«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ԱՇԽԱՐՀԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 220 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՆԿԱԽ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՆ 192-Ը

Ով կդառնա 193-րդըՙ Պաղեստի՞նը, Չեռնոգորիա՞ն,... Լեռնային Ղարաբա՞ղը

2002 թ. մայիսի 20-ին մոլորակի անկախ, ինքնիշխան պետությունների թիվը հասավ 192-ի. 24-ամյա օկուպացիայից հետո Արեւելյան Թիմորը Դիլի մայրաքաղաքով անկախացավ, դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Ո՞վ է դառնալու երջանիկ 193-րդը։

Մայիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ողջունել է Արեւելյան Թիմոր պետության հռչակումը, ինչը, ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, վերացնում է նորանկախ պետությունների ճանաչման նախադեպի վտանգավորությունը։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնում, որ նույնպիսի սթափ մոտեցումՙ բոլոր օբյեկտիվ գործոնների հաշվառմամբ, կդրսեւորվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում։ «Լեռնային Ղարաբաղը, ինչպես եւ Արեւելյան Թիմորը, անցել է գաղութային կեղեքման նույն բարդ ուղին, կարողանալով հսկայական զոհերի ու զրկանքների գնով ինքնուրույն հաղթահարել հումանիտար ճգնաժամերը եւ կառուցել անկախ պետականություն», ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինքնիշխան, ոչ մի երկրի կողմից չճանաչված, միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող ավելի քան երեք տասնյակ պետություններ տեսականորեն հնարավորություններ ունեն դառնալու անկախ եւ ինքնիշխան պետություններ։ Անկախություն հռչակելու եւ համաշխարհային հանրության կողմից ճանաչվելու իրական հնարավորություններ ունեն նախ եւ առաջ Պաղեստինը, Չեռնոգորիան, Ջիբրալթարը, Կոսովոն։

Պաղեստինի խնդիրն առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում դրվեց 1947 թ.։ Այդ ժամանակաշրջանում Պաղեստինը կառավարում էր Մեծ Բրիտանիան։ 1947 թ. նոյեմբերի 29-ին գլխավոր ասամբլեան 33 կողմ, 13 դեմ, 10 ձեռնպահ քվեներով ընդունեց թիվ 181 բանաձեւը, որով Պաղեստինը պետք է բաժանվեր երկու պետություններիՙ արաբական եւ հրեական։ Հաջորդ տարվա մայիսին հռչակվեց Իսրայել պետությունը, ինչին հետեւեց արաբ-իսրայելական առաջին պատերազմը, ապա եւս երեք պատերազմներ, առաջին եւ երկրորդ «ինթիֆադան»։ Իրավական տեսակետից Պաղեստինի անկախության հռչակումն անխոցելի է, թեկուզ այսօր Յասեր Արաֆաթը կարող է հռչակել, ինչը, սակայն հավանական է դառնա նոր արյունահեղությունների պատճառ։ Դեռ 2000 թ. մայիսին, ապա սեպտեմբերին պետք է հռչակվեր Պաղեստինի անկախությունը, սակայն վերը նշված պատճառով Արաֆաթի վարչակազմն անորոշ ժամանակով հետաձգել է։ Արեւմուտքըՙ ի դեմս ԱՄՆ-ի, չի ցանկանում ճանաչել Պաղեստինի անկախությունը, քանի դեռ առկախ են Վաշինգտոնի եւ Թել Ավիվի համար մի շարք ռազմավարական եւ մարտավարական խնդիրներ։

Նախկին Հարավսլավիայի մաս կազմող վեց հանրապետություններից Չեռնոգորիան, որն այսօր Սերբիայի հետ համարվում է միջազգային իրավունքի մեկ սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, դեռ 2001 թ. աշնանը նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորությամբ պատրաստվում էր հանրաքվեի ճանապարհով հռչակել Չեռնոգորիայի անկախությունը Պոդգորիցա մայրաքաղաքով։ Արեւմուտքը կարծես թե պատրաստ էր ճանաչել Չեռնոգորիայի անկախությունը, սակայն Հարավսլավիայի Դաշնության նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի իշխանազրկումից եւ Վոյիսլավ Կոշտունիցայի նախագահ ընտրվելուց հետո փոխվեցին Արեւմուտքի տրամադրությունները։ Տպավորությունն այնպիսին էր, կարծես Արեւմուտքը Միլոշեւիչին պատժելու համար էր պատրաստվում ճանաչել Չեռնոգորիան։

Ուշագրավ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նմանություններ ունեցող, չճանաչված սուբյեկտներից է Կոսովոնՙ նախկին Հարավսլավիայի մաս կազմող վեց պետություններից Սերբիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով, առավելապես մահմեդական ալբանացիներով բնակեցված տարածքը։ 2001 թ. օգոստոսին Հարավսլավիա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը եղավ Կոսովոյում եւ Չեռնոգորիայում։ Այդ առիթով «Ազգին» (1 սեպտեմբեր, 2001 թ.) տված հարցազրույցում Օսկանյանը նշել էր. «Այցն իր հետաքրքրությունն ուներ այն առումով, որ Հարավսլավիայում երկու շատ կարեւոր գործընթացներ են, մեկըՙ Կոսովոյի հետ, մյուսըՙ հենց հարավսլավական ֆեդերացիայի հետ կապված։ Դա օգտակար էր մեզ այնքանով, որ կարողացանք պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ են այնտեղ հնարավոր, որոնք, մեր կարծիքով, անպայման ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենան այլ տարածաշրջաններում ընթացող գործընթացների վրա։ Համենայն դեպս, սա ասելով հանդերձՙ ուզում եմ շեշտել շատ կարեւոր հանգամանք. ՀՀ-ն բոլոր հակամարտությունների միջեւ շատ հստակ տարբերակում է դնում, ինչքան էլ դրանք արտաքուստ կամ իրենց էությամբ լինեն նման կամ տարբեր։ Մեզ համար Ղարաբաղի ենթատեքստը շատ հստակ է, գիտենք, թե ուր ենք գնում։ Կոսովոյի պարագայում բոլորովին այլ ենթատեքստ է...»։

Անկախանալու եւ միջազգայնորեն ճանաչում ստանալու հավակնություններ եւ հնարավորություններ ունի դեռ 18-րդ դարից բրիտանական տիրույթ համարվող, ընդամենը 6,5 քառ. կմ տարածքով եւ Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող Ջիբրալթարը։

Չճանաչված պետությունների շարքում յուրօրինակությամբ առանձնանում է Տիբեթը, որն իր սահմաններով, կառավարությամբ, բանակով, պետականության այլ ատրիբուտներով եղել է ինքնիշխան պետություն։ Չինաստանում Սինհայի հեղափոխության (1911¬1913 թթ.) ժամանակ 13-րդ դալայ-լաման (հոգեւոր առաջնորդը Տիբեթում) խզեց կապերը Պեկինի հետ։ 1949 թ. Տիբեթը լիովին անկախացավ, մեկ տարի անց Չինաստանի կառավարությունն այդ քայլը բնութագրեց անջատողական, զորքեր ուղարկեց Տիբեթ։ 1951 թ. մայիսին 23-ին Պեկինում Չինաստանի եւ Տիբեթի կառավարությունների միջեւ ստորագրվեց «Տիբեթի խաղաղ ազատագրման միջոցառումների համաձայնագիրը», որով Չինաստանի կազմում ձեւավորվեց Տիբեթի ազգային ինքնավարությունը։

Իրավական առումով ուշագրավ է Տայվանի օրինակը։ 1624 թ. կղզին նվաճեցին հոլանդացիները, որոնց 1662 թ.-ին վտարեցին չինացիները։ 1895 թ. Սիմոնոսեկի պայմանագրով Տայվանն անցավ Ճապոնիային, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Ճապոնիան ջախջախվեց, Տայվանն անցավ Չինաստանին։ Չինաստանը Տայվանը համարում է երկրի անբաժանելի մաս եւ որեւէ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պայման է դնում Տայվանը ճանաչել Չինաստանի անբաժանելի մաս, խզել դիվանագիտական եւ քաղաքական, բայց ոչՙ առեւտրային կապերը Տայվանի հետ։

Յուրահատուկ է Կանադայի ֆրանսախոս Քվեբեկի նահանգի պարագան։ Պաշտոնական Օտտավան դեմ չէ Քվեբեկի անկախացմանը, սակայն քվեբեկցիների մեծ մասը չի ցանկանում նահանգի անկախությունը։ 1995 թ. անցկացվեց հանրաքվե. անջատողականները միասնական Կանադայի կողմնակիցներին զիջեցին ձայների մեկ տոկոսով։

Ինքնահռչակ մի շարք պետություններՙ Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հյուսիսային Օսիան, Մերձդնեստրը, բացարձակապես կամ գրեթե չեն ենթարկվում համապատասխանաբար Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, իսկ ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, այլ առումներով գերազանցում են աշխարհի ճանաչված շատ երկրների։

Այս կամ այն ինքնահռչակ պետության ճանաչումը որպես անկախ միավոր, միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է դիտել համաշխարհային գործընթացների, աշխարհի հզոր տերությունների շահերի ենթատեքստում։ Քաղաքագետներից երեւի թե քչերը կմտածեին, որ ավելի քան հինգ տասնամյակ շարունակ Պաղեստինը չի ճանաչվի անկախ, ինքնիշխան պետություն։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4