Արմավիրում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Արմավիրի մարզ, որը համարվում է Հայաստանի գյուղատնտեսության հիմնական կենտրոններից մեկը։ Առաջին ձեռնարկությունը, որտեղ եղավ Երեւանից եկած պաշտոնական պատվիրակությունը, Ջրառատ գյուղի թռչնաֆաբրիկան էր, որը սկսել է աշխատել 8 ամիս առաջ եւ հիմա օրական արտադրում է 4 տոննա թռչնի միս. բուծվում են 250 հազար մսատու ցեղի հավատեսակներՙ նախկինի 76 հազարի փոխարեն։ Այստեղ ավելացել են նաեւ աշխատատեղերըՙ նախկինում եղած 60-ի փոխարեն այժմ դրանք հասնում են 250-ի։ Աշխատավարձը, թռչնաֆաբրիկան ձեռք բերած «Իքս գրուպ» ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, կազմում է 25¬28 հազար դրամ եւ տրվում է առանց ուշացումների։
Ջրառատում վերջերս կառուցված եւ աշխատանքը նոր սկսած ձեռնարկություն էր «Արարատ ֆարել» ձկան վերամշակման գործարանը։ Նախագահը շրջեց վերջինիս տարածքովՙ ծանոթանալով ձկան խորը սառեցման արտադրական հոսքագծի հնարավորություններին։ Այս փոքր ձեռնարկությունում, ինչպես իմացանք տեղում, աշխատում է 26 մարդ, իսկ թողունակությունը կազմում է օրական 4 տոննա։
Արմավիր քաղաքում նախանշված այցելավայրերից առաջինը կաթի ֆաբրիկան էր, որն արտադրում է պաղպաղակ եւ ցորենի սպիրտ։ Ձեռնարկությունում 30 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատում է 120 մարդ։ Սակայն իր կարեւորությամբ Արմավիրի բնակիչների համար առանձնանում էր խմելու ջրի նոր գծի բացումը, որը շուրջօրյա ջրամատակարարում կապահովի քաղաքի բնակչության մոտ մեկ երրորդին։ Արմավիրում խմելու ջրի խնդիրը խիստ սրված է ջրատարների մաշվածության եւ անընդհատ կրկնվող վթարների պատճառով։ Ինչ վերաբերում է նոր ջրագծին, որն, ինչպես արդեն նշեցինք, մասամբ կբավարարի քաղաքի կարիքները, կառուցվել է գերմանական KfW բանկի տրամադրած 12,5 մլն եվրո վարկի միջոցներով։ Ծրագիրն իրականացնող «Նոր ակունք» ՓԲԸ-ն կոչված է առաջիկա 3¬4 տարիներին ամբողջովին կարգավորելու Արմավիրի, Մեծամորի եւ 9 գյուղական համայնքների ջրամատակարարումը։ Ջրագծի բացման ժամանակ ելույթներ ունեցան Արմավիրի քաղաքապետը, գերմանական կողմի ներկայացուցիչը, քաղաքի բնակիչներից մեկը։
Ոռոգման հիմնախնդրի լուծմանն է կոչված Արմավիրի ոռոգման ջրի գլխամասային հանգույցի (Արաքս գետի վրա) արմատական նորոգումը։ Այն հնարավորություն կտա էապես բարձրացնել Արաքս գետից վերցվող ջրի ծավալը, որն այժմ լավագույն դեպքում կազմում է 27 խմ/վրկ։ Այս նպատակով հատկացված գումարը 2,9 մլն դոլար է եւ առաջիկայում, նախագծային եւ շինարարական աշխատանքների իրականացման մրցույթներից հետո, կսկսվի ծրագրի գործունեությունը։ Հանգույցի Ղարաղալայի գլխամաս այցելելուց հետո, Ռոբերտ Քոչարյանն ուղեւորվեց Թուրքիայի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող «Մաքս գրուպ» ընկերության վարձակալած, նախկինում անմշակ եւ քարքարոտ տարածքներ։ Ընկերության «Մաքս ֆրուտ» հացահատիկի արտադրության զարգացման երկարաժամկետ ծրագիրը սկսվել է անցյալ տարի։ Սկզբնական շրջանում մշակվում էր 2 հազար հա տարածք, այս տարի արդեն կազմում է 11 հազար հա, իսկ 2007 թ. պետք է լինի 30 հազար հա։ Հացահատիկի արտադրությունը 8 հազար տոննայից ակնկալվում է հասցնել մինչեւ 135 հազար տոննայի։ Այստեղ ներդրվելու է մի քանի միլիոն դոլար ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդնողների կողմից։ Ցանքատարածություններում աշխատող շուրջ 250 գյուղացիները Վանանդ, Տալվորիկ, Արտամետ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ գյուղերից ստանում են միջինը 100 դոլարին համարժեք աշխատավարձ։ Նախագահի հետ զրույցի ժամանակ նրանք իրենց գոհունակությունն արտահայտեցին աշխատանքի առկայությունից եւ ցանկություն հայտնեցին, որ Հայաստանի մյուս վայրերում եւս ստեղծվեն աշխատատեղեր եւ մարդիկ ունենան կայուն եկամտի աղբյուր։ Սակայն գյուղացիներն ունեին նաեւ իրենց մտահոգություններն ու դժգոհությունը, որը վերաբերում էր խմելու ջրի բացակայությանը մի քանի գյուղերում։ Նրանց եւ մասնավորապես Կողբավանի գյուղապետիՙ խմելու ջրի խնդրի կարգավորման պահանջների մասին տեղեկանալով, Ռոբերտ Քոչարյանը խոստացավ այդ հարցին անդրադառնալ Արմավիրի մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ։ Խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, Արմավիրի մարզպետը, մարզային իշխանությունների ղեկավար պաշտոնյաները։ Դրա ավարտից հետո նախագահը հանդիպեց լրագրողների հետՙ ներկայացնելով քննարկված հարցերը։
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Արմավիր քաղաքի մի մասն այս աշնանը խմելու ջրի 24-ժամյա մատակարարում կունենա, իսկ ոռոգման ջրի խնդիրն արմատապես կլուծվի 1,5¬2 տարվա ընթացքում, որից հետո առաջիկա 15¬20 տարում նման խնդիր մարզը չի ունենալու։ Որպես դրական երեւույթ նշվեց նոր այգիների ավելացումը։ Մինչդեռ մի քանի տարի առաջ հակառակ գործընթացն էրՙ մարդիկ քանդում էին այգիները եւ հացահատիկ ցանում։ Ընդհանուր առմամբ մշակվող հողատարածություններն ավելացել են 2700 հա-ով։ Նախագահը նշեց, որ խորհրդակցության ընթացքում արձանագրված բոլոր խնդիրների լուծումները տրվելու են։ Նա չթաքցրեց իր գոհունակությունը գյուղացիների հետ զրույցից, ասելով, որ մարզի գյուղերում վիճակը համեմատաբար բարվոք է եւ, ի տարբերություն քաղաքների, արտագաղթ այստեղից չկա։ Մեր այն հարցին, թե ինչպես լուծվեց խմելու ջրի խնդիրը դրանից զրկված գյուղերում, նախագահը պատասխանեց, որ այդ հարցի լուծումը կտրվի, որն ավելի շատ կազմակերպական հարց է։ Խնդիրը խափանված պոմպի նորոգման կամ փոփոխման մեջ է։ Այնուհետեւ նա առանձնացրեց «Մաքս գրուպի» գործունեությունը, նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ ներդրումներ են կատարվում ուղղակի գյուղատնտեսության մեջ։ Մինչ այժմ դրանք գյուղմթերքների վերամշակման ոլորտում էին կատարվում։
Անդրադառնալով իր պաշտոնանկությունը պահանջող մի շարք պատգամավորների նախաձեռնությանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում նման բազմաթիվ նախաձեռնություններ են եղել, եւ ինքը չի ցանկանում անդրադառնալ նման անլուրջ ձեռնարկումներին։ Նա միայն նշեց, որ որքան հաջողությունները շատ են լինում, այնքան ավելանում են նման նախաձեռնությունները։