«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2002-05-22 | #94, 2002-05-23 | #95, 2002-05-24


ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Ոստիկանությունն առաջին տեղում է

Միջազգային արժութային հիմնադրամի վարկային հատկացումների ընդհանուր ծավալի 1/4-ն այս տարի բաժին է ընկնելու Թուրքիային։ «Էքսպրես» հանդեսի տվյալներով, 1999 թ.-ից մինչեւ օրս Անկարայի կառավարության ստացած վարկերի գումարը 31 մլրդ դոլար է։ Այդ ռեկորդային ցուցանիշը վկայում է, որ Թուրքիան ՄԱՀ-ի սիրելին է եւ միջազգային օգնության առյուծի բաժինն ստանում է քաղաքական պատճառներով։ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից Թուրքիայի ռազմավարական դերը վաղուց կարեւորում են Սպիտակ տունը եւ Պենտագոնը։

Ընթացիկ տարվա միակ նորույթն այն է, որ փետրվարին ՄԱՀ-ը դոլարային հերթական ներարկման դիմաց Անկարայից պահանջեց բարեփոխումներ իրականացնել Թուրքիան հիմնավորապես ախտահարած կաշառակերությանը վերջ դնելու նպատակով։ Գործարար շրջանակներն այդ երեւույթը տնտեսական երկրորդ խոշոր չարիքն են համարում սղաճից հետո։

Տեղում ՄԱՀ-ի փորձագետների դաշնակիցները եվրոպամետ թուրք ձեռնարկատերերն են, որոնց շահերի արտահայտիչը տնտեսական ու սոցիալական հետազոտությունների «Թեսեւ» ինստիտուտն է։ Վերջինիս նոր հետազոտությունն ամբողջապես նվիրված է կաշառակերությանը։ Աշխատության արդյունքների համաձայն, թուրքական ընտանիքների 18 տոկոսը եւ ձեռնարկատերերի 46 տոկոսը վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ կաշառք են տվել պաշտոնյաներին։ Ընտանիքների կեսից ավելին խոստովանել է, որ պատրաստ է կաշառք տալ, եթե հարկ լինի։

«Թեսեւի» հետազոտությունները նաեւ ցույց են տալիս, որ կաշառակերությունն ամենից շատ ախտահարել է ճանապարհային ոստիկանությանը։ Հաջորդ տեղերում են մաքսային ծառայությունը (որը մշտապես ձեռնարկատերերի դժգոհությունն է հարուցում), հիվանդանոցները, տեղական իշխանությունները, դպրոցների վարչությունը։ Թուրք գործարարների 3/4-ը գտնում է, որ սեփականաշնորհման աճուրդների արդյունքները շատ հաճախ կեղծվում են։ Բացի դրանից, ձեռնարկատերերի 2/3-ը համոզված է, որ քաղաքական կուսակցություններին բաշխվող նվիրատվությունները կարող են ուղղակիորեն ազդել իրենց ձեռնարկության գործունեության վրա։ «Թուրքիայում անհնար է որեւէ պաշտոնյայի դատական պատասխանատվության կանչել առանց նրա վերադասի թույլտվության։ Մեր համակարգը պաշտպանում է ոչ թե անհատին, այլ պետությանը», նշում է «Թեսեւի» տնօրեն Քան Փաքերը, որը նաեւ «Հենկել» քիմիական ընկերության տեղական մասնաճյուղի նախագահն է։

Եվրոպամետ մեկ այլ հաստատությանՙ «Տնտեսական զարգացման հիմնադրամի» նախագահ Մերալ Ջեզգին Էրիսը Թուրքիայում կաշառակերության լայն տարածումը բացատրում է նրանով, որ «պետությունը վերահսկում է տնտեսության եւ ֆինանսների զգալի մասը»։

Թուրք գիտնականները եւ գործարարները համակարծիք են, որ «Թեսեւի» հրապարակած փաստաթուղթը նկարագրում է սառցալեռան լոկ տեսանելի մասը, քանզի, ինչպես նշում է Քան Փաքերը, «կաշառակերության խոշորագույն մասը կապված է քաղաքական կուսակցությունների հետ»։ Թայֆայականությունը, կաշառակերությունը, անօրինական արտոնությունները սովորական երեւույթներ են քաղաքական կյանքում։ Կուսակցական գործիչները պետության փողերն օգտագործում են հենարաններ ապահովելու, իրենց ընտրողներին, մերձավորներին, ընկերներին եւ նվիրյալներին սիրաշահելու համար։ Ստամբուլի համալսարաններից մեկի կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էզեր Կարաքաշը դա համարում է Օսմանյան կայսրության ժամանակներից եկող արմատացած սովորույթ։ «Անցյալում սուլթանը նվիրատվություններ անելիս օգտվում էր պետական գանձարանից։ Մեր ներկայիս ղեկավարները նույնն են անում։ Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվում են ոչ թե հանուն գաղափարների, այլ հանուն պետական փողերի «ծորակի» վերահսկման», պնդում է Կարաքաշը։ Դրամը հատկացվում է կուսապարատին, «լավ» ընտրատարածքներին, «բարեկամ» ձեռնարկություններին, որոնց հետ կնքվում են փոխշահավետ պայմանագրեր։

Նման «օրինականացված» կաշառակերությունը մեկուկես տարի առաջ հանգեցրեց երկրի բանկային համակարգի փլուզմանըՙ սնանկացնելով երկու տասնյակ մասնավոր բանկեր, մինչ պետական հաստատություններն արձանագրեցին ռեկորդային պակասորդներ։ Քաղաքական գործիչների հովանավորյալներին արտոնյալ պայմաններով վարկավորած բանկերը չդիմացան տոկոսադրույքների բարձրացմանը։ 1999 թ. գարնանը նոր կառավարության կազմավորման օրերին քննարկումների գլխավոր թեման պետական բանկերի բաժանումն էր հաղթանակած 3 կուսակցությունների միջեւ։ Սակարկությունների մյուս ավանդական թեման «շռայլ» նախարարությունների բաժանումն է։ Ընդդիմագործությունը չի ներվում։ 2001 թ. հունիսին ՆԳ նախարար Սադեթտին Թանթանը պաշտոնանկ արվեց «կուսակցական դավաճանության» ամբաստանությամբ, քանի որ ժանդարմներին թույլատրել էր քննություն սկսել էներգետիկայի նախարարությունում եղած չարաշահումների եւ կաշառակերության փաստերի առնչությամբ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4