Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում երեկ ավարտվեց «Հայկական հարցը 21-րդ դարում. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որի եռօրյա նիստերի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, քննարկումներ։ Համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանի խորին համոզմամբ, Հայկական հարցին նոր հնչեղություն տալու եւ վաղվա սերնդին փոխանցելու նպատակով անչափ կարեւոր են նման գիտաժողովներն ու միջազգային եւ հայ գիտնականների մշտական շփումները։
Գիտաժողովի պատմության բաժանմունքում լսվեցին ելույթներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի, Իրանի հայկական գաղութի, հայ-քրդական հարաբերությունների, 15-րդ դարում թուրքական նվաճումների, 19-րդ դարում Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանի գործունեության եւ Հայոց ցեղասպանության նախօրեին Հնչակյան կուսակցության դիրքորոշման մասին։
Միջազգային հարաբերությունների բաժանմունքում կարեւորվել էին ղարաբաղյան հիմնահարցը եւ միջազգային կազմակերպությունները, Հայկական հարցը եւ Ռուսաստանը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Հայկական հարցը եւ Ազգերի լիգան, ղարաբաղյան շարժման սոցիալ-հոգեբանական, քաղաքական վերլուծությունը, ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեյի գործունեությունը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման հիմնահարցերը թեմաներով քննարկումները։
Փիլիսոփայության բաժանմունքում տեղ էին գտել գլոբալացման եւ բարոյականության, Հայաստանում զբաղվածության քաղաքականության, հանրակրթական դպրոցում կերպարվեստի դասավանդման ծրագրային փոփոխության եւ այլ հարցեր։
ՀՀ տնտեսության կառավարման մի քանի հիմնահարցերը, սեփականաշնորհման միջազգային փորձն ու առանձնահատկությունները, տուրիզմի զարգացումը, Հայաստանի եւ Թուրքիայի առեւտրական կապերը, էլեկտրոնային ձեռնարկության սկզբունքները եւ այլ հարցեր քննարկվեցին տնտեսագիտության բաժանմունքում։
Լեզվի եւ գրականության բաժանմունքում ելույթ ունեցավ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, որը խոսեց Ավետիք Իսահակյանի «Հայկական հարց» անտիպ աշխատության մասին, որը լույս կտեսնի մոտ ժամանակներս։ Ընդամենը 35 էջանոց ծոցատետրում Ավետիք Իսահակյանն ամբողջացնում է Հայկական հարցի էությունըՙ նշելով հայ ժողովրդի գործունեության ու կենսակերպի 10 ազգային պատվիրանները։ Հայոց լեզվի զարգացման մի քանի խնդիրների էր նվիրված ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ելույթը։ Այս բաժնում խոսվեց նաեւ հայ բարբառների ու աշխարհագրության, Հրաչյա Աճառյանի հուշագրության եւ լեզվական փոփոխությունների մասին։
Գիտաժողովն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին։ «Ազգը» զրույցի հրավիրեց Հոլանդիայից ժամանած լրագրող, թարգմանիչ Արսեն Ազարյանին, Անգլիայի Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի քարտուղար Բագրատ Նազարյանին եւ նրա տիկնոջըՙ Սեդա Նազարյանին, որն արեւելահայերեն է դասավանդում Լոնդոնի կիրակնօրյա հայկական դպրոցում. «Ուրախ ենք եւ հպարտ, որ Հայաստանում Հայկական հարցն այսպիսի ուշադրության է արժանանում», ասացին նրանք, որ երկար տարիներ ապրելով Եվրոպայում, պահպանել են իրենց անմնացորդ սերը հայրենիքի նկատմամբ եւ ապրում են նրա հոգսերով ու խնդիրներով։
Ռ. Պ.