«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2002-06-04 | #103, 2002-06-05 | #104, 2002-06-06


ԻՐԱՆԱՀԱՅ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Համագործակցության ծնունդ ձեռնարկություն

Արցախի տնտեսական զարգացումն ապահովելու գործում օտարերկրյա ներդրումների անհրաժեշտության մասին խոսվել է բազմիցս։ Այդ մասին արտահայտվելով Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովումՙ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը միաժամանակ մատնանշել է նման ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները ԼՂՀ-ում։ Եվ դրանում համոզվելու գործնական առիթը չի ուշացել։ Խորհրդաժողովի ավարտից ընդամենը մի քանի օր հետո Արցախում, Ասկերանի շրջանի վարչական տարածքում իրանահայ ձեռներեցների ջանքերով բացվել է պոլիէթիլենային գործարան, որն իր տեսակով եզակի է Արցախում։

«Սասուն» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իրականացնում է այս աշխատանքները, ըստ հաստատված բիզնես-ծրագրի, մինչեւ տարեվերջ պետք է ներդնի 67 միլիոն դրամ, որի մի մասն արդեն ներդրվել է։ Արդեն գործում է հիմնական արտադրամասը։ Ընկերության գլխավոր տնօրեն Հովնան Ավետյանի խոսքերով, այս ձեռնարկման գլխավոր նպատակը նյութական շահը չէ, որովհետեւ վաստակած միջոցները կվերադարձվեն արտադրությունՙ ընդարձակելու համար։ Կարեւորը, ըստ գլխավոր տնօրենի, Արցախում նոր աշխատատեղեր բացելն է, իսկ իրենք մտադիր են առնվազն 100 ընտանիքների համար աշխատատեղեր ստեղծել։ Ներկա դրությամբ գործարանում թողարկվում են առայժմ պոլիէթիլենային խողովակներ, իսկ հեռանկարում կբացվեն նաեւ ռետինե խողովակների, ցելոֆանի, ինչպես նաեւ պոլիէթիլենե-պլաստմասսայե կենցաղային իրերի արտադրամասեր։ Այս ծրագիրը կիրագործվի առաջիկա երեք տարվա ընթացքում։

Գործարանի ստեղծման համար նեդրումներ են կատարել 35 իրանահայեր, որից միայն Թեհրանի թեմական խորհուրդն ունի 10 բաժնետոմս։ Իսկ ընդհանուր առմամբ, ձեռնարկության բաժնետերերը 70 հոգի են։

Ձեռնարկության առաջին պատվիրատուն ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունն է։ Արդեն կա 20 հեկտար հողատարածքի համար անձրեւացման եղանակով ոռոգման սարքերի արտադրության պատվեր։ Նախարարությունը մտադիր է պատվիրել նաեւ ոռոգման համար անհրաժեշտ տարբեր տրամաչափերի խողովակներՙ հենց որ գործարանը ձեռնամուխ լինի դրանց թողարկմանը։

«Սասուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Դանթե Աղաջանյանի հավաստմամբ, ձեռնարկության արտադրանքը որակապես նախընտրելի է։ Խողովակները հուսալի են իրենց դիմացկունությամբՙ ինչպես մթնոլորտային օքսիդացման, այնպես էլ բարձր ջերմաստիճանի ու սառնամանիքի պայմաններում։

Հուսանք, որ «Սասունին» կհաջողվի առաջիկայում ընդարձակել ոչ միայն արտադրանքի տեսականին, այլեւ դրանց սպառման շուկան։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4