«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2002-05-15 | #89, 2002-05-16 | #90, 2002-05-17


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

Փեռլը «քաղցրաբլիթ» է առաջարկում Մոսկվային

Ամերիկացի ազդեցիկ գործիչներից մեկըՙ ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առընթեր պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ռիչարդ Փեռլը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե միջուկային տեխնոլոգիաների բնագավառում Մոսկվա-Թեհրան համագործակցությանը վերջ դնելու լավագույն եղանակը ԽՍՀՄ-ից Ռուսաստանի ժառանգած պարտքերը չեղյալ հայտարարելն է։ Ռուս-ամերիկյան գագաթաժողովում, անկասկած, քննարկվելու է «իրանական հարցը»։ Այնպես որ, դրա նախօրեին Մոսկվային առաջարկվող «քաղցրաբլիթը» հույժ այժմեական է։

Ռիչարդ Փեռլը ղեկավարվում է այն տրամաբանությամբ, թե «չարիքի առանցքի» երկրներ Իրանի, Իրաքի եւ ԿԺԴՀ-ի հետ Ռուսաստանի շարունակվող կապերը ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա սակավաթիվ խնդիրներից են։ Այդ պետությունների հետ խիստ շահավետ պայմանագրերից հրաժարում պահանջելն անհեռատեսություն կլիներ։ Հարկավոր է փոխարենն ինչ-որ բան տալ Ռուսաստանին։ Փեռլն ամերիկացի փաստորեն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ Մոսկվային նյութական խթան է առաջարկում Թեհրանի եւ Բաղդադի հետ այլեւս չգործակցելու դիմաց։

Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, թե միջուկային բնագավառում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը չի սահմանափակվում Բուշեհրի ատոմակայանի շինարարությամբ։ «Իզվեստիա» թերթի տվյալներով, ամերիկացիները մտադիր են մոտ օրերս Մոսկվայում համապատասխան փաստաթղթեր ներկայացնել նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի հանդիպման ժամանակ։

Ի դեպ, Փեռլը Ռուսաստանին ուղղակիորեն չի մեղադրում։ Նրա կարծիքով, Իրանում Ռուսաստանի ակտիվության գլխավոր պատճառը տնտեսական «բացերն» են, առաջին հերթինՙ պաշտպանական արդյունաբերության անբավարար ֆինանսավորումը։ Ըստ Փեռլի, հենց այդ խնդիրը պետք է լուծի ԽՍՀՄ-ից Ռուսաստանի ժառանգած պարտքերի չեղարկումը, որոնք կազմում են շուրջ 42 մլրդ դոլար։

Սակայն ռուս քաղաքագետները, մեղմ ասած, ոգեւորված չեն ամերիկացիների նախաձեռնություններից։ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Շիշկարյովը գտնում է, որ պետք է զգույշ վերաբերվել ամերիկացիների խոստումներին։ Ապացույցը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է, ինչպես նաեւ Սերբիային տրված խոստման դրժումը. այդ երկիրը Հաագայի դատարանին Միլոշեւիչի հանձնման դիմաց խոստացված չնչին օգնությունն այդպես էլ չստացավ։ Բացի դրանից, ռուս-իրանական համագործակցությունից Ռուսաստանի ստացած խոշոր եկամուտներն անհամատեղելի են ԱՄՆ-ի առաջարկած գումարի հետ։ Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի պարտքերից ԱՄՆ-ը վերահսկում է ընդամենը 3 մլրդ դոլար։ Իսկ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Սերգեյ Կարագանովի կարծիքով, միջուկային խաղաղ էներգետիկայի բնագավառում Իրանի եւ այլ երկրների հետ Ռուսաստանի համագործակցությունը «երկարաժամկետ, անչափ ձեռնտու եւ Ռուսաստանի միջուկային համալիրի համար փրկարար նախագիծ է»։ Ներկա վիճակից ամենաճիշտ ելքը նա համարում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների ընդհանուր քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի միջուկային խաղաղ տեխնոլոգիաների օգտագործում ռազմական նպատակներով։ Ճիշտ կլիներ նաեւ լավ վարքագծի համար առանց նախապայմանի չեղյալ հայտարարել Ռուսաստանի պարտքը, ինչպես արվեց Լեհաստանի եւ Պակիստանի դեպքում։

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4