Հայկական ապրանքների ցուցահանդեսում ասաց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Հայաստան-սփյուռք համաժողովի շրջանակներում բացված հայկական ապրանքներիՙ Made in Armenia-2002 եռօրյա ցուցահանդեսի վերջին օրն էր։ Մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացրած ցուցանմուշներին ծանոթանալու նպատակով այստեղ այցելեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ցուցահանդեսում, բնականաբար, գերակշռում էին գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ապրանքները։ Այստեղ էին ինչպես հանրաճանաչ (Երեւանի կոնյակի գործարան, «Աշտարակ-կաթ», «Վեդի ալկո»), այնպես էլ նոր ճանաչում գտնող («Վիլիջ գրուպ», «Վան-777», «Գինեթաս» եւ այլն) ընկերությունները։ Արդեն կայացած այս ոլորտի ձեռնարկություններին հաջորդում էին ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունները։ Ծրագրերի պատրաստում, դիզայն, վեբ հոստինգ, լազերային բյուրեղների աճեցման տեխնոլոգիաների, լազերային համակարգերի մշակում եւ այլն։ Սա ոչ լրիվ ցանկն է այն հնարավորությունների, որոնք կարող է առաջարկել այս բնագավառը։
Դրանց ներկայացնողների թվում էին «Ալգորիթմ սերվիս», «Լինկ», «Արարատ ուսումնական կենտրոն» եւ այլ ընկերությունները։ Հայաստանի տնտեսության վերջին տարիների զարգացած ճյուղերից է ոսկերչությունը, որը ցուցահանդեսում ներկայացնում էին Երեւանի ոսկերչական գործարանը եւ մի շարք փոքր ձեռնարկություններ։
Թեթեւ արդյունաբերության հայրենական արտադրանքը նոր-նոր է փորձում ճանաչում գտնել, ուստի այս ոլորտի ընկերությունները, որոնք ներկայացված էին ցուցահանդեսում, դեռեւս հայտնի չէին։ Այստեղ իր հանրաճանաչությամբ առանձնանում էր միայն միջազգային ճանաչում ունեցող «Թուֆենկյանը», որը, սակայն, որոշ վերապահությամբ կարելի է արդյունաբերական ընկերություն համարել, քանզի զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ։ Տարբերվում էին նաեւ «Գարուն», «Տոսպ» ձեռնարկությունների թողարկած հագուստները։ Հաճելի նորույթ էր դեղագործական ձեռնարկությունների ներկայացվածությունը։ «Վիտամաքս-E» ընկերությունն արտադրում է պատիճավորված «Նարինե», «Լիկվորը»ՙ ներերակային լուծույթներ, աչքի կաթիլներ եւ այլն։ Իսկ «Բիոքիմի» արտադրած դեմքի, ձեռքերի քսուկները, մազերի ներկերը, նրբօճառները (շամպուն), որպես տեղական արտադրանք, նախադեպը չունեին։ Իհարկե, ցուցահանդեսի ամբողջական նկարագիրն անհնար է տալ, բայց կարելի է հաջողված համարել։
Ցուցահանդեսից իր տպավորությունը երեկ հայտնեց նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.
¬ Նոր բաներ կան։ Կրկնակի հաճելի է, երբ գործարարը շնորհակալություն է հայտնում այս կամ այն վարկային ծրագրից օգտվելու համար, որի շնորհիվ ինքը հաջողության է հասնում եւ զարգացման հեռանկարներ տեսնում։ Այսօր նման արձագանքներ ես ստացա։
Լինսի հիմնադրամից ստացված վարկային ծրագրի հաջողված բազմաթիվ օրինակներ կան։ Դա նշանակում է, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված հաջողված քաղաքականություն է իրականացվել։
¬ Սփյուռքահայ գործարարների հետ հաղորդակցվե՞լ եք ցուցահանդեսի եւ համաժողովի տպավորություններով։
¬ Չեմ հասցրել քննարկել այս հարցերը, բայց նրանց տպավորություններն ինձ միջնորդավորված հասել են։ Թեկուզ այս խորհրդաժողովը բիզնես-համաժողով չէր, բայց փորձեցինք անպայման դրա շրջանակներում ներկայացնել Հայաստանի զարգացման հնարավորությունները։ Դա իրականացրեց Զարգացման հայկական գործակալությունը, որը նաեւ այս ցուցահանդեսի կազմակերպիչն է։ Հյուրերն իրենց աչքերով պետք է տեսնեին առաջին խորհրդաժողովից հետո գրանցված տեղաշարժն արդյունաբերության ոլորտում։ Դա նկատելի է տարեցտարի անցկացվող ցուցահանդեսներում։ Ներուժը կուտակվել է, որն իր ածանցյալ արդյունքն է սկսում տալ տարբեր ոլորտներում։
Պետք է ասեմ, որ այս անգամ խոսակցությունները դժվարությունների մասին շատ քիչ էին։ Թեթեւ արդյունաբերության կողմից կար հարցադրում ՙ ԱՄՆ շուկայի մասին։ Այստեղ իսկապես մաքսային արտոնությունների խնդիր կա։ Մի շարք պետություններ ունեն դրանք, ուրիշներըՙ ոչ։ Խոսքը Հայաստանի ռեժիմները չկորցնելու մասին է։ Կային կոնկրետ փոքր հարցեր, որոնց առնչությամբ դիմումը միանգամից գրանցում ենք եւ եթե արդարացի է, լուծում ենք։ Հաճախ հարցը լուծում ենք, մոռանում ենք, եւ շատ տաղավարներում հիշեցնում են, որ դրա շնորհիվ հիմա բիզնեսի ծավալն ավելացել է։ Իհարկե, հաճելի է լսել եւ տեսել, որ կատարված քայլերն արդյունք են տալիս»։