«Արմեն Սարգսյանը երբեք չի եղել «Լիզին» ԲԲԸ-ի սեփականատեր, ընկերությունը երբեւէ Իրանին չի վաճառել արգելված տեխնոլոգիաներ»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Իրանը միացել է միջուկային զենքերի չտարածման պայմանագրին եւ բոլոր երկրների հետ իր տնտեսական կապերի ու հարաբերությունների ընթացքում միշտ հարգում է այն, եւ այս հարցում բացառություններ չկան։ Մինչ այժմ որեւէ հայ-իրանական համատեղ ձեռնարկություն Իրանում կամ Հայաստանում գործունեություն չի ծավալել բարձր (ռազմական) տեխնոլոգիաների ոլորտում։ Երկու երկրների գործակցությունը հիմնված է միջազգային օրենքների ու պարտավորությունների վրա եւ միտված է խաղաղության ու կայունության ամրապնդմանը», նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանությունըՙ ի պատասխան Արմենպրեսի հարցին, թե ընդունել կամ հերքե՞լ է արդյոք պաշտոնական Թեհրանն ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, թե որոշ հայկական ընկերություններ ռազմական կամ երկակի բնույթի տեխնոլոգիաներ են հանձնել Իրանին։
Չարենցավանի «Լիզին» ԲԲ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիզինի» կողմից Իրանին արգելված տեխնոլոգիաներ փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության կապակցությամբ պարզաբանել է. 1. ընկերությունն Իրանի որեւէ կազմակերպության երբեւէ չի վաճառել արգելված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, 2. պետքարտուղարության հայտարարության մեջ հիշատակված Արմեն Սարգսյանը երբեք չի եղել «Լիզին» ԲԲ-ի սեփականատեր կամ տնօրեն։ «Տարակուսանք եւ ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը հիմնված է ոչ ստույգ տեղեկատվության վրա», ասվում է «Լիզինի» տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Օհանյանի ստորագրած հայտարարության մեջ։
Չինաստանը եւ Մոլդովան անհիմն են համարել ԱՄՆ պնդումները, թե որոշ ընկերություններ արգելված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ են վաճառել Իրանին։ Հայաստանը չի հերքում, ավելինՙ արտգործնախարար Օսկանյանը հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Կոնկրետ այդ ընկերության հետ դեպքը եղել է, արձանագրվել է, ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառում։ Ապրանքը վաճառվել է։ Խոսքը երկակի օգտագործման ապրանքների մասին է։ Միշտ էլ կարելի է վիճել դրա շուրջ։ Կարող է առաջին հայացքից անմեղ թվացող մետաղն իր մեջ ածխի կամ այլ նյութի այնպիսի տոկոսային բովանդակություն ունենա, որը կարող է օգտագործվել միջուկային զենքերի կամ զանգվածային բնաջնջման քիմիական զենքերի ուսումնասիրության, ստեղծման մեջ։ Վստահ եմ, այդ ընկերությունը նման միտում չի ունեցել, որ նպաստի այլ երկրների միջուկային զենքի ուսումնասիրությանը, ուղղակի անմեղորեն դա վաճառել է։ Երեւի թե վաճառքի պահին ասվել է նրանց, որ նման խնդիր կարող է ծագել, պետք չէ վաճառել, բայց նրանք որոշել են վաճառել եւ այսօր հայտնվել են այդ ցուցակում։ «Լիզին» անունը ԱՄՆ պետքարտուղարության սայթից եմ իմացել, ովքեր են դրա հետեւում կանգնածՙ չեմ կարող ասել»։
Վարդան Օսկանյանը նշեց, որ, իր կարծիքով, արգելված ապրանքը վաճառվել է մեկ տարուց էլ առաջ։ «Լիզինի» գործադիր տնօրեն Գեղամ Ղուկասյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ ինքն այդ պաշտոնում է 2001 թ. փետրվարից, եւ այդ ժամանակից ի վեր Իրանին արգելված տեխնոլոգիաներ չի վաճառվել, «իմ բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում»։
«Լիզին» ձեռնարկության անունը Հայաստանում «հռչակ» ձեռք բերեց «շնորհիվ» ԱՄՆ-ի։ Անկեղծ ասած, «Լիզինը», բառի բուն իմաստով, այնքան էլ նման չէ գործարանի։ 1993 թ.-ից չի աշխատում կամ գրեթե չի աշխատում։ Չարենցավանի միութենական նշանակության մյուս գործարանների նման «Լիզինը» մատնված է անուշադրության, սարքավորումները փտել են, մի խոսքովՙ թողնում է տխուր տպավորություն։
Գեղամ Ղուկասյանն ասում է, որ այսօր «Լիզինն» ունի 176 բաժնետեր։ «Մեդիամաքս» գործակալության տարածած հաղորդագրությունը, որ 1999 թ. «Լիզինը» գնել են պարսկահայ եւ ՀՀ քաղաքացի Վարուժան Անդրեասյանն ու Աշոտ Օհանյանը, եւ նրանց համապատասխանաբար պատկանում են ձեռնարկության բաժնետոմսերի 43 եւ 41 տոկոսները, իսկ մնացած 16 տոկոսըՙ ընկերության կոլեկտիվին, համապատասխանում է իրականությանը։ Նախկին վարչապետի եղբայր Արմեն Սարգսյանի կապը «Լիզինի» հետ փաստացի չի հաստատվում։ Այս դեպքում ինչպե՞ս է Արմեն Սարգսյան անունը հայտնվել «սեւ ցուցակում»։ Ակնհայտորեն, Հայաստանում CIA-ն այնքան էլ կոկիկ չի աշխատում, իսկ «Լիզինի» դեպքում ակնառու է փնթիությունը։ Մյուս կողմից, Չարենցավանում մենք հանդիպեցինք «Լիզինում» նախկինում աշխատած մարդկանց, ովքեր ասում էին, թե Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, կապ ունեցել է գործարանի հետ, բայց ոչ Իրանին արգելված տեխնոլոգիաներ վաճառելու իմաստով։ Լիզին կոչված նյութը ստացվում է մելասի վերամշակումից։ Մելասը քաղցր պարունակությամբ նյութ է, որից կարելի է օղի թորել։ Ահա եւ Չարենցավանում շատերն են ասում, որ որոշակի քանակությամբ մելաս տարվել է «Վեդի ալկո»։ Սակայն այս խոսակցությունները կարող են լինել ուղղակի ասեկոսեներ։ Արմեն Սարգսյանն արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել կտրականապես հերքելու իր, ընտանիքի որեւէ անդամի, մոտ ու հեռու բարեկամների կապը «Լիզինի» հետ։
Մեր տպավորությամբ, միգուցե «Լիզինն» Իրանի հետ ինչ-ինչ գործարքներ կարող է եւ կնքած լինել, բայց դա հավանաբար վերաբերում է մինչ 1999 թ. տարիներին։
«Այս դեպքը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա։ ԱՄՆ պետքարտուղարությունը մի շարք առիթներով ասել է, որ դա պատժամիջոց է կոնկրետ ընկերության նկատմամբ։ Այստեղ միակ բացասական կողմը կլինի այն, որ պարզապես Հայաստան անունն այդ ընկերության միջոցով նշվում է, ինչն ընդհանուր հանրային կարծիքի ձեւավորման առումով կարող է բացասական լինել, բայց ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում որեւէ բացասական հետեւանք չեմ ենթադրում», ասաց արտգործնախարար Օսկանյանը։ «Կարծում եմ, հայ-իրանական հարաբերությունների վրա էլ ազդեցություն չի ունենա։ 1991 թ. Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, որեւէ պատճառ չենք տեսնում որեւէ փոփոխություն մտցնելու Իրանի հետ մեր քաղաքականության մեջ։ Եվ այս կոնկրետ դեպքը, ե՛ւ առհասարակ ԱՄՆ որդեգրած քաղաքականությունն Իրանի նկատմամբ որեւէ ազդեցություն չեն ունենա Երեւան-Թեհրան հարաբերություններում», ավելացրեց Օսկանյանը։