Հայաստանի տնտեսական զարգացումն անհնար է առանց արտահանման ծավալների աճի։ Ի՞նչ է անհրաժեշտ այդ աճը խթանելու համար։ Այս հարցի շուրջ մեր թղթակցի հետ հարցազրույցում իր նկատառումներն է արտահայտել «Սիլ գրուպ» ընկերության ղեկավար Խաչատուր Սուքիասյանը։
¬ Ես կարծում եմ, որ դա թիվ 1 խնդիրն է։ Ցանկալի կլիներ, որ համակարգված կառույց ստեղծվեր, այդ ինստիտուտի հիմքը դրվեր եւ Հայաստանի արտահանումն իրականացնեին այլ երկրներում իրացման մեջ մասնագիտացված կամ միջնորդ կազմակերպությունները։
¬ Այդ կառույցները պետք է լինեն լրիվ մասնավո՞ր, թե՞ պետական մասնակցությամբ։
¬ Միայն մասնավոր։ Օրինակՙ Ռուսաստանի Դաշնությունում շատ կան այդպիսի կառույցներ։ Հայաստանում արտադրվող մի քանի տասնյակ ապրանքներ կան, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Ուղղակի գնի եւ վարկանիշի տեսանկյունից հայկական արտադրանքը դեռեւս չունի զարգացած երկրների արտադրանքի հեղինակությունը, ինչը պահանջում է դրանց ճանաչման համար շատ լուրջ աշխատանք կատարել եւ ստեղծել վերը նշված կառույցները։
¬ Ի՞նչ պետք է անի պետությունը։
¬ Պետությունը պետք է դրա կարեւորությունը գիտակցի։ Չեմ կարծում, թե նա պետք է իր մասնակցությունն ունենա այստեղ, բայց կարող է այդ կազմակերպությունների հետ ճշտել այն խնդիրները, որոնք բացասաբար են ազդում արտահանման վրա, իր ազդեցությունն ունենա ենթակառուցվածքների վրա, խորհրդատվություն տա, մի խոսքովՙ ուշադրության կենտրոնում պահի։
¬ Այսինքնՙ հարկային արտոնությունների մասին խոսք չկա։
¬ Ոչ մի արտոնություն պետք չէ։ Եթե արտահանմամբ ես զբաղվում, արդեն ավելացված արժեքի հարկը վերադարձվում է։ Լավ կլիներ, որ պետությունն ուղղակի ժամանակին վերադարձնի այդ գումարները։ Կարծում եմ նաեւ, որ պետք է մտնենք այնպիսի փուլ, որտեղ հստակ արտահանման համար լինեն տարբեր վարկեր եւ դրամաշնորհներ։
¬ Իսկ ո՞ր շուկաներում առավել հավանական է հայկական ապրանքների վաճառքը։
¬ Օրինակՙ այն երկրներում, որտեղ հայերը կենտրոնացված են բնակվում։ Սա գուցե մեծ քանակ չի ապահովի, բայց նույնպես կարեւոր է։ Իսկ, ընդհանուր առմամբ, մենք միջազգային շուկայում մեր տեղը պետք է ունենանք, պետք է պայքարենք այդտեղ ծավալները մեծացնելու եւ քանակ վաճառելու համար։ Կարծում եմ, որ մեզ համար առաջին շուկան Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրներն են, հետո Միջին եւ Մերձավոր Արեւելքը, իսկ ապագայում, եթե մեծաքանակ եւ որակյալ ապրանք կարողանանք արտադրելՙ եվրոպական եւ ամերիկյան շուկաները։
¬ Հայաստան-սփյուռք խորհրդաժողովից ի՞նչ ակնկալիքներ կան։ Խոսքը տնտեսական կապերի զարգացման հնարավորության մասին է։
¬ Այդ կապերն արդեն ավելի քան 10 տարի կան։ Սկզբնական շրջանում Հայաստանի գործարարությունն ընդհանրապես տեղյակ չէր դրսի միջավայրից։ Մեր հայրենակիցները մեզ հաղորդեցին այդ տեղեկատվությունը, ինչին մենք կտիրապետեինք միայն բազմաթիվ շփումների եւ որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Դա նրանց առաջին լուրջ օգնությունն էր։ Սփյուռքահայերն իրենց օգնությունը ցուցաբերել են նաեւ բոլոր ծայրահեղ վիճակներումՙ երկրին, ժողովրդին, իրենց հարազատներին։ Այժմ այնպիսի փուլում ենք, որ մենք եւ արտերկրի մեր հայրենակիցները տնտեսապես պետք է ինտեգրվենք։ Դրա համար արդեն կա անհրաժեշտ դաշտըՙ մեր մտածելակերպի տարբերությունն այլեւս այնքան մեծ չէ, ինչպես 10 տարի առաջ։ Արտահանման հարցում, շնորհիվ սփյուռքահայերի, մեզ սկուտեղի վրա մատուցվում են այս կամ այն երկրի շուկայի առանձնահատկությունները, ինչը նույնպես շատ կարեւոր գործոն է։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ