Ասում է Ագրարային կուսակցության ղեկավարն ու նախկին գյուղնախարարը
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Զավեն Գեւորգյանի հետ մեր հարցազրույցը, որն առաջինն էր նրա պաշտոնանկությունից հետո, վերաբերում էր ոչ միայն գյուղատնտեսությանը, այլեւ հարցազրույց էր քաղաքական կուսակցության ղեկավարի հետ, որը նախապատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Մեր առաջին հարցը վերաբերում էր նախկին նախարարի պաշտոնանկության պատճառներին եւ ներկա գործունեությանը։
¬ Պաշտոնանկության պատճառներն ինձ ոչ ոք չի ասել։ Ես դիմում չեմ ներկայացրել։ Կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական նպատակ էր հետապնդում, քան թե կապված էր իմ աշխատանքի գնահատականի հետ։ Եթե աշխատանքիս արդյունքը դիտարկենք, ապա ամենամեծ աճ ապահոված բնագավառը գյուղատնտեսությունն էր, որտեղ, բնականաբար, առկա էր նաեւ գյուղնախարարության եւ իմ անձնական ավանդը։ Այդ մասին մի քանի անգամ տարբեր առիթներով, նույնիսկ ինձ աշխատանքից ազատելուց մի քանի օր առաջ նշել էր հանրապետության նախագահը։ Այստեղ այլ խնդիր կար։ Մոտենում էր ակտիվ քաղաքական տարին, եւ գյուղնախարար ու Ագրարային կուսակցության ղեկավար լինելը ինձ առաջ էր մղում որպես քաղաքական դեմքի։ Կուսակցությունն էլ իր հերթին հզորանում էր։ Եթե իմ ազատումը չլիներ, մինչ ընտրությունները Ագրարային կուսակցությունը կլիներ ուժեղագույնը կամ ուժեղներից մեկը։ Դա հատկապես անհանգստացնում էր Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպություններին։ Պաշտոնանկության պատճառը պետք է փնտրել այստեղ։
Այժմ զբաղված եմ Ագրարային կուսակցության կառուցվածքի վերջնական ձեւավորմամբ։ Մեր նպատակն է բոլոր մարզերում եւ բոլոր գյուղերում ունենալ կառույցներ։ Կարծում ենք, որ դա ապագայում կլինի զանգվածային կուսակցություններից մեկը եւ կդառնա գյուղի խնդիրների լուծման համար հիմնական պայքարողը։ Ի դեպ, այս կուսակցությունը Հայաստանում գործող եթե ոչ միակ, ապա այն հազվադեպ կուսակցություններից է, որն ունի կոնկրետ հասցեատեր, կոնկրետ խավ։
¬ Ե՞րբ է ստեղծվել կուսակցությունը, ի՞նչ ճանապարհ է անցել։
¬ Կուսակցությունը հիմնադրվել է 1992 թ.-ինՙ Թելման Դիլանյանի կողմից, որը նախկինում Հայաստանի կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսական հարցերով քարտուղարն է եղել։ Բավականին փորձ ուներ, գյուղը գիտեր։ Ընտրությունների ժամանակ կուսակցությունը գրեթե մոտեցավ 5 տոկոսի սահմանին, բայց չկարողացավ հաղթահարել։ Դա, ինչպես ասում են, ինչ-որ չափով կոտրեց նրա թափը։ Այնուհետեւ Թելման Դիլանյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ այժմ բնակվում է ընտանիքով։ Կուսակցությունը հետո ղեկավարեց Մելս Մկրտչյանը, բայց նա էլ հիվանդացավ, եւ կուսակցությունը կարծես թե ինքնահոսի մատնվեց։ Նախարար դառնալուց հետո ինձ բազմիցս առաջարկեցին ղեկավարել կուսակցությունը։ Ես տատանվում էի, նկատի ունենալով, որ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Այսինքն դա կարող է առաջացնել շատերի խանդը, քաղաքական մրցակցություն, որն էլ հետագայում զգացնել տվեց իրեն։ Ի վերջո որոշեցի համաձայնել։
Կուսակցության համագումարը հավանաբար տեղի կունենա աշնանը, եւ մենք պատրաստ կլինենք քաղաքական կյանքին մասնակցելու։ Մեր թիվ մեկ նպատակը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելն ու 5 տոկոսի սահմանը հաղթահարելն է։ Ունենալով խմբակցություն, արդեն օրենքի շրջանակներում առաջ կտանենք մեր կողմից հետապնդվող խնդիրները։
¬ Քաղաքական դաշտի ո՞ր մասում են իրենց տեսնում ագրարայինները։
¬ Կուսակցությունը սոցիալական ուղղվածություն ունի, բայց կոմունիստական չէ։ Կարելի է դասել ձախ կենտրոնամետ ուժերի շարքում։ Զբաղվելու ենք հատկապես գյուղի խնդիրներով, բայց դա չի նշանակում, թե այլ հարցերով չենք զբաղվելու։ Մեր կուսակցության շարքերում հիմնականում այս ոլորտի մարդիկ են, որոնք կյանքի մեծ փորձ ունեն։ Եթե կարողանանք խորհրդարանում ավելի լավ ներկայանալ, քան սոսկ 5 տոկոսը հաղթահարելը, ապա կառաջադրենք նաեւ մեր թեկնածուներին կառավարության կազմում։
¬ Պրն Գեւորգյան, իսկ որպես արդեն նախկին նախարար եւ կառավարության նախկին անդամ, ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը։
¬ Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ եղել եմ այդ կառավարության անդամ։ Այնտեղ հիանալի մարդիկ կան, որոնք ամբողջ սրտով ցանկանում են օգնել մեր ժողովրդին, բայց որ կան լուրջ թերություններ, նույնպես ակնհայտ է։ Կարող եմ ասել, որ տնտեսական խնդիրների լուծման առումով կառավարությունը շատ լուրջ անելիքներ ունի։ Կցանկանայի նշել, որ այստեղ պետք է պրոֆեսիոնալներ լինեն։ Եթե նախարարը քաղաքական պաշտոն է, դա ամենեւին էլ չի նշանակում, թե բնագավառից անտեղյակ մարդուն պետք է ղեկավար նշանակել։ Այսինքն, բացի քաղաքական գործիչ լինելուց, այդ մարդը պետք է լինի բնագավառի լավագույն մասնագետ, ունենա մեծ փորձ եւ կազմակերպչական ունակություններ։
¬ Անդրադառնանք գյուղատնտեսության ոլորտի այն կարեւոր խնդիրներին, որոնք, ըստ Ձեզ, առաջնահերթ լուծման կարիք ունեն։ Որո՞նք են դրանք։
¬ Մենք, իհարկե, ունեցանք հաջողություններ։ Սակայն այստեղ ավելի շատ առկա էր անհատի գործոնը։ Պետական լուրջ հոգածություն է անհրաժեշտ, որպեսզի գյուղատնտեսությունն իսկապես ոտքի կանգնի։ Դրանցից առաջնահերթը գյուղում կոոպերացիայի զարգացումն է։ Մինչեւ հողակտորները չմեծանան, հնարավոր չի լինի ունենալ զարգացած գյուղինդուստրիաՙ գոնե այն ծավալներով, որ կար Խորհրդային Միության տարիներին։ Հարկ է միավորել հողերը, մարդկանց աշխատանքը, մթերումները։ Ընդգծում եմ, որ սա հետքայլ չէ դեպի կոլխոզ-սովխոզները։ Դրանցում կոոպերացիա կար միայն աշխատանքի առումով։ Հողը պետական էր։ Առաջարկվող կոոպերացիայի դեպքում հողն ու աշխատուժը մասնավոր են։ Սա իր էությամբ ամբողջությամբ տարբերվում է նախկինից եւ ընդունված ձեւ է ամբողջ աշխարհում։ Երկրորդըՙ պետությունը, որն այսօր էլ օգնում է գյուղացուն, պետք է սատար կանգնի գյուղին ավելի լուրջ ֆինանսական միջոցներով։ Օրինակՙ ջրի վարձի առումով։ Երբ ես նախարար դարձա, կարողացա հասնել նրան, որ կառավարությունը մեկ դրամով նվազեցրեց ջրի վարձը, որը մեծապես նպաստեց այդ տարիների սոցիալական լարվածության թուլացմանը։ Այժմ այն բարձրացել է 2-3 դրամով։
Գտնում եմ, որ Հայաստանում ոռոգման ջրի վարձը պետք է վճարի ոչ թե գյուղացին, այլ պետությունը։ Հիմա էլ պետությունը դա կատարում էՙ տարեկան 4-5 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի դիմաց հատկացում կատարելով։ Մնում է 2-3 մլրդ դրամը, որը պետությունը գոնե առաջիկա 10-15 տարիներին նույնպես պետք է վճարի, իսկ գյուղացին էլ իմանա, որ իր թիկունքին պետությունն է կանգնած։ Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց ես մնում եմ այս համոզմանը։
Հաջորդը գյուղատնտեսության ոլորտի շուրջ 1 տասնյակ գիտահետազոտական ինստիտուտները ներկայիս ծանր վիճակից հանելն է։ Վերամշակող ձեռնարկությունների համար կարեւորվում է առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։ Մենք 2000 թ. այդ նպատակով 3 մլն դոլար վարկ տվեցինք այդ ձեռնարկություններին, ինչը մեծապես նպաստեց նրանց ոտքի կանգնելուն։ Հիմա երբեմն դատարկ խոսակցություններ են լսվում, որ այդ տարի ծիրանի լավ բերք կար, բայց մենք չկարողացանք իրացնել եւ վերամշակել։ Նշեմ, որ 2000 թ.-ին մենք վերամշակեցինք այնքան ծիրան, որքան չէինք վերամշակել նախորդ 10 տարիների ընթացքում։ Բոլոր գործարանները պատրաստ են եղել բերքն ընդունելու, փչացել է միայն այն բերքը, որը ծառի տակ թափվել է եւ չի տարվել գործարան։ Այսօր խնդիրն այլ է։ Վերամշակող ձեռնարկություններն իրենց շուկաները գտել են, իսկ ընդլայնման համար հարկ է, որ ընդլայնվեն ցանքատարածությունները եւ բարձրանա բերքատվությունը։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի հնարավորություններ ունենք այս ոլորտում, բերեմ մեկ թիվ. խորհրդային տարիներին Արարատյան դաշտից ստանում էինք շուրջ 200 հազ. տոննա պոմիդոր, իսկ անցյալ տարի եղել է ընդամենը 37 հազ. տոննա։
Հացահատիկի արտադրության մասին երկու կարծիք կաՙ առաջին, որ Հայաստանը հացահատիկ մշակող հանրապետություն չէ ու պետք չէ դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնել, երկրորդ, որը ես պաշտպանում եմ, Հայաստանում իրական հնարավորություն կա հացահատիկի համախառն բերքը հասցնելու տարեկան 500-600 հազ. տոննայի։ Այսինքն կրկնապատկել։ Ես դա միշտ համարել եմ գերխնդիր, քանի որ մենք շրջափակման մեջ ենք եւ պետք է մեր նվազագույն պաշարն ունենանք։ Դա պարենային անվտանգության առաջին երաշխիքն է։ Չի կարելի թույլ տալ, որ կրկնվի 90-ական թթ. այն վիճակը, երբ պատահել է, որ մեկ օրվա հացի պաշար ենք ունեցել։ Ես չեմ առաջարկում Արարատյան հարթավայրն ամբողջությամբ հացահատիկ ցանել։ Ո՛չ, ես առաջարկում եմ առանց ցանքատարածություններն ավելացնելու, այն տեղերում, որտեղ հացահատիկը ավանդաբար մշակում են, բերքատվությունը բարձրացնել։
¬ Եվ վերջին հարցը դարձյալ քաղաքական է։ Ինչպե՞ս եք վերաբերվում գործող նախագահի հրաժարականի պահանջին։ Գալիք ընտրություններին դուք թեկնածություն առաջադրելո՞ւ եք։
¬ Մեր կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու։ Կմասնակցենք նախագահի ընտրություններին եւ կոչ կանենք մեր ընտրողներին իրենց ձայնը տալ այս կամ այն թեկնածուին։ Իսկ թե ում կաջակցենք, կորոշվի համագումարում։ Ինչ վերաբերում է ներկա նախագահի հրաժարականին, ես կարծում եմ, որ դա անհիմն պահանջ է։ Դրա համար շատ լուրջ հիմնավորումներ են պետք, որոնք չկան։ Երկրորդՙ նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը 8-9 ամիս։ Դա բավարար ժամանակ է, որպեսզի բոլորը ընտրություններին նախապատրաստվեն ու իրենց քվեարկությամբ իրենց կարծիքն արտահայտեն։ Թող յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզչությունն անի, եւ ամեն ինչ նախատեսված ժամկետներում տեղի կունենա։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ