«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2002-05-24 | #96, 2002-05-25 | #97, 2002-05-28


ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ. ՌՈՒՍԱՀԱՅԵՐՍ «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍՓՅՈՒՌՔ ԵՆՔ»

Ռուսաստանի հայերի միություն (ՌՀՄ) հասարակական կազմակերպությունում էկոնոմիկայի, ձեռնարկատիրության հարցերի տնօրինությունը վստահված է Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Մկրտչյանին։ Համահայկական համաժողովի շեմին նա իր նկատառումները հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի զարգացման, այդ գործում ռուսահայության դերի, ՌՀՄ-ի գործունեության որոշ կողմերի շուրջ։

¬ Պրն Մկրտչյան, ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Երեւան։

¬ Եթե առաջին համաժողովը ավելի շատ ծանոթացման նպատակ էր հետապնդում, ապա, հուսով եմ, երկրորդ հանդիպումը պրակտիկ բնույթ կկրի Հայաստանում սփյուռքի ներկայացուցչությունը արդյունավետ գործող ուժի վերածելու իմաստով։ Հիանալի կլինի, եթե կարողանանք ստեղծել համաշխարհային հայկական կազմակերպություն, հայ կապիտալը միավորող որեւէ միջազգային մարմին։ Մենք Երեւան ենք մեկնում կոնկրետ առաջարկներով ու ծրագրերով։ Ցավոք, ռուսահայերս էլ ենք արդեն սփյուռք դարձել ու այդ մտքի հետ պետք է հաշտվել։ Բայց ինչ էլ որ լինի, մենք այնուամենայնիվ «յուրահատուկ» հատված ենք։ Մոդայիկ բառով ասած, մեր մենթալիտետը մեծ մասամբ հայաստանյան է, մենք տակավին ուժեղ թելերով կապված ենք հայրենիքի հետ, նա մեզ համար շարունակում է մնալ մոտիկ ու հարազատ։ Եվ նրա շենացման մեջ մեր լուման էլ պիտի յուրահատուկ լինի։

¬ Ո՞րն է լինելու ձեր հիմնական շեշտադրումը։

¬ Ամենակարեւոր խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է Հայաստանում։ ՌՀՄ-ն հայրենիքում արդեն ձեռք է բերել մի շարք արդյունաբերական ու առեւտրական օբյեկտներ եւ դրանց նորացումով զգալի աշխատատեղեր կապահովի հայրենակիցների համար։ Բայց դա սոսկ սկիզբն է։ Անցած երկու տարում ՌՀՄ-ն ավելի շատ զբաղված էր ձեւավորման կազմակերպական հարցերով. արդեն մասնաճյուղեր ունենք Ռուսաստանի շուրջ 70 տարածաշրջաններում։ Շատ կարեւոր է, որ հորիզոնական կապերով միավորվում են հայազգի բիզնեսմենները։ Ամրապնդվելով Ռուսաստանում, համատեղ ձեռնարկությունների, ձեռնարկատիրական զանազան կառույցների միջոցով պիտի ձգտենք նպաստել տնտեսական կյանքի աշխուժացմանը Հայաստանում։

¬ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է օտարերկրյա կապիտալի թափանցման գլխավոր պայմանը։

¬ Ամենագլխավորներից մեկը ներդրումային մթնոլորտի ապահովումն է։ Աշխատելով ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայում եւ շփվելով արտասահմանյան ֆիրմաների, բիզնեսմենների հետ, հաճախ եմ բախվել մի երեւույթի. որոշ ժամանակ աշխատելով Ռուսաստանում, նրանք տեղափոխվում են Չինաստան, որովհետեւ այնտեղ կա իրավական դաշտ եւ խոստագույն կարգապահություն։ Բայց Ռուսաստանը գերհարուստ երկիր է, ներդնողներ այնուամենայնիվ կան ու կլինեն։ Իսկ ահա բնական պաշարներից գրեթե զուրկ, քայքայված էկոնոմիկայով մեր երկիրը կարող է գրավիչ լինել միայն ներդրումների համար ամենաբարենպաստ պայմանների ապահովման դեպքում։ Լո՞ւրջ բան է, երբ այն կարծիքն է տարածվել, թե Հայաստանում կարելի է գործ ձեռնարկել միայն մի քանի հոգու (պարզ էՙ ում) երաշխիքի առկայության դեպքում։ Սա շատ վտանգավոր մտայնություն է։

¬ Դուք լավ գիտեիք երկրի էկոնոմիկայի վիճակը։ Նաեւ ձեր աչքի առաջ սկսվեց նրա քայքայումը։ Այդուհանդերձ եղածը կարո՞ղ է բազա ծառայել առաջընթացի համար։

¬ Անշուշտ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ծանր ժառանգություն է ստացել։ Համոզված եմ, որ ժամանակին շատ բան կարելի էր փրկել ու զարգացնել։ Դիլետանտությունն ու ոչ սրտացավ վերաբերմունքը արեցին իրենց չար գործը։ «Նաիրիտը» քայքայեցին ոչ թե կրտսեր գիտաշխատողները, այլ նրանց ձեռքով դա իրագործեցին այդ ասպարեզի անդրազգային գիգանտները։ Որոշ արտադրատեսակներով մենք չէինք զիջում նույնիսկ «Դյուպոնին»։ Եվ խնդիր էր դրված փակել նրա ճամփան դեպի համաշխարհային շուկա։ Ինչքա՜ն նման նուրբ ու կոպիտ հարվածներ ընդունեց Ռուսաստանը։ Այդուհանդերձ Հայաստանում բազա կա, ռեալ կարելի է զարգացնել քիմիական, հանքային արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, թանկարժեք քարերի մշակումը, գիտարար ուղղությունները, դեղագործությունը եւ այլն։ Ես այս թեմայով առանձնապես չեմ ուզում ծավալվել, որովհետեւ հանգամանալի զեկուցում եմ պատրաստել համաժողովի համար։

¬ Այստեղ մի նրբանկատ խնդիր է առաջանում. Հայաստանում ասում ենՙ լավ եք անում, որ խորհուրդ եք տալիս, բայց շատ ավելի լավ կլինի, եթե դրա հետ մեկտեղ միջոցներ էլ հատկացնեք։ Ի վերջո վճռորոշը ինվեստիցիան է։

¬ Եթե ամեն ինչ ճիշտ լիներ, ոչ ոք ոչ մեկից չէր դժգոհի։ Եթե մինչեւ այժմ ՌՀՄ-ն հենվում է իր նախագահ Արա Աբրահամյանի անձնական միջոցների վրա, ապա հիմա տեղի բիզնեսմենների ուժերով հատուկ ֆոնդ է ստեղծվում Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ու ձեռնարկատիրական կառույցներ ստեղծելու համար։ Կարծում եմ Հայաստանում ներդրում անող ամեն մի սփյուռքահայ ինքն էլ պիտի վերահսկի դրա իրագործման ընթացքը։ Ռուսահայության անունից այդ երաշխիքը կարող է ստանձնել հենց ՌՀՄ-ն։ Ի դեպ, Ռուսաստանի հայերը էապես կարող են նպաստել փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծմանը։ Նրանցից շատերը բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ընկերներ ու հարեւաններ ունեն Հայաստանում եւ կուզեն որեւէ գործ բացել թեկուզեւ նրանց համար։ Հայտնի բան էՙ ամեն մի պետություն հարուստ է իր հարուստ անհատներով, իսկ եթե այդ անհատը աշխատանք չունի...

Իսկ հիմա դառնանք «խորհուրդ տալուն»։ Ես չէի թերագնահատի դրա դերը։ Հայաստանի իշխանությունների համար, ինչ է, վա՞տ կլինի, եթե կանոնավոր կերպով (մեկ ամսով, կես տարով թե մի տարով, կարեւոր չէ) Երեւան «խորհրդատվության» հրավիրեն տվյալ դեպքում, ասենք, ակադեմիկոսներ Ա. Աղանբեկյանին, Ստ. Սիտարյանին, Ռուսաստանի բանկիրների ասոցիացիայի փոխնախագահ Գ. Թոսունյանին, նշանավոր օլիգարխ Ռուբեն Վարդանյանին եւ շատ այլ անվանի մարդկանց։

¬ Հիանալի խորհուրդ է։ Պրն Մկրտչյան, դուք բնիկ գյումրեցի եք. ի՞նչ կասեք աղետի գոտու մասին։

¬ Թերեւս ժամանակն է մտածել Գյումրու օդանավակայանը միջազգային դարձնելու մասին։ Շատ հեռանկարային կլինի Գյումրի-Ախալքալաք երկաթգծի կառուցումը։ Ցավալի է, որ այսօր դա ոչ այնքան տնտեսական, ինչքան քաղաքական հարց է։ Մինչդեռ ակնհայտ է շահավետությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ, Ղարսի ճամփան բացվելուց հետո, Թուրքիայի համար։ ՌՀՄ-ի տնտեսական ծրագրում մեծ տեղ է հատկացված աղետի շրջանում մանր ու միջին ձեռնարկությունների ստեղծմանը։

¬ ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը կարճ ժամանակում հիրավի դարձավ ռուսահայության լիդերը։ Նույնիսկ անբարյացակամները չեն կարող մեղանչել այն փաստի դեմ, որ նա գործով է ապացուցում իր հայրենասիրությունն ու հայասիրությունը։ Ի՞նչ կասեք նրա մասին։

¬ Երբ ես 80-ական թվականներին Երեւանի Սովետական շրջանի ղեկավարն էի, նա էլեկտրոնային արդյունաբերության մեր խոշորագույն ձեռնարկություններից մեկի տնօրենն էր եւ որպես այդպիսին լավագույններից մեկն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Միությունում։ Միայն հանրապետությունում նա իր մասնաճյուղերի թիվը հասցրեց մոտ հիսունի։ Այնպես որ իմ խոսքը նրա մասին թող հնչի որպես ավագ ընկերոջ կարծիք։ Ձեռնարկատիրության, արտադրության բարձրակարգ մասնագետ էՙ խորապես գնահատված Ռուսաստանի գործարար շրջաններում։ Վայելում է Ռուսաստանի իշխանական մարմինների հարգանքը եւ խելամտորեն օգտագործում է այդ կապերն ու հնարավորությունները ՌՀՄ-ի հզորացման գործում։ Նա գտնում է, որ ռուսաստանցի հայը պիտի լինի այս երկրի օրինակելի քաղաքացին, բայց երբեք չպիտի մոռանա իր պատմական հայրենիքը։ Որպես աչքի ընկնող անհատականություն լիուլի հաստատվելով Ռուսաստանում, Աբրահամյանն իր իսկ ստեղծած հասարակական կազմակերպության միջոցով փորձում է ակտիվորեն մասնակցել ռուս-հայկական հարաբերությունների մերձեցմանը, հայրենի ժողովրդին տնտեսական ծանր կացությունից հանելու նախաձեռնություններին, լայնորեն համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ։

Ես կասեի այսպեսՙ մեր ժողովուրդը հայրեր ու մայրեր շատ ունի, Արա Աբրահամյանը նրա որդին է։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4