Հունիսի 2-ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (սակրեբուլոներ) ընտրություններ, որոնք ցույց տվեցին, թե ինչքան խորն է ժողովրդի ատելությունը 74-ամյա նախագահ, «սպիտակ աղվես» մականունով Էդուարդ Շեւարդնաձեի հանդեպ։ Շեւարդնաձեի ղեկավարած Վրաստանը թաղվել է աղքատության, պարտքերի, խավարի մեջ։ 74-ամյա նախագահը «պոլիտբյուրոյի» տարիներին սերտել է քաղաքական խարդավանքների արվեստը։ Շեւարդնաձեի նախագահության տարիներին տարբեր հանգամանքներում սպանվել են վրաց նշանավոր քաղաքական, պետական գործիչներՙ Սոլիկո Խաբեիշվիլի, Գեորգի Ճանտուրիա, Նիկոլայ Կեկելիձե, Պաատա Դաթուաշվիլի, Դավիթ Արաբիձե, Գեորգի Գուլուա, Կորնելի Ճելաձե, Միխայիլ Կուրդաձե, Դեմուրի Դվալիշվիլի, Ժիուլի Շարտավա, Գեորգի Պատարիձե, Նուգզար Սաջայա...
Վերոշարադրյալ զոհերը ժամանակին եղել են Շեւարդնաձեի ընկերները։ Սպանություններից եւ ոչ մեկը չի բացահայտվել, այս բարձրաստիճան պետական եւ քաղաքական գործիչների հարազատները թաղման արարողությունների ժամանակ անիծել են բատոնո Էդուարդինՙ նրան բարձրաձայն անվանելով «մարդասպան»։
Թվում է, Շեւարդնաձեի աստղը խամրում է։ Հունիսի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որը 2003 թ. նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կարեւոր փուլ է, Շեւարդնաձեի «Քաղաքացիական միություն» կուսակցությունը պարզապես ջախջախվել է, ըստ նախնական տվյալների, չստանալով նույնիսկ քվեների 1 տոկոսը։ Ըստ նախնական տվյալների, ընտրություններում առջեւում են միանգամից երեք աջակողմյան ուժեր. 34-ամյա Միխայիլ Սահակաշվիլու «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատ» շարժումը ստացել է քվեների 25 տոկոսը։ Արդարադատության նախկին նախարար Սահակաշվիլին, որին Վրաստանի կես միլիոնանոց ադրբեջանական համայնքը հետեւողականորեն «զտարյուն հայ» է անվանում, ընտրություններին մասնակցում էր «Վրաստանն առանց Շեւարդնաձեի» կարգախոսով։ Սահակաշվիլին հրաժարական տվեց 2001 թ. աշնանը, հայտարարելով, որ ինքը չի ցանկանում մաս կազմել վրացական կոռումպացված կառավարությանը, դեկտեմբերին ձեւավորեց «Ազգային շարժում-ժողովրդավարական ճակատը»։ Ուշագրավ է, որ Սահակաշվիլուն աջակցեցին նաեւ նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները, որոնք լուրջ ուժ են Արեւմտյան Վրաստանում։ Մոտավորապես 25 տոկոս քվեներ է ստացել Շալվա Նաթելաշվիլու «Լեյբորիստական» կուսակցությունը։ «Նոր աջերը» ստացել են քվեների 12 տոկոսը, խորհրդարանի նախկին նախագահ, քրիստոնեա-պահպանողական կուսակցության առաջնորդ Զուրաբ Ժվանիայի թիմըՙ 9, «Արդյունաբերողները»ՙ 7, «Աղորձինեբան» (ներկայացնում է Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեին)ՙ 6, «Միասնությունը»ՙ 4, սոցիալիստներըՙ 3, «Ժողովրդական ավանդապահները» եւ Ազգային ժողովրդավարական կուսակցությունըՙ 2-ական։
Ընտրություններն անցել են բազմաթիվ լուրջ խախտումներով։ Օրինակ, Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ավտոբուսի վրա, որով տեղափոխելիս են եղել 40 հազար քվեաթերթիկներ, առեւանգել են դրանք եւ հեռացել անհայտ ուղղությամբ։ Ռուսթավիում ընտրությունները ճանաչվել են անվավեր։ Ընտրություններ չեն կայացել նաեւ Խաշուրի քաղաքում, քանի որ քվեաթերթիկներն ընտրական տեղամաս են հասցվել ուշացումով։ Զուգդիդում ընտրություններն անցել են կիսատ-պռատ։ Հասկանալի պատճառներով ընտրություններ չեն կայացել ինքնահռչակ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ