Գուցե հոտած ձո՞ւկ
Երեւանը, որպես միլիոնանոց քաղաք, նաեւ մայրաքաղաք, բազում փողոցներ ունի։ Յուրաքանչյուրը դրանցից ունի իր «դեմքը», որ երբեմն հարիր է, երբեմն էլ անհարիր փողոցի անվանը։ Մեր ազգի մեծերից շատերի անուններով են կոչվում Երեւանի փողոցները. Մաշտոցի, Տիգրան Մեծի, Թումանյանի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Մովսես Խորենացու եւ այլն։ Մովսես Խորենացու ով լինելու մասին խոսելու մտադրություն չունեմ, այլՙ Մովսես Խորենացու անվան փողոցի։ Փողոցի երկայնքով շարված են մոտ 50 «կրպակներ», այսինքնՙ իրականում մոտ 50 մետաղյա տուփիկներ, որոնցում միս են վաճառում։ Նախ, մսավաճառության համար չնախատեսված «կրպակներն» ու դրանց շրջակայքը պարզապես հակասանիտարական են։ Եթե այդ կրպակներից դուք միս գնեք ամենաուշը օրվա երկրորդ կեսին, համոզված եղեք, որ գնում եք արդեն կիսաեփ, «արեւահարված», միջատների, մասնավորապես ճանճերի հսկա «բանակների» կողմից «ոտատակ արված» մսակտորներ։ Դրան ավելացրեք, որ միսը ձեզ կհրամցնեն կեղտոտ մի կտորի վրայից, ընդ որում, մսի քաշը ձեր գրպանին հարմարեցնելու ժամանակ հանկարծ աչք չգցեք մսագործի ձեռքերին, այլապես գոնե մեկ ամսվա դիետան ձեր սնվելու հիմնական եղանակը կդառնա։
Մսավաճառների «կրպակները» ոչ սառնարան ունեն, ըստ էության, ոչ էլ ջրի որեւէ աղբյուր։ Դրան ավելացնենք նաեւ այն, որ «ցուցասեղանին» փռած մսի կտորները «բաց» են իրենց որակի նկատմամբ ցանկացած տեսակի «ոտնձգության» նկատմամբ։
Խորենացու փողոցի երկայնքով շարված երկաթե «բնիկներից» միայն մեկն էր, որտեղ միսը դրված էր ապակու տակ։ Սա թերեւս փոքրացնում է ճանճային գրոհների քանակը, սակայն «արեւահարվող» մսին հնարավորություն է տալիս նաեւ «շոգեհարվել»։
Եվ սա դեռ բոլորը չէ։ Որոշ կրպակների առաջ կարելի է տեսնել մեքենաներՙ բեռնված ոչխարներով, որոնք այնպիսի տեսք ունեն, որ ակամա կասկածում ես դրանց մորթվելու դեպքում վաճառվելիք մսի ե՛ւ համին, ե՛ւ որակին։ Ավելացնենք նաեւ, որ թոք-ջիգյար կոչեցյալն էլ արդեն ոչ թե կրպակներում է դրված, այլ թասերի մեջՙ մայթին։
Սրանով էլ չի վերջանում հակասանիտարական վիճակը։ Խորենացու փողոցի մսավաճառների մայթի հակադիր կողմում, նախկին Պետական հանրախանութի (ՊՀԽ) շրջակայքում, նույնպես առեւտուր է։ Այստեղ, օրինակ, ձուկ են վաճառում. տեսականինՙ մեծ, ձկների «ինքնազգացողությունը»ՙ խիստ տարբեր։ Որոշ ձկներ այնքան վաղ են հրաժեշտ տվել ջրին եւ իրենց պիրկ լինելուն, որ, ցանկության դեպքում, կարելի է դրանք հանգուցել։
Ձկնավաճառների շուրջբոլորն էլ, լավատեսության դեպքում, «ձկնապուր» է հիշեցնում։ Եվ այդ կեղտի կույտերի մեջ ոչ միայն վաճառում են, այլեւ գնում։
Ասում են, արտասահմանում արգելված է նույն դանակով ե՛ւ ոչխարի, ե՛ւ խոզի, ե՛ւ տավարի միս կտրատել։ Դե, մեզ համար, սա էկզոտիկա է։ Մենք դեռ փառք կտանք, որ մսավաճառը գոնե օրվա մեջ մի քանի անգամ լվանա ձեռքերը։
Իսկ ավելի շուտ փառքով կմեծարենք բոլոր նրանց, ովքեր, ընդհանրապես, կատարում են իրենց պարտականությունները, մասնավորապես, սանէպիդկայանը կամ դրա նմանները։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Նշված շուկայում հետաքրքրականն այն էր, որ 2 միլիցիոներներ «հետապնդում էին» 2 կնոջ, որոնք կանաչեղենով լցված տոպրակներով փորձում էին փախչել։ Ա՛յ քեզ արդյունավետ վերահսկողություն։