ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանի գրասենյակը մայիսի 13-ին «Ազգ» թերթի խմբագրությանը հեռապատճենով ուղարկել է հետեւյալ հերքումը. «Սույն թվականի մայիսի 9-ի «Ազգում» տպված «Երբ Լեւոն Տեր¬Պետրոսյանը վերադարձավ հայրենիք, Շուշիում արդեն ծածանվում էր հայոց ազատամարտի դրոշը» հոդվածում Լեւոն Տեր¬Պետրոսյանին վերագրված պնդումները որեւէ կապ չունեն իրականության հետ»։ Կից նամակում գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանն «Ազգ» թերթի խմբագրությանը բարեհոգաբար հիշեցրել է. «Համաձայն օրենքի պահանջի խնդրում եմ կից ուղարկվող հերքումը հրապարակել ձեր թերթում»։ Ինչը եւ անում ենք։
«Ազգի» մայիսի 9-ի համարում տպագրված Զորի Բալայանիՙ «Շուշին ավելին է, քան հաղթանակը» ընդարձակ հրապարակման մեջ այսպիսի հատված կա. «Թերթերը գրեցին, թե պաշտոնական Թեհրանը խիստ վրդովված է, որ հայերը Շուշին գրավեցին այն օրերին, երբ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր¬Պետրոսյանը գտնվում էր Իրանում։ Պաշտոնական Ստեփանակերտը ստիպված էր պաշտոնապես պատասխանել պաշտոնական Իրանին, որ խոսքն այստեղ վերաբերում է բացառապես ժամկետների զուգադիպությանը, քանի որ օպերացիայի օրը երկու անգամ հարկադիր փոխվել է վատ եղանակի պատճառով։ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանն ասաց, թե դեռ մինչ օպերացիան, երբ պետությունների բազմաթիվ ղեկավարներ, դիմելով Հայաստանի նախագահին, անհանգստություն էին հայտնում Շուշիի կրակակետի վերացման առիթով, Տեր¬Պետրոսյանը նկատեց. «Շուշին չի կարելի գրավել», որին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Արտահայտությունը ճիշտ է կառուցված, բայց կարիք է զգում մի փոքր ճշգրտման։ Շուշին չի կարելի չգրավել»։
ՀՀ առաջին նախագահի գրասենյակը հարկ չի համարել Լեւոն Տեր¬Պետրոսյանին վերագրված այս պնդումները եւս որակել «իրականության հետ կապ չունեցող»։ Սա իմիջայլոց։ Այժմՙ ըստ էության։
«Երբ Լեւոն Տեր¬Պետրոսյանը վերադարձավ հայրենիք, Շուշիում արդեն ծածանվում էր հայոց ազատամարտի դրոշը» հրապարակման մեջ Հայաստանի առաջին նախագահի անունը շոշափվել է 13 անգամ, հետեւաբար եւ մեզ մնում է միայն ենթադրել, թե Տեր¬Պետրոսյանին վերագրված մեր պնդումներից հատկապես որը կամ որոնք «որեւէ կապ չունեն իրականության հետ»։
ՀՀ առաջին նախագահի գրասենյակը դժվար թե կարողանա «իրականության հետ կապ չունեցող» համարել այն, որՙ 1. Լեւոն Տեր¬Պետրոսյանը մայիսի 6-ին մեկնել է Իրան, 2. Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Ռաֆսանջանին, 3. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Թեհրանից վերադարձել են տարբեր տրամադրություններով, 4. երբ Տեր¬Պետրոսյանը վերադարձավ Երեւան, Շուշին ազատագրված էր, 5. Թեհրանում Տեր¬Պետրոսյանին եւ Մամեդովին միաժամանակ ընդունելը զուգադիպություն էր, 6. Տեր¬Պետրոսյանն ու Մամեդովը համաձայնության են եկել ութ կետանոց մի փաստաթղթի շուրջ, 7. ՀՀ առաջին նախագահը Երեւան է վերադարձել մայիսի 8-ի ուշ երեկոյան, 8. Շուշին ազատագրելը վշտացրել է Թեհրանին, 9. Շուշիի ազատագրման հետ կապված Տեր¬Պետրոսյանը խոստովանել է, որ ինքը կապ չունի, 10. Տեր¬Պետրոսյանի Հայաստանից բացակայությունը պատմականորեն արդարացված էր, 11. Թեհրանում ՀՀ նախագահը քննարկում էր պետության համար առանցքային հարցեր, 12. Տեր¬Պետրոսյանը քաղաքականության մեջ չի ընդունում «մաքսիմալիզմը», 13. ՀՀ նախագահը սթափ մտածողություն ունի։
Մենք միայն կարող ենք ենթադրել, որ ՀՀ առաջին նախագահի գրասենյակին վշտացրել է պնդումը, որ Լեւոն Տեր¬Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրմանը եւ տարբեր առիթներով նշել է, որ Շուշին դաշնակցականների ձեռքի գործն է։ Չվիճաբանենք եւ բերենք մի քանի մեջբերումներ։
1992 թ. մայիսի 9-ին Իրանի ռադիոն հաղորդեց. «Ռաֆսանջանին հեռախոսով կապվել է Տեր¬Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվել Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ վերջին նորություններով։ ՀՀ նախագահն այս հեռախոսազրույցում ասել է, որ երկու գիշեր առաջ, երբ երկու երկրների ղեկավարները գտնվում էին Թեհրանում, բախումներ սկսվեցին այն խմբավորումների միջեւ, որոնք չեն ենթարկվում Հայաստանին եւ Ադրբեջանին եւ չեն ցանկանում, որ խաղաղություն հաստատվի շրջանում»։
1992 թ. սեպտեմբերի 3-ի համարում Իրանի նախագահի ներկայացուցիչ Մահմուդ Վայեզին իրանական «Ռեսալաթ» թերթում ասում է, որ երբ ինքը Ռաֆսանջանիի բողոքի նամակը հասցրել է Տեր¬Պետրոսյանին, վերջինս արդարացել է, որ Շուշիի գրավման հետ ինքը կապ չունի, դա դաշնակցականների ձեռքի գործն է։
Մինչ Շուշիի ազատագրումը, 1992 թ. փետրվարի 25-ին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում Տեր¬Պետրոսյանն ասում է. «ԼՂ իշխանությունները չեն ուզում լսել Ադրբեջանի սահմանների ներսում մնալու մասին։ Այս ծայրահեղությունը բացատրվում է ադրբեջանցիների ծայրահեղությամբ, որոնք իրենց հերթին չեն ուզում ոչինչ զիջել։ Իմ կողմից ես պարզապես առաջարկել եմ բազմաթիվ անգամ, վերադառնալ նախկին կարգավիճակինՙ ինքնավար շրջան Ադրբեջանի Հանրապետությունում»։
Եթե Տեր¬Պետրոսյանը, իրոք, տեղյակ էր, որ հայերը պետք է ազատագրեին Շուշին եւ Հայաստանը միջազգային ճնշումներից հեռու պահելու նպատակով էր ասում, որ պաշտոնական Երեւանը տեղյակ չէր Շուշիի դեպքերին, ապա ինչո՞ւ էր մեկնում Թեհրան եւ ստորագրում համատեղ հայտարարության տակ։
Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը անկեղծորեն չէ՞ր ցանկանում ԼՂ հարցում Իրանի միջնորդությունը եւ հետեւողականորեն շարունակում ղարաբաղյան հարցը միջազգայնացնելու իր քաղաքականությունը։
Մենք պատրաստ ենք հերքել հերքման արժանի որեւէ բան, որ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը կներկայացնի մեզ։ Մինչդեռ այս դեպքում հերքելու որեւէ բան չգտանք։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ