Ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական տարեկան նիստը, որը տեղի ունեցավ մայիսի 25-ին, ինչպես միշտ, սկսվեց նախորդ տարվա աշխատանքներն ամփոփող տեսաֆիլմի ցուցադրմամբ, որից հետո ելույթ ունեցավ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը։ Նա նշեց, որ 2000 թ. համեմատ, երբ հիմնադրամի մուտքերը 4,5 մլն դոլար էին, անցյալ տարի դրանք ավելացել են ավելի քան 700 հազար դոլարով։ Առավել խոշոր գումարները ստացվել են ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից։ ԱՄՆ-ից գերակշռել են արեւելյան ափի նվիրատվությունները։ Հիմնադրամի տնօրենն առանձնացրեց Հայաստանից մուտքերի ավելացումը։ Դրանք կազմել են մոտ 800 հազար դոլարՙ նախորդ տարվա 135 հազար դոլարի համեմատ։ Որպես հիմնադրամի գլխավոր ծրագիր հիշատակվեց Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը։ 170 կմ այդ ճանապարհի Դաշբուլաղ-Կիչան (20 կմ) եւ Կարմիր շուկա-Դրախտիկ (10 կմ) հատվածների շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ Դաշբուլաղ-Բալուջայի 9,7 կմ հատվածինը կավարտվի տարեվերջին։ Ճանապարհի շինարարությունն ամբողջապես ավարտելու համար անհրաժեշտ է եւս 17 մլն դոլար։ Այնուհետեւ Վահան Տեր-Ղեւոնդյանը ներկայացրեց աղետի գոտում, Հայաստանի այլ բնակավայրերում հիմնադրամի անցյալ տարի իրականացրած, ինչպես նաեւ նպատակային ծրագրերը։
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամի պատվավոր անդամների, բարերար անդամների եւ նվիրատու անդամների ներկայացումը, ինչին արժանացան առավել մեծ նվիրատվություններ կատարած կազմակերպություններն ու անձինք։ Դրանց թվում էին Լինսի հիմնադրամը, Հայաստանյայց առաքելական եկեղեցին, ՀԲԸՄ-ն, «Տիգրան Իմզիրլյան» հիմնադրամը, Ջինիշյան հիմնադրամը, Հրայր Հովնանյանը, Ժան Պողոսյանը, Ալբեր Բոյաջյանը եւ ուրիշներ։ Իսկ հիմնադրամի 10-ամյա գործունեությունն ամփոփեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ընթացքում իրականացվել են 1993¬99 թթ. ձմեռ, աղետի գոտու վերականգնման, Արցախի ջրամատակարարման եւ այլ շինարարությունների, Գորիս-Ստեփանակերտ 64 կմ ճանապարհի շինարարության, բազմաթիվ մշակութային, ուսուցողական, ընդհանուր առմամբ շուրջ 200 մեծ ու փոքր ծրագրեր։ Ավելի քան 75,5 մլն դոլար ընդհանուր արժեքով կառուցվել են 210 բնակելի շենքեր եւ առանձնատներՙ 960 ընտանիքների համար, 36 դպրոցներ ու կրթական հաստատություններ, 12 առողջապահական հիմնարկություններ, 220 կմ ավտոճանապարհներ, 131 կմ ջրատար խողովակաշարեր, 60 կմ էլեկտրական հաղորդման գծեր եւ այլն։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հիմնադրամը հաճախ արեց այն, ինչ պետությունը միայնակ չէր կարող անել։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ մեր խոշոր բարերարների, տասնյակ հազարավոր այլ նվիրատուների։ Նախագահն ընդգծեց, որ այս կառույցն ամենից ներկայացուցչականն է եւ չի կրում հատվածական բնույթ։ Նա կարեւորեց հիմնադրամի աշխատանքների մեջ նաեւ նորանկախ երկրների հայկական համայնքներին ընդգրկելը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-հարավ» ճանապարհին, որն իրավամբ ստացել է «Արցախի ողնաշար» անվանումը, Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտ համարեց այն 3 տարում ավարտելը։ Դրա համար, ըստ նախագահի, հարկ է համախմբել ջանքերը, այլապես ներկա տեմպերով 10 տարի անհրաժեշտ կլինի ճանապարհի կառուցումն ավարտելու համար։ Նա նշեց, որ այս հարցը լուրջ քննարկման առարկա է եղել հոգաբարձուների խորհրդի նիստում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ