«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2002-05-18 | #92, 2002-05-21 | #93, 2002-05-22


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Գուգարաց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Դարբինյանը եւ ուրիշներ։

«Մարզպետի եւ քաղաքապետի անմնացորդ աջակցությունն ակնառու է։ Սա թերեւս միակ մարզն է, ուր առավել արդյունավետ համագործակցում են եկեղեցին եւ իշխանությունները, ասաց Սեպուհ սրբազանը։ Մարզային ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով իրականություն են դառնում 1999-ից նախատեսված մեր մի շարք ծրագրեր»։ Գուգարաց թեմի առաջնորդը մեծապես կարեւորեց Վանաձորում առաջնորդանիստ Մայր եկեղեցու կառուցումը։ Սրբազանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Դարբինյանինՙ հրշեջ ծառայության նախկին տարածքում (Աբովյան եւ Մյասնիկյան փողոցների հատման տեղում) թեմին հող հատկացնելու համար, ասելով, որ շուտով, մասնակցությամբ Վեհափառ հայրապետի, սփյուռքահայ բարերարների, տեղի կունենա եկեղեցու հողօրհնեքը։

Կառուցվելիք եկեղեցին ունենալու է 36 մետր բարձրություն, 27,5 մետր երկարություն եւ 21 մետր լայնություն։ Նախագծի հեղինակը երեւանցի ճարտարապետ Ռուբեն Ազատյանն է։ «Իմ տարիների երազանքի եկեղեցին է լինելու սա։ Վանաձորի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներն իրենց տարածքում չեն կարողանում տեղավորել բազմահազար հավատացյալների, եւ այս եկեղեցու կառուցումն օրվա հրամայականն է. այստեղ միայն 600 մարդ կկարողանա նստած պատարագ ունկնդրել եւ աղոթել», ասաց Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը։ Եկեղեցին, ամենայն հավանականությամբ, կկառուցվի մեկուկես տարում։

Սրբազանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց քաղաքապետինՙ Վանաձորի արտադպրոցական կենտրոնի (նախկին պիոներպալատի) շենքը Գուգարաց թեմին անհատույց հանձնելու, ինչպես նաեւ թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի վերականգնմանն աջակցելու եւ 100 երեխայի հանգստին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ «Արտադպրոցական նախկին կենտրոնը կդարձնենք Հայորդաց տուն, որը կծառայի նույն նպատակներին, ինչ որ նախկինում, այն էՙ երեխաների ո՛չ միայն հոգեւոր, այլեւ հայեցի բազմակողմանի դաստիարակությանը», ասաց նա։

Ապա այցելություն կատարվեց թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբար, որտեղ Գուգարաց թեմի Երիտասարդաց միության պարմանիները, ճամբարի պետ Հովհաննես Նիկողոսյանի գլխավորությամբ, մաքրում էին տարածքը։ Սրբազանը, ծանոթացնելով բարեկարգ շենքի պայմաններին, տեղեկացրեց, որ 15 օր տեւողությամբ, երեք հերթափոխովՙ յուրաքանչյուրում շուրջ 100 երեխա, կկազմակերպվի ամառային հանգիստ, երեխաները նաեւ կստանան հոգեւոր գիտելիքներ։ Ճամբարում այժմ 120 մահճակալ կա, շենքը հնարավորություն ունի տեղավորելու շուրջ 200 մահճակալ։ Այստեղ հիմնականում ամառային հանգիստ կանցկացնեն ծնողազուրկ եւ խիստ կարիքավոր ընտանիքների երեխաները։ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը հայտնեց, որ նախատեսում են հանգիստ կազմակերպել նաեւ դպրոցների ձմեռային արձակուրդների օրերին։

Առաջին հերթափոխում, որը կսկսվի հունիսի 15-ից, ճամբարում կհանգստանան Սպիտակի խիստ կարիքավոր ընտանիքների 100-110 երեխաներ։ Իսկ հունիսի 23-ին տեղի կունենա ճամբարի բացման արարողությունը։

Մարզպետ Հենրիկ Քոչինյանն առաջարկեց, որ ճամբարում հանգստանան նաեւ բարձր առաջադիմություն ունեցող երեխաները։ Միջոցները հատկացվելու են թեմի, քաղաքապետարանի եւ «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից։

«Վասպուրական» ԲԲԸ-ի նախագահ Սեյրան Ղամբարյանը խոստացավ ճամբարի համար վարագույրներ հատկացնել եւ այլ հարցերում աջակցել։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Դարբինյանը խոստացավ 2 հեռուստացույց։

Այնուհետեւ խումբն այցելեց կառուցվելիք եկեղեցու տարածք, որտեղ մաքրման աշխատանքներ էին կատարվում։

«Ուրախալի է, որ հոգեւոր կյանքը մեր մարզում զարթոնք է ապրում եւ ներդաշնակվում աշխարհիկ կյանքի հետ, ասաց մարզպետը։ Շնորհիվ Գուգարաց թեմի առաջնորդի ջանքերիՙ հնարավոր է լինում խուսափել խորթ ու օտարամուտ, հային ոչ հարիր բարքերից»։

Վանաձորի Մայր եկեղեցու հողօրհնեքի արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրըՙ մայիսի 24-ին, քաղաքի Աբովյան եւ Մյասնիկյան փողոցների հատման վայրումՙ նախկին հրշեջ կայանի տեղում։ Արարողությունը նախագահելու եւ հողն օրհնելու է Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4