«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2002-05-28 | #98, 2002-05-29 | #99, 2002-05-30


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ

Մոսկվայում լույս տեսնող «Ռուսաստան, երրորդ հազարամյակ. հրատապ կանխատեսումների լրատու» հանդեսի 5-րդ համարում զետեղված է ԱՊՀ հիմնահարցերի միջշրջանային վերլուծական կենտրոնի փորձագետ Եկատերինա Արխիպովայի ծավալուն հոդվածը ռուս-հայկական ռազմավարական գործընկերության տնտեսական լծակների վերաբերյալ։ Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների ընթացքում անցյալ սեպտեմբերին եւ ավելի ուշ գլխավոր թեմա դարձան զուտ տնտեսական պարտքերի, էներգակիրների, առեւտրական փոխհարաբերությունների խնդիրները։ Ամենահամեստ պաշտոնական հաշվարկներով, ԱՊՀ երկրները Ռուսաստանին պարտք են շուրջ 3 մլրդ դոլար։ Եվ հիմքեր չկան հուսալու, թե մոտ ժամանակներս այդ գումարը կվերադարձվի։ Մոսկվան այսօր պարզ հասկացնում է, որ հենց տնտեսական լծակներն են առավել արդյունավետ դարձել հետխորհրդային տարածքի պետությունների արտաքին քաղաքական կողմնորոշիչների ճշգրտման առումով։

Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի պարտքը ՌԴ-ին մոտ 100 մլն դոլար է, ըստ որում այն լիուլի փոխհատուցվում է «միջազգային ասպարեզում ՀՀ-ի միանշանակ ռուսամետ կողմնորոշմամբ»։ Այդ դեպքում Ռուսաստանին ի՞նչը դրդեց Հայաստանից պահանջել պարտքերը։ Արխիպովան ենթադրում է, թե պատճառը ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական տխուր իրավիճակն է։ Ռուսաստանը փորձում է ստանալ գոնե այն, ինչ հնարավոր է, «այլապես ոչինչ չի մնա»։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2001 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական աճը կազմել է շուրջ 2,9 տոկոս։ Արտահանումն ավելացել է 14,1 տոկոսով (նույնիսկ պաշտոնական տվյալներով, ներմուծումն ավելի քան կրկնակի գերազանցում է արտահանման ծավալները)։ 2000 թ. համեմատությամբ հանքարդյունահանումն ավելացել է 22,7 տոկոսով, կոնյակի, քիմիական-դեղագործական արտադրանքի թողարկումըՙ 70,8 տոկոսով եւ 2,4 անգամ։ Բայց հացի արտադրությունը կրճատվել է 1,5, ծխախոտինըՙ 24,7, ալյումինի գլանվածքինըՙ 66,4 տոկոսով։

Ոչ պաշտոնական վիճակագրությունն ավելի քան մռայլ է։ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանի գնահատմամբ, Հայաստանում գյուղատնտեսության եւ արդյունաբերության վիճակն անկումային է։ Նրա տվյալներով, 1980 թ. համեմատությամբ նորածինների թիվը 2001 թ. քառապատիկ կրճատվել է։ Գործազուրկ է աշխատունակ բնակչության ավելի քան 30 տոկոսը։ Մահացության ցուցանիշը պաշտոնապես 2,7 է, բայց իրականում 4,5 է։ Ապրանքաշրջանառության 75 տոկոսն ընկնում է ներմուծմանը։ Իսկ նախկին վարչապետ Ա. Դարբինյանի կարծիքով, հանրապետության տնտեսական աճի գլխավոր խոչընդոտն այն է, որ պետությունը միջնորդի դեր է կատարում տնտեսական գործարքներում։ Սրությամբ ծառացած է կաշառակերության խնդիրը։

Նման պայմաններում վարկատու Ռուսաստանը չի կարող չմտահոգվել պարտքերի վերադարձման խնդրով, որն ունի նաեւ աշխարհաքաղաքական ու տնտեսական կողմեր։ Վաշինգտոնի «Ժառանգություն» (Heritage) հիմնադրամի հետազոտության տվյալներով, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Հայաստանն ունի «գլխավորապես ազատ տնտեսություն» եւ այս ցուցանիշով 45-րդ տեղում է 156 երկրների ցանկում (Վրաստանն ու Ադրբեջանը 108-րդ եւ 118-րդ տեղերում են)։ Ամերիկացի փորձագետների կարծիքով, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում առկա են լավ պայմաններ, որտեղ պետության վերահսկողությունը բանկային ոլորտում հասցված է նվազագույնի։

ՀՀ-ում Համաշխարհային բանկի ներկայացուցչության տնօրեն Օուեյս Սաադաթի խոսքերով, ՀԲ-ն եւս «ընդհանուր առմամբ գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից» եւ պատրաստ է մի շարք ծրագրերի ֆինանսավորման մեջ իր բաժինը հասցնել 90 տոկոսի։ Արխիպովան նշում է, որ Կովկասում ՌԴ ռազմավարական միակ դաշնակցի հետ սկսված այդ սիրախաղը խորհելու տեղիք է տալիս Մոսկվային։ Ամերիկացի փորձագետների տվյալներով, ՀՀ բյուջեի 2/3-ը գոյանում է արտաքին փոխառությունների հաշվին։

ՀԲ-ի հետ Հայաստանը 1992 թվականից ի վեր ստորագրել է 25 վարկային ծրագիր 686,61 մլն դոլար գումարով։ Վերջին տասնամյակում ՀՀ պետբյուջեն տատանվել է 400-500 մլն դոլարի սահմաններում։ Դա նշանակում է, որ միջազգային ֆինանսական հաստատություններից Հայաստանի կախումը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ տնտեսության մեջ ՌԴ ներդրումները։ Ուստի զարմանալի չի թվում, որ ԱՊՀ շրջանակներում Համատեղ անվտանգության պայմանագրին մասնակցելուց բացի, Երեւանը հետաքրքրություն է հանդես բերում ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ։ Իհարկե, հայ-ամերիկյան համագործակցությունն առայժմ սահմանափակ է, սակայն, ըստ Արխիպովայի, հակաահաբեկչական պայքարին Երեւանի աջակցելն ապագայում կարող է ունենալ «անկանխատեսելի ֆինանսական պարամետրեր եւ ռազմավարական հետեւանքներ»։ Հոդվածագրի կարծիքով, աճում է Վաշինգտոնի դերը շրջանային հակամարտությունների կարգավորման մեջ, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Հիշարժան է անցյալ տարվա ապրիլին Քի Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ունեցած հանդիպումը։

Ռուսաստանին առավել ակտիվ գործողությունների է դրդում նաեւ ենթաշրջանային ինտեգրացումը։ Խոսքն ոչ այնքան «կովկասյան եռյակի», որքան հայ-իրանական ընդլայնվող համագործակցության մասին է։ Երկկողմ նախագծերի թվում են Իրան-Հայաստան գազամուղի, Քաջարանի թունելի, խճուղիների, երկաթգծերի, Արաքսի հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրերը։ Գազամուղը Հայաստանին թույլ կտա նվազեցնել կախումը ռուսաստանյան էներգակիրներից։ Հիշյալ նախագծերի շնորհիվ Երեւանը եւ Թեհրանը փաստորեն բոլոր հիմքերն ունեն համաձայնեցնելու շրջանային կայունության եւ անվտանգության հարցերը։

2001 թ. դեկտեմբերին Մոսկվայում ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի համանախագահների ստորագրած համաձայնագրով Հայաստանը պարտավորվեց իր 100 միլիոնանոց պարտքի դիմաց արդեն այս տարի Ռուսաստանին հանձնել ռազմարդյունաբերական համալիրի եւ էներգետիկ ճյուղի մի շարք ձեռնարկություններ։ Դրանով իսկ Ռուսաստանը ջանում է լիակատար վերահսկողության տակ առնել ՀՀ արդյունաբերության այն մասը, որը կարեւոր է հենց ՌԴ պաշտպանական հնարավորությունների տեսակետից։ Մոսկովյան հանդեսի վկայությամբ, փաստորեն պարզ է, որ խոսքը ոչ թե փողերի կամ բաժնետոմսերի մասին է, այլ թե «ինչպես կարելի է երկարաժամկետ երաշխավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կայունությունը եւ ուժեղացնել ՌԴ ներկայությունը Կովկասում»։

Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4