Իրանի դեսպան Քոլեյնիի ասուլիսը
«Իրանն ունի լավ, բարեկամական հարաբերություններ հարեւանների, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Իրանը միշտ ջանքեր է գործադրել հարեւանների միջեւ լարվածությունը թուլացնելու եւ չեզոքացնելու համար», երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի տարիներին Իրանը դրական չեզոքության դիրքերից է հանդես եկել, ի տարբերություն մեր մյուս հարեւան Թուրքիայի, որը դրսեւորել է խիստ ընդգծված ադրբեջանանպաստ դիրքորոշում, Բաքվին օժանդակել ռազմական, տնտեսական ոլորտներում, ինչը, սակայն, Ադրբեջանի համար ցանկալի արդյունք չտվեց։ Դրական չեզոքության հետ մեկտեղ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը արեւելյան դիվանագիտության բաղկացուցիչներից է։ Վերջերս, երբ Թեհրան էր ժամանել Հեյդար Ալիեւը, Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին կրկնեց, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Այդ հայտարարությունը եղել է հակամարտող կողմերի միջեւ անհրաժեշտ ճկունություն ստեղծելու, փոխադարձ ընկալում առաջացնելու համար», ասաց դեսպան Քոլեյնին։
Խորհրդային տարիներին Հայաստանն Իրանի հետ ուներ 45 կմ-անոց սահման, ղարաբաղյան պատերազմի արդյունքում հայ-իրանական սահմանն Արաքս գետի երկայնքով ընդարձակվեց եւս 130 կմ-ով։ «Եթե հայկական կողմը վերադարձնի Զանգելանի եւ Ֆիզուլիի շրջանները, ինչպիսի՞ն կլինի Թեհրանի արձագանքը», «Ազգի» այս հարցին պրն Քոլեյնին տվեց հետեւյալ պատասխանը. «Իրանի դիրքորոշումը պարզ եւ հստակ է։ Մենք կարծում ենք, որ ցանկացած որոշում, որը կնպաստի խաղաղության գործընթացին, կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերմանը, օգտակար կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար, ընդունելի է։ Մենք կարծում ենք, որ կողմերը համաձայնություն ձեռք բերելու համար պետք է անցնեն փոխհամաձայնության միջանցքովՙ այդ ծիրում հաշվի առնելով իրենց ազգային շահերը։ Հակամարտող կողմերը պետք է հաշվի առնեն նաեւ տարածաշրջանի շահերը»։
Թե որոնք են տարածաշրջանի շահերը, պրն Քոլեյնին չմանրամասնեց։ Չմանրամասնեց նաեւ, թե Զանգելանի եւ Ֆիզուլիի շրջանների հնարավոր վերադարձը Ադրբեջանին հակասո՞ւմ է տարածաշրջանի շահերին։
«Այն, ինչ հայտարարել է պրն Վարդան Օսկանյանը, ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այն հայտարարությունները, որ արվում են որոշ երկրների կողմից, ավելի շատ հիշեցնում են սցենարներՙ միտված Իրան-Հայաստան հարաբերությունները հոգեբանական առումով վերահսկելու նպատակին։ Կարծում եմ, որոշ դիվանագետներ հայտարարություններ անելիս պետք է զգույշ լինեն, քանզի որեւէ կառուցողական դիրքորոշում դրանից չի ծնվի։ Ոչ մի օտարերկրյա ուժ իրավունք չունի միջամտելու Իրան-Հայաստան հարաբերություններին», ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանըՙ մեկնաբանելով «Լիզին» գործարանի եւ նախկին վարչապետի եղբոր անունները ԱՄՆ «սեւ ցուցակում» հայտնվելու փաստը։
Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր. «Կոնկրետ «Լիզինի» դեպքը եղել է, արձանագրվել է, ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառում։ Ապրանքը վաճառվել է։ Խոսքը երկակի օգտագործման ապրանքների մասին է։ Միշտ էլ կարելի է վիճել դրա շուրջ։ Կարող է առաջին հայացքից անմեղ թվացող մետաղն իր մեջ ածխի կամ այլ նյութի այնպիսի տոկոսային բովանդակություն ունենա, որն օգտագործվի միջուկային զենքերի կամ զանգվածային բնաջնջման քիմիական զենքերի ուսումնասիրության, ստեղծման մեջ։ Վստահ եմ, այդ ընկերությունը նման միտում չի ունեցել, որ նպաստի այլ երկրների միջուկային զենքի ուսումնասիրությանը, ուղղակի անմեղորեն դա վաճառել է... Ե՛վ այս կոնկրետ դեպքը, ե՛ւ առհասարակ ԱՄՆ որդեգրած քաղաքականությունն Իրանի նկատմամբ որեւէ ազդեցություն չեն ունենա Երեւան-Թեհրան հարաբերություններում»։
Մեկնաբանելով Պուտին-Բուշ հանդիպումը, ստորագրված ռուս-ամերիկյան համաձայնագրերը, դեսպան Քոլեյնին շեշտեց, որ Ռուսաստանը պաշտպանեց իր ազգային շահերը։ Մոսկվայում Բուշը մտահոգություն էր հայտնել պաշտպանական բնագավառում ռուս-իրանական համագործակցության առթիվ, ինչին ի պատասխան Պուտինը նշել էր, որ ռուս-իրանական համագործակցությունը ռազմական բաղադրիչ չունի, իսկ «Բուշեհրում ատոմակայան կառուցելու նախագիծը ոչնչով չի տարբերվում ԿԺԴՀ-ում գիտական ռեակտորի կառուցման վերաբերյալ վերջերս ամերիկյան ընկերությունների ընդունած ծրագրից»։
Իրանի դեսպանը կտրականապես հերքեց համաշխարհային մամուլում տարածվող լուրերըՙ իբր Թեհրանը եւ Վաշինգտոնը գաղտնի բանակցություններ են վարում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ