Հակոբ Պողոսյանի հիշատակին
«Եթե հիշատակս ալ թառամի
Ահ, այն ատեն ես կմեռնիմ»։
Պ. Դուրյան
Ուրախությունը եւ տխրությունը մեր կյանքում այնքան արագ են հերթագայում միմյանց, որ հաճախ հրճվանքն ու արցունքը միմյանցից դժվար է լինում տարբերակել։ Մեզանից անվերադարձ հեռացող յուրաքանչյուրն իր հետքըՙ լավ թե վատ, թողնում էՙ ըստ իր ապրած կյանքի, եւ գործի անմահության գաղափարը պատահական չէ բնավ։
Երեկ Երեւանի Վ. Թեքեյանի անվ. վարժարանում կարեւոր օր էր. Լոս Անջելեսում հրատարակվող «Նոր օր» թերթի նախկին խմբագիր Հակոբ Պողոսյանի հիշատակը հավերժացնելու առումով։ Եվ վարժարանի մթնոլորտը տոնականությամբ հանդերձ, նաեւ տխրություն ուներ։ Կրթօջախն այդ օրը հյուրընկալ էր ավելի քան երբեք։ Կենտրոնական Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության ատենապետ Վարդգես Պալյանի եւ իր կնոջՙ Ռիտա Պալյանի, Հակոբ Պողոսյանի այրուՙ տկն Անի Պողոսյանի եւ դստերՙ Նաիրիի, Լոս Անջելեսի «Արշակ Տիգրանյան» վարժարանի ուսուցչուհի Լորա Գույումջյանի, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի այցելությունը վարժարան խորհրդանշական բնույթ ուներ։ Դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Հակոբ Պողոսյանի անունով։ Արարողությունը կատարվեց ներկայանալի եւ բավականին կազմակերպված։ Ճաշակով կահավորված, լուսավոր, ընդարձակ դասասենյակի օծման արարողությունը կատարեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի Աստվածածին եկեղեցու քահանա տեր Զաքարիա Ավետիսյանըՙ հուզիչ մթնոլորտում, որին հետեւեց վարժարանի սաների ասմունքը եւ պարային գեղեցիկ կոմպոզիցիան։
Այս արարողության խորհուրդը մի նոր ճանապարհի սկիզբ էր. օտարության մեջ ազգային ինքնությունը պահպանելու համար պայքար մղող հայ մարդն ի վերջո հիշողությունը վավերացնում է հայրենիքում։ Եվ սա մխիթարանք չէ պարզապես կամ հոգու անդորրություն։ Սա նաեւ արմատներից ու հողից սկիզբ առնող մի նոր շարունակություն է, եւ այդ շարունակությունը մշակույթի, գրականության, մեր ավանդույթների պահպանության շնորհիվ է, եւ այն անհատների, ովքեր կերտում, ստեղծում են այդ մշակույթը եւ պատմությունը։ Նրանցից մեկը Հակոբ Պողոսյանն է։
Վարժարանի տնօրեն Անահիտ Խալաթյանը զգայուն, հայրենասիրությամբ տոգորված երախտագիտության խոսք հղեց հայ մանկավարժության լավագույն ավանդույթները պահպանող, իրենց կրթօջախի բարերարներինՙ հոգածության համար։ Իսկ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նկատեց, որ այս կրթարան մտնելիս հոգեկան հանգիստ ես վայելում, քանի որ հնարավորություն ունես բարի գործ կատարելուՙ ինչ-որ ձեւով նպաստելով կրթօջախի գործունեությանը։ Հակոբ Պողոսյանին բնութագրելու համար ամենաբնորոշ բառը, ըստ պրն Ավետիքյանի, հայրենասիրությունն է, որ նկատվել է դեռեւս դպրոցական, ուսանողական տարիներից, երբ նա ՀԲԸՄ-ի համալսարանական միության անդամ էր, լրագրող, ավիաընկերության աշխատակից եւ խմբագիր։ Այսինքնՙ հայրենասիրությունը նրա արյան բաղադրամասն էր եւ ներկայացված պատկերները դա էին վկայում։ Նա մեծ աշխատանքներ է կատարել Երեւան-Բեյրութ թռիչքներն իրականացնելու, 1988-ի երկրաշարժի առաջին արձագանքողներից մեկն է եղելՙ մարդասիրական օգնություն հասցնելով Հայաստան եւ առաջին կենդանի թղթակցությունը բերելով աղետի գոտուց։ Սփյուռքում նա այն քչերից էր, որ Հայաստանի անկախությունն ընկալեց իբրեւ երկրի զարգացման միակ հնարավոր ապագա։ Եվ հետագայում որպես «Նոր օրի» խմբագիր եւս բացառիկ էրՙ ստեղծելով թե՛ բովանդակային, թե՛ իրատեսական առումներով լավագույն պարբերականներից մեկը դրսում։ Խմբագրի տեսնող աչքը եւ սուր գրիչը, ճշմարտասիրությունը եւ համարձակությունըՙ Լոս Անջելեսում նրան դարձրել էր «ամենեն փնտրված լրագրողը»։
Հակոբ Պողոսյանին հիշողներըՙ «Արշակ Տիգրանյան» վարժարանի ուսուցչուհի Լորա Գույումջյանը, տկն Ռիտա Պալյանը, նրա կյանքը եւ գործունեությունը դիտեցին իբրեւ հայրենասիրության լավագույն օրինակ սփյուռքում, իսկ այսուհետեւ Վ. Թեքեյան վարժարանի անվանակոչված դասարանն այդ հայրենասիրությունը վերհիշեցնող մթնոլորտ եւ տրամադրություն է ստեղծելու նաեւ հայրենիքում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ