«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2002-05-16 | #90, 2002-05-17 | #91, 2002-05-18


ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

Նախագահը մասնակցեց այս արարողություններին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վրացյան (նախկին Կուզնեցով) փողոցի 71 եւ 71/1 շենքերի շինարարությունն սկսվել է 14 տարի առաջ, սակայն այս ընթացքում շինարարական աշխատանքները դադարել էին։ 2 տարի առաջ, այցելելով այստեղ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ միջոցներ հայթայթել շենքերի շինարարությունն ավարտելու համար։ Երեկ դրանց բնակիչներն արդեն բնակարանամուտ տոնեցին։ Արարողությանը, բացի նախագահից, ներկա էին կառավարության անդամներ, մասնավորապես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եւ ուրիշներ։

Շենքերի շինարարության համար, ինչպես տեղեկացանք այն իրականացնող «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանից, պետական բյուջեից հատկացվել է 550 մլն դրամ։ Այստեղ կբնակվեն նախկինում այստեղ ապրող եւ ժամանակավորապես տեղափոխված 112 ընտանիքներ (յուրաքանչյուր շենքըՙ 56 բնակարան)։

Հաջորդ հանգրվանը, ուր այցելեց Ռոբերտ Քոչարյանը, մայրաքաղաքի արվարձաններից մեկում նոր կառուցվող «Հույսի ավանն» է։ Աշտարակ գնացող ճանապարհահատվածի աջ կողմում ընկած այդ ավանը նախատեսված է 200 անապահով ընտանիքների համար։ Շինարարությունն սկսվել է ապրիլին։ Այս տարի, ըստ շինարարության (որն իրականացնում է «Վահան-Էլիչկա» ՍՊԸ-ն) ղեկավար Մայիս Մկրտչյանի, կկառուցվեն բնակելիներ 20 ընտանիքների համար։

Ընդհանուր ծրագրի արժեքն է 10 մլն դոլար։ Շինարարության ամբողջական ավարտը նախատեսվում է 7 տարի հետո։ Գումարը տրամադրել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, որի համանախագահներն են երեք երկրներիՙ Գերմանիայի, Հոլանդիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչներ։ Գերմանական կողմի համանախագահն է մեր հայրենակից Պարույր Ջամբազյանը։ Տրամադրվող գումարները նվիրատվություն են։

Ի՞նչ է նշանակում անապահով բնակիչ։ Դա որոշվել է նկատի ունենալով մի քանի գործոններ։ Տվյալ դեպքում «Հույսի ավանում» բնակարան են ստանալու երկկողմանի ծնողազուրկ երեխաները, որոնք դուրս են գալու պետության խնամքից, 6 անչափահաս երեխաներ ունեցողները, 3 անչափահաս երեխաներ ունեցողներըՙ եթե ծնողներից մեկը առաջին կարգի հաշմանդամ է եւ այլն։ Արդեն հայտնի են բնակարանների ապագա տերերը, որոնց ընտրել են սոցապնախարարությունը, քաղաքապետարանը եւ հիմնադրամը։

Լինելով շինհրապարակի տարբեր հատվածներում, նախագահը ծանոթացավ ավանի գլխավոր նախագծին, շինարարական աշխատանքների ընթացքին, ապա պատասխանեց լրագրողների սակավաթիվ հարցերին, որոնք «Հույսի ավանի» եւ Վրացյան փողոցի շենքերի շինարարությանը չէին առնչվում։

Նախագահը դժվարացավ որեւէ մանրամասն հաղորդել ԱՄՆ կառավարության տնտեսական արգելքներին արժանացած հայկական ձեռնարկության մասին տեղեկատվության վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների օրերս Պրահայում կայացած հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ նորություն այստեղ չկա, նշելով, որ գործընթացը նոր է սկսվել եւ ժամանակ է պետք դրան գնահատական տալու համար։ «Հավանական է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա երկու նախագահների հանդիպում։ Ժամկետները դեռ ճշտված չեն։ Կա արտահայտված ցանկություն, եւ արտգործնախարարությունները պետք է կոնկրետ հանդիպման օրը եւ վայրը ճշտեն», իր խոսքը եզրափակեց նախագահը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4