«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2002-05-16 | #90, 2002-05-17 | #91, 2002-05-18


ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ԵՎ «ԼԻԶԻՆ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄՆ-Ը ԿԿԻՐԱՌԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

«Լիզինը» մասնագիտացված է քիմիկատների արտադրության մեջ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Լիզին» ձեռնարկությունը երբեք չի եղել Վազգեն Սարգսյանի եղբորՙ Արմեն Սարգսյանի սեփականությունը», «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում։ «Արմեն Սարգսյանը երբեք ոչ մի ընդհանուր բան չի ունեցել «Լիզինի» հետ», շեշտել են կուսակցության գրասենյակում։

Ինչպես հայտնի է, Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրըՙ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության լիդերներից է։ Նախօրեին «Առավոտ» օրաթերթը, չվկայակոչելով կոնկրետ աղբյուրներ, գրել էր, որ Արմեն Սարգսյանը Չարենցավանի «Լիզին» գործարանի սեփականատերն է, գործարանը ձեռք է բերել 1997 թվականին։

«Մեդիամաքս» գործակալությունը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուր, հաղորդում է, որ 1999 թ. «Լիզինը» գնել են երկու գործարարներՙ պարսկահայ Վարուժան Անդրեասյանը եւ ՀՀ քաղաքացի Աշոտ Օհանյանը։ Նրանց համապատասխանաբար պատկանում են ձեռնարկության բաժնետոմսերի 43 եւ 41 տոկոսները։ Մնացած բաժնետոմսերը պատկանում են «Լիզինի» կոլեկտիվին։

Նախքան «Մեդիամաքսի» տեղեկատվությունը ստանալը, «Ազգը» անանուն աղբյուրներից տեղեկացել էր, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը «Լիզինը» վաճառել է 1999թ.։

Մ. Նահանգները մայիսի 16-ին հրապարակել է հայկական, մոլդովական, չինական ընկերությունների անունները, որոնք կասկածվում են Իրանին այնպիսի տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ վաճառելու մեջ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային բնաջնջման զենքեր ստեղծելու նպատակով։ Նախապես հայտարարված 14-ի փոխարեն «սեւ ցուցակի» մեջ ներառվել են 12 ընկերություններՙ երկուսը հայկական, երկուսըՙ մոլդովական, ութըՙ չինական։ Ըստ «Ֆեդերալ տեղեկատուի», երկամյա պատժամիջոցներ կկիրառվեն Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ի եւ Արմեն Սարգսյանի նկատմամբՙ որպես անձի։ Սա նշանակում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում ցանկացած նոր ընկերություն հիմնելու դեպքում Արմեն Սարգսյանը չի կարող ԱՄՆ կառավարությունից օգնություն ստանալ, գնել պաշտպանական պարագաներ։

Չարենցավանի «Լիզին» գործարանին «Ազգը» կանդրադառնա թերթի առաջիկա համարներից մեկում։ Պարզապես նշենք, որ այս գործարանը կառուցվել է 70-ական թթ., ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը համարվել է այս ձեռնարկության «ուղեղը»։ «Լիզինը» մասնագիտացված է քիմիկատների արտադրության մեջ։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, գործարանում տասնամյակներ շարունակ շաքարի ճակնդեղից ստանում են բյուրեղային լիզին կոչվող նյութը, որն օգտագործվում է խոշոր եղջերավոր անասունների աճը խթանելու, ռադիացիայի վնասակար հետեւանքները մեղմելու, քաղցկեղի, այլ հիվանդությունների դեպքում արյան դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4