Սույն թեմատիկ նիստի ընթացքում քննարկվեցին բազմազան հարցերՙ համացանցի (ինտերնետ) հնարավորությունների օգտագործումը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում, մշակույթի, մասնավորապես ճարտարապետության ուսումնասիրություն համացանցի միջոցով, հեռուստատեսության դերն ու խնդիրներն արբանյակային հեռարձակմամբ, հոգեւոր դաստիարակություն եւ դասական ուղղագրության հարցը, որն ամենավիճահարույցն էր, որքան էլ մասնակիցներից պահանջվում էր շրջանցել այն։
Նշենք, որ դեռեւս չենք հրաժարվել խորհրդաժողովների ավանդական ձեւերից եւ գործնական ու կառուցողական առաջարկություններ, կոնկրետ ծրագրեր ներկայացնելու եւ ապա դրանք քննարկելու փոխարեն տարվում ենք արդեն կատարված աշխատանքների ու ծրագրերի մասին խոսելով, որոնք երբեմն կրում են գովազգային բնույթ։ Այսուհանդերձ, ի՞նչ է ակնկալվում այս թեմատիկ նիստից, ո՞րն է նրա հիմնական խնդիրը։
Ընդհանուր համահայկական համացանց ստեղծելու անհրաժեշտության մասին դիպուկ էր ու գործնական «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանի կարճ ելույթը, որը փաստելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՙ օրինակ բերեց երկու ընկերությունների մեծ նվաճումներն այս ասպարեզում, որոնցից մեկըՙ ընդամենը 50 հոգու աշխատանքով հասել է 400 մլն դոլար կապիտալիզացիայի։ Նրա համոզմամբ, առանձին անհատների հաջողությունը պետության հաջողությունը դառնալու համար անհրաժեշտ է ընդհանուր ծրագիր մշակելՙ ստեղծելու միասնական տեղեկատվական դաշտ։
Կառավարությունն այս հարցում պետք է ցուցաբերի մեծ մասնակցություն, բանակցություններ վարի «Արմենտելի» հետՙ համացանցը հասարակությանը մատչելի դարձնելու կարեւորության գիտակցումով, այլապես կառաջանա խզում բարձր տեխնոլոգիաների սեկտորի եւ հասարակության միջեւ։ Նա հույս հայտնեց, որ միգուցե մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը հայոց լեզվով միասնական տեղեկատվական ցանց կստեղծի ի փրկություն Հայաստանի եւ սփյուռքի։
Փարիզի հայկական ռադիոյի խմբագիր Հակոբ Բալյանը ներկաների ուշադրությունը բեւեռեց հայոց լեզուն անաղարտ պահելու, եթերից հնչող օտարամուտ բառերից հրաժարվելու եւ գրական լեզուն համայն հայության մեջ տարածելու խնդրին։ Նա ընդգծեց, որ դասական ուղղագրության անցնելու հարցը դարձել է «Բեռլինի պատ» Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, եւ հարկ է վերանվաճել լեզվական անկախությունը։
ՀՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը խոստացան, որ առաջիկայում կհեռարձակվեն հաղորդումներ եւ լուրեր արեւմտահայերենով։
Մ. Նահանգներից ժամանած հայագետ Գեւորգ Բարդակչյանը պնդում էր, որ սփյուռքահայության ու հայաստանահայության միջեւ տարբերություններն ավելի մեծ են, քան նմանությունները։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ