«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2002-05-25 | #97, 2002-05-28 | #98, 2002-05-29


ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստան-սփյուռք համաժողովի տնտեսական խնդիրներին նվիրված քննարկումները երեկ ավարտվեցին։ Եզրափակիչ նիստում վարողըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, մասնակիցներին առաջարկեց կոնկրետ ծրագրեր ներկայացնել, որոնք կունենան համահայկական կարեւորություն եւ հնչեղություն։ Առաջ անցնելով նշենք, որ ընդհակառակը, առաջարկների գերակշիռ մասն այդպիսի բնույթ չուներ։ Ինչպես բոլոր, այնպես էլ կառավարության առաջարկած երկու ծրագրերն էլ ակնկալում էին սփյուռքի աջակցությունը։ Դրանցից առաջինը Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչների ցանցի ստեղծումն է արտերկրում։

Ըստ փոխնախարարի, դա կաջակցի սփյուռքահայ ներդնողներին, որոնք տեղում կլուծեն իրենց հուզող խնդիրներըՙ առանց Հայաստան գալու։ Հաջորդ առաջարկն առեւտրային էլեկտրոնային ցանց ստեղծելու մասին էր, որտեղ կներկայացվեն Հայաստանի եւ սփյուռքի առեւտրատնտեսական կառույցները։

Համաժողովի մասնակիցների մյուս առաջարկներում եւս կային հետաքրքրական ծրագրեր։ Հիշատակման արժանի էին հետեւյալներըՙ յուրաքանչյուր երկրի հայկական համայնք Հայաստանում իր հովանավորության տակ մեկ սոցիալական օբյեկտ վերցնելու, համաժողովի արդյունքները համակարգելու համար կառույց ստեղծելու, Արցախի վերաբնակեցման (350 մլն դոլարՙ 250 հազար բնակիչ վերաբնակեցնելու համար), համահայկական ապահովագրական հիմնադրամ ստեղծելու, նոր տեխնոլոգիաների, մասնավորապես մանր մասնիկներիՙ այսպես կոչված «նանոտեխնոլոգիաների» զարգացմանը Հայաստանում աջակցելու եւ այլ ծրագրեր։ Սրանց զուգահեռ կային նաեւ այլ, հաճախ անիմաստ առաջարկներ (համաժողովները տարին մեկ անգամ կազմակերպել, աջակցել Հայաստանի «կայուն զարգացման ռազմավարության մշակմանը» եւ այլն)։ Մասնակիցներից մեկն առաջարկեց Հայաստանից արտահանումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը վաղուց արդեն իրականություն է։

Այս առաջարկներից պետք է ընտրվեին 2¬3-ը, որոնց մասին կնշվի համաժողովի եզրափակիչ ընդհանուր նիստում։ Թե որո՞նք կլինեն դրանք եւ ովքե՞ր են ընտրելու, մեր հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ այդ ծրագրերը կընտրեն համաժողովի կազմակերպիչները եւ սփյուռքի ներկայացուցիչները։ Փոխնախարարն ավելի կոնկրետ պարզաբանումներ չտվեց, բայց նշեց, որ այդ 2¬3 ծրագրերի ընտրությունն ամենեւին էլ չի նշանակում, թե մյուս բոլոր առաջարկներն անուշադրության են մատնվելու։ Դրանք քննարկվելու են Հայկական զարգացման գործակալությունում, տնտեսական նախարարություններում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4