«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2002-05-23 | #95, 2002-05-24 | #96, 2002-05-25


«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

1915¬22 թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության իրագործման հետեւանքով մեր ըմբռնումների մեջ շրջանառու դարձավ սփյուռք հասկացությունը։ Դարերի ընթացքում արտագաղթի պատճառով աշխարհի տարբեր անկյուններում ձեւավորված հայկական համայնքների առկայությամբ հանդերձ, հայերենում չէր կիրառվում այս բառը, եւ միայն 1915 թ.-ի զանգվածային բռնի տեղահանությունից հետո ձեւավորվեց սփյուռքյան իրականությունը։ Աշխարհով մեկ սփռված հայերը իրենց նոր բնակավայրերում կյանքի օբյեկտիվ պարտադրանքով ստեղծեցին հայկական համայնքներՙ կազմակերպելով իրենց ընկերային, տնտեսական, մշակութային կյանքը։ Ճանաչել եւ իմանալ այս բարդ կառույցըՙ սփյուռքը, դյուրին չէ, հասկացությունն ինքնին անպարփակ է։

Սփյուռքում ապրող հայության համար ազգային ինքնության պահպանման առաջնահերթության խնդրի նախապայմանն, անշուշտ, ազգային-մշակութային կյանքի կազմակերպումն է համապատասխան կառույցներում։ Հայտնի է Հայ առաքելական եկեղեցու անգնահատելի դերը ազգապահպանման մեջ հայոց պատմության ողջ ընթացքում եւ, առավելաբարՙ սփյուռքահայ կյանքում։

Սփյուռքում գործող հասարակական-քաղաքական, մշակութային, բարեգործական, հայրենակցական եւ եկեղեցական կառույցների համակարգված ամփոփումը մեկ հրատարակության մեջ միայն կարող էր ընդհանուր պատկերացում տալ հայ սփյուռքի մասին։ Եվ ահա Հայկական հանրագիտարանի խմբագրությունը, որ վերջերս ներկայացնում է ուշագրավ եւ արժեքավոր հրատարակություններ («Բժշկական հանրագիտարան», «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան եւ այլն), մեկ-երկու օր առաջ լույս է ընծայել «Սփյուռքահայ կազմակերպություններ» գիրքը։ Գիրքը կազմել եւ հրատարակության են պատրաստել հանրագիտարանի փոխխմբագիր Արամ Սարգսյանը եւ պատմության խմբագրության վարիչ Ամալյա Պետրոսյանը։

Համասփյուռքյան համարվողՙ Ռամկավար Ազատական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան ազգային քաղաքական կուսակցություններ, Համազգային, Թեքեյան, Նոր սերունդ մշակութային միություններ, Հայ երիտասարդաց ընկերակցություն, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, բարեգործական կազմակերպություններ եւ հիմնադրամներՙ ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՕՖ, Հովարդ Կարագյոզյան հաստատություն, Գալուստ Կյուլբենկյան հիմնարկություն, Ամերիկայի հայկական համագումար, Եվրոպայի հայկական միությունների ֆորում, Հայ դատի հանձնախումբ, Հայ կաթողիկե, Հայաստանյայց առաքելական, Հայաստանյայց ավետարանական եկեղեցիներ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ կազմակերպություններն ու միությունները ներառված են վերոհիշյալ հրատարակության մեջ, ներկայացված են առանձինՙ իրենց ստեղծման պատմությամբ, հիմնադիրներով, նպատակներով, կատարած գործունեությամբ։ Գրքում դրանց հակիրճ ամփոփումը ներկայացված է նաեւ ռուսերեն։

Գործնական կիրառման համար այս անհրաժեշտ հրատարակությունը, հատկապես Հայաստան-սփյուռք համաժողովի նախօրեին, իրոք, ժամանակին է։

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը շուտով լույս կընծայի իր տեսակի մեջ առաջինՙ «Հայ սփյուռք» համապարփակ հանրագիտարանըՙ շուրջ 70 երկրներիՙ հայկական համայնքների մասին մանրամասն տեղեկություններով, քարտեզներով, հարուստ պատկերազարդումներով։

«Սփյուռքահայ կազմակերպություններ» գիրքն ընթերցողը կարող է ձեռք բերել Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունից (Թամանյան-17)։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4