«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2002-05-17 | #91, 2002-05-18 | #92, 2002-05-21


ՄԻ ՔԻՉ ՌՈՒՍԵՐԵՆ, ՄԻ ՔԻՉ ՀԱՅԵՐԵՆ, ՄԻ ՔԻՉ ԱՆԳԼԵՐԵՆ

Երեւանի դպրոցներից մեկում վերջերս 3-րդ դասարանցիները տարեվերջյան իրենց հանդես-հաշվետվությունն էին տալիսՙ այս անգամ անգլերենից։ Սովորական հանդես էր. բեմին երեխաներՙ զարդարուն հրճվանքով, ուսուցիչներ, ծնողներՙ սպասելիքներով։ Անգլերենի ուսուցչուհին հուզված էրՙ արդյունքն անսպասելի էր, մեկ-երկու ամսվա մեջ օտար լեզվի այսչափ տիրապետում, երեխաներն արտասանում, երգում են անգլերենով։

Հանդեսի ավարտին դպրոցի տնօրենը շնորհավորեց երեխաներին, ծնողներին եւ խնդրեց, որ դպրոցի անգլերենի ուսուցիչներից մեկն իր գնահատականը տա իբրեւ մասնագետ։ Եվ, ով զարմանք, անգլերենի ուսուցչուհին մոռացավ, որ ինքն էլ, ծնողներն էլ հայեր են եւ սկսեց իր հիացմունքն արտահայտել անգլերենով։ Չնայած, բացառությամբ մեկ-երկուսի, մյուսները չհասկացան, այնուամենայնիվ, ընդգծված ոգեւորությամբ ծափահարեցին։ Նրան հաջորդեց հայոց լեզվի ուսուցչուհու խոսքը, որն ասաց, թե ինքն էլ կարող է եւ կխոսեր անգլերենով, եթե մասնագետներ չլինեին (թերեւս զգուշացավ սխալներից)։ Խոսեց հայերենովՙ հիշեցնելով ժողովրդական հայտնի ասացվածքը լեզուների իմացության մասին, թե ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես (թե ինչպիսինՙ կարեւոր չէ), վերջում էլ իմաստնաբանեց, թե մի քիչ ռուսերեն, մի քիչ հայերեն, մի քիչ էլ անգլերեն իմացեք, բայց ամենակարեւորըՙ առողջ եղեք։ Վերջինն, անշուշտ, կարեւոր է, բայց եւ պարզվեց, որ նույնքան անկարեւոր է հայերենը, նշանակություն չունիՙ Հայաստանում ես ապրում, թե որեւէ այլ տեղ։ Էլ ուր մնաց հայերենի իրավունքների համար պայքարը, նախանձախնդրությունը լեզվի մաքրության հարցերում։ Եվ ես այդ օրը զգացի, թե ինչ «փայլուն» ապագա է խոստանում հայերենի ուսուցումը մեր դպրոցներում։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4