«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Փորձում էին որոշել տեղի եւ սփյուռքահայ գործարարները

Հայաստան-սփյուռք համաժողովի «Տնտեսություն եւ տնտեսական զարգացում» թեմատիկ նիստը թերեւս ամենահետաքրքրականն էր եւ պատահական չէր, որ մասնակիցներից շատերի համար տեղերը չբավարարեցին, ու նրանք մնացին կանգնած։ Առաջին ելույթ ունեցողը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր, որին հաջորդեց «Թուֆենկյան» ընկերության նախագահ Ջեյմս Թուֆենկյանի խոսքը։ Վերջինս նշեց, որ ինքը Հայաստանում հյուրանոցային ցանց է ստեղծում, քանի որ մեր երկիրն ունի բոլոր նպաստավոր պայմանները զբոսաշրջության զարգացման համարՙ պատմական հուշարձաններ, գեղեցիկ բնաշխարհ, հյուրընկալ մարդիկ։ Ըստ Թուֆենկյանի, այստեղ բիզնեսով զբաղվելու հնարավորություններ կան։ Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում ոսկերչության եւ ակնագործության ներկա վիճակը եւ հեռանկարները։ Անցյալ տարի այս ոլորտում թողարկվել է 110 մլն դոլարի արտադրանք, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին 45 մլն դոլար։ Դա նշանակում է, որ այս տարի թողարկվող արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 150 մլն դոլար։ Ոսկերչական գործարանի տնօրենը հնարավոր համարեց այս ոլորտի արտահանման ծավալները մինչեւ 500 մլն դոլարի հասցնելը։ Դրա համար անհրաժեշտ են 60¬70 մլն դոլարի ներդրումներ։ Սփյուռքի հետ համագործակցության մասին խոսելով, Էմիլ Գրիգորյանն այն կարծիքը հայտնեց, որ նրա հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվումՙ ի տարբերություն մեծ սփյուռք ունեցող այլ ժողովուրդներիՙ չինացիների, հրեաների, իտալացիների։

Ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը, որը ղեկավարն է Երեւանում գործող ինֆորմացիոն տեխնոլոգիաների «Վայասֆեր» կենտրոնի, նշեց, որ Հայաստանն այս ոլորտում առաջիններից է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։ Մենք այստեղ ունենք մտավոր կապիտալ եւ, ըստ Մորոյանի, Հայաստանի տնտեսական զարգացման ապագան կախված է նրանից, թե «ինչպես կզարգանանք այս ոլորտում»։

Ֆրանսիայից տնտեսագետ Միշել Բազումյանի կարծիքով, մեր երկրի համար խոշոր արտադրական համալիրները չեն կարող զարգացման հիմք լինել։ Այդպիսին կարող են հանդիսանալ փոքր եւ միջին ձեռնարկությունները։ Իսկ տնտեսության ճյուղերից որպես հեռանկարային առանձնացվեցին սննդի եւ թեթեւ արդյունաբերությունը, տուրիզմը։ Հայաստանի գործարարներից ելույթ ունեցավ «Սիլ գրուպի» ղեկավար Խաչատուր Սուքիասյանը եւ անդրադարձավ արտահանման կարեւորությանն ու դրան խանգարող խնդիրներին։

Հիմնական ելույթներին հաջորդող քննարկումների ժամանակ համաժողովի մասնակիցներից շատերն ավելի շուտ ընդհանուր բնութի ելույթներ էին ունենում կամ էլ ներկայացնում էին իրենց կազմակերպությունների հոգսերը։ Տարբեր էին նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչների կարծիքները համաժողովի վերաբերյալ։ Նրանցից մի քանիսին խնդրեցինք արտահայտել իրենց տպավորությունները։

Սերոբ Տեր-Պողոսյան («Մեթալ փրինս» ընկերության նախագահ). Համաժողովի նպատակներն, անշուշտ, շատ լավն են, բայց աշխատանքն անչափ ծավալուն է, եւ չեմ կարծում, որ մեծ արդյունքներ կունենանք։ Բայց այս համաժողովները շատ լավ առիթ են, որպեսզի սփյուռքահայերը ծանոթանան մեկը մյուսի եւ Հայաստանի հայերի հետ։ Այսինքնՙ այստեղ ծանոթության սկիզբը կդրվի, որից հետո այս սենյակից դուրս արդեն կսկսվի համագործակցությունը։

Աշոտ Գրիգորյան («Պրեմեքս» ընկերության նախագահ, Սլովակիա). Եթե նպատակին ծառայի, չափազանց մեծ պետք է լինի այս համաժողովի արդյունքը։ Ինձ համար թիվ մեկ նպատակն է քննարկել Հայաստանում ներդրումներին խոչընդոտող հարցերը։ Դրանցից առաջինը կոռուպցիայի դեմ տարվող շատ թույլ պայքարն է։ Կոռուպցիա ասելով նկատի ունեմ Հայաստանում տեղ գտած մոնոպոլիա հանդիսացող ոլորտները։ Ինչպես Ռուսաստանում են ասումՙ «տանիքային» ձեւով բաժան-բաժան արված դաշտերը։ Երկրորդըՙ դեռեւս անբավարար հարկային քաղաքականությունն է։ Իմ կարծիքով, պետք է անհապաղ ազատ տնտեսական գոտու տարրեր մտցնել Հայաստան եւ հատկապես Լեռնային Ղարաբաղ։ Երրորդՙ գտնում եմ, որ սփյուռքի մեծահարուստների նկատմամբ ուշադրությունը քիչ է։ Ավելինՙ տեղական «գործարարները» սովորել են, որ դրսից եկած գումարները պետք է ներդրվեն իրենց կենսամակարդակը բարձրացնելու, այլ ոչ թե արտադրություն զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար։ Այսինքնՙ նրանք վարպետացել են այդ գումարները շորթելու առումով եւ չափազանց մեծ անվստահություն են ներշնչել դրանով։ Մեծ հույս ունեմ, որ այս հարցերի պատասխանը, եթե չլսենք էլ, կբարձրացնենք եւ կսպասենք նախագահի ու կառավարության արձագանքին։

Հովսեփ Սեֆերյան (Հայ գործարարների ընկերակցության նախագահ). Այս խորհրդաժողովը լավատեսության, ապագայի հավատի ասեղ է։ Սակայն, եթե միայն պետք է խոսենք եւ ազգային ծրագիր չմշակենք բոլոր ուղղություններով, ապա այս գործընթացը ձախողված է։ Եթե հիմքն այս համաժողովում դրվի, ապա դա արդեն մեծ հաջողություն է։ Պետք է խթանիչ օրենքներ ընդունել, որպեսզի ոչ միայն հայերը, այլեւ օտարները գան եւ Հայաստանի առավելություններից օգուտ ստանան։ Այն ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4