Երեկ համաժողով էր հրավիրվել
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Կայուն զարգացումը Հայաստանում» ազգային համաժողովը, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Դեռեւս 1997 թ. հունիսինՙ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանում աշխարհի պետությունները հաստատեցին իրենց պարտավորությունները Ռիո դե Ժանեյրոյի 1992 թ. գագաթաժողովի որոշումների կատարման ուղղությամբ եւ պարտավորվեցին 2002 թ. Յոհաննեսբուրգում կայանալիք համաշխարհային գագաթաժողովին ներկայացնել կայուն զարգացման ազգային ռազմավարությունները։ Երեկվա համաժողովին ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հայեցակարգի նախագծի հիմունքները։ Դրանք բաղկացած էին հինգ մասիցՙ սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային, ինստիտուցիոնալ։ Առաջ անցնելով նշենք, որ հայեցակարգի հիմունքների մեջ, բացի ընդհանուր եւ դեկլարատիվ հայտարարություններից, որեւէ իրատեսական առաջարկ կամ գեղեցիկ ծրագրերը կյանքի կոչելու մեխանիզմ չկային։
Նշվում էր միայն, որ պետք է ստեղծվի կայուն զարգացման ազգային խորհուրդՙ կազմված հասարակության բոլոր խմբերի ներկայացուցիչներից, որը պետք է մշակի «կայուն զարգացման ազգային ռազմավարություն եւ կոորդինացնի նրա իրացման գործընթացը»։ Փաստորեն, այս մարմնի վրա են դրվելու մեր երկրի «կայուն զարգացման» հույսերը։
Մինչ այդ, երեկվա համաժողովին իր ողջույնի խոսքը հղեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ նիստը նախագահող բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը անթաքույց ուրախությամբ ներկայացնում էր կայուն զարգացմանՙ բնապահպանության ոլորտում նախատեսվող ծրագրերը, որոնց իրականացման համար այդ նպատակով միջազգային կազմակերպությունների հատկացրած 120 մլրդ դոլարից 19 մլն դոլարը տրվելու է Հայաստանին։ Նախարարից տեղեկացանք նաեւ, որ գոյություն ունի որոշման նախագիծՙ համաձայն որի միջազգային ֆինանսական կազմակերպությունները կարող են ներել մեր երկրի արտաքին պարտքի մի մասը, պայմանով, որ այդ գումարն ուղղվի բնապահպանական, սոցիալական եւ այլ ծրագրերին։ Սակայն ընդգծենք, որ դա ընդամենը քննարկման ենթակա փաստաթուղթ է։
Համաժողովի ժամանակ ներկայացվեց նաեւ Ազգային գնահատման զեկույցը, որին հաջորդեցին հարցերն ու զեկույցի քննարկումը։ Իսկ վերջինՙ 3-րդ պլենար նիստի ժամանակ երեկվա գլխավոր հերոս բնապահպանության նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի ստեղծման մասին» հարցը, որը, փաստորեն, այս հերթական թղթաշատ համաժողովի հիմնական նպատակն էր։