սակրավորների ուսումնարանՙ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ»։ Գրող Վանո Սիրադեղյանն այս խոսքերն ընթերցելով կարձագանքեր. «Էշություն է»։

Սովորաբար բանավեճի մեջ են մտնում, երբ դիմացինդ փաստեր է ներկայացնում եւ ոչ հիվանդ երեւակայության մտավարժանքներ։ Եվ ուրեմն, նախ չկա «Ֆիզուլու եւ Հորադիզի գրավյալ տարածքներ» ձեւակերպումը։ Հորադիզը Ֆիզուլու շրջանի մի գյուղաքաղաք է։ Վարչականորեն Ֆիզուլու տարածքը 1.386 քառ. կմ է, որից 347 քառ. կմ-ը, այսինքնՙ Ֆիզուլու շրջանի 25 տոկոսը գտնվում է ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ։ Մնացած 75 տոկոս տարածքում ադրբեջանցիները միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ականազերծել են։

Ավելին, Ֆիզուլու շրջան են վերադարձել ավելի քան 50 հազար ադրբեջանցիներ։ Այս գործընթացն սկսել է ոչ մեկ տարի, ոչ չորս տարի առաջ, այլ 1994 թ. զինադադարից հետո։ Եվ այս ամենը վերագրել նրան, թե «հայկական զորքերը դուրս են եկել Ֆիզուլու եւ Հորադիզի գրավյալ տարածքներից», մեղմ ասած, տգիտություն է։ Հայերն ինչպե՞ս կարող են դուրս գալ այն հատվածից, որը 1994 թ. հաստատված զինադադարի գծով եղել է Բաքվի վերահսկողության տակ։

Ավետիս Հարությունյանը հոդվածի տակ գրում էՙ «շարունակելի»։ Հեղինակին հետագա անգրագիտություններ արտահայտելու «գայթակղությունից» զերծ պահելու նպատակով նշենք, որ 1994 թվականից հետո ադրբեջանցիներն ականազերծում են Աղդամի շրջանը։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե հայկական ուժերը դուրս են եկել Աղդամից։ Վարչականորեն Ադրբեջանին պատկանող Աղդամի շրջանի տարածքը 1.094 քառ. կմ է, որից 383 քառ. կմ-ը, այսինքնՙ ամբողջի 35 տոկոսն է եղել եւ գտնվում ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ։ 1994 թ.-ից հետո Աղդամ են վերադարձել ավելի քան 50 հազար ադրբեջանցիներ։ Ավելի պարզ ասեմ, այս եւ մյուս 50 հազար բնակիչների տները հայերը չեն գրավել երբեք, պարզապես պատերազմի տարիներին ադրբեջանցիները նախընտրեցին ավելի ապահով վայրեր Ադրբեջանի կենտրոնական շրջաններում, Բաքվում։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4