«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը «Հայաստան-սփյուռք» մշակութային ընդհանրություններ եւ տարբերություններ» թեմայով գիտաժողով կանցկացնի 2002 թ. նոյեմբերին։ Իսկ մինչ այդ կքննարկվեն երեք կարեւոր հարցեր. հայերի էթնիկ ինքնապահպանության հարցերը, կրոնի եւ եկեղեցու դերը հայ ժողովրդի ինքնության եւ ձեւավորման ու պահպանման գործում, ազգային մշակութային արժեքների պահպանվածության աստիճանն ու դրսեւորման ձեւերը Հայաստանում եւ սփյուռքում։ Նախատեսվում է քննարկումների եւ գիտաժողովի նյութերով առաջարկությունների փաթեթ ձեւավորել հայ ժողովրդի տարբեր գաղթօջախների միջեւ խորացող մշակութային մեկուսացումը կասեցնելու եւ ընդհանրությունները խթանելու համար։

«Հայերի էթնիկ ինքնապահպանության հարցերը» թեմայով սեմինարը տեղի ունեցավ երեկ, որին հրավիրված էին ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության, իրավունքի եւ փիլիսոփայության, գրականության ինստիտուտների գիտաշխատողներ, ԵՊՀ դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանի ելույթը նվիրված էր դիասպորայի հայկական մոդելի վերլուծմանը։ Նա նշեց, որ 1915 թ. եղեռնից հետո գաղթօջախ եւ սփյուռք տարբերություններն ընդգծվեցին։ Այսպես օրինակ, Մ. Նահանգների հայերն ավելի հեշտ են կորցնում հայրենիքի հետ ունեցած կապը։ Հայրենիքի գաղափարը դառնում է սիմվոլիկ, Հայաստանը սիմվոլիկ հայրենիք է դառնում, իսկ իրականըՙ կորցրած Արեւմտյան Հայաստանը։ Պատահական չէ, որ այսօր հայագիտության մեջ հակադրվում են հայաստանյան «ուխտապաշտ» եւ ամերիկյան «ուխտանենգ» հայագիտական մոտեցումները։ Նրա համոզմամբ, սփյուռքում հայ էթնոսի վերացման տագնապ է նշմարվում, ուստի անհրաժեշտ է ստեղծել ոչ եկեղեցական կառույցներՙ հայապահպանման դժվարությունները վերացնելու համար։ Հայաստանում օրեցօր փոխվում է հասարակության մտածելակերպը, որը կարեւոր գործոն է սփյուռքահայերին մերձենալու իմաստով։

Արեւմտահայ եւ արեւելահայ գրական ընդհանրությունների եւ տարբերությունների մասին խոսեց գրականագետ Գրիգոր Հակոբյանը, շեշտելով, որ առ այսօր այն դույզն-ինչ չի ուսումնասիրվել։ Հայ գրողները տարբեր ժամանակաշրջաններում անդրադարձել են թեմայի ուսումնասիրմանըՙ փորձելով վեր հանել միմյանց բաժանող ու միավորող իրողությունները եւ ստեղծել մեկ միասնական գրական մշակույթ։ Ցավոք, խորհրդային տարիներին հիմնովին փոխվեց հայ վերնախավի մեծ հատվածի մտածելակերպը եւ խորհրդային գաղափարախոսությունն անդունդ ստեղծեց Հայաստանի ու սփյուռքի միջեւ։ Ի տարբերություն մինչխորհրդային ժամանակների, հայաստանցիներն այսօր դժվար են հասկանում արեւմտահայերեն, դպրոցական դասագրքերը հագեցած չեն արեւմտահայ գրողների եւ արեւմտահայերենի մասին բավարար գիտելիքներով։ Արեւմտահայերենի պահպանումը Հայաստանում կարեւորելով, նա ծայրահեղություն համարեց արեւելահայ գրողների երկերի փոխադրումն արեւմտահայերենի, կամ հակառակը։

Վենետիկի համալսարանի պրոֆեսոր հայր Լեւոն Զեքիյանն անդրադարձավ արեւմտահայ եւ արեւելահայ լեզուների զարգացման խնդրին, նշելով, որ Միջին Արեւելքի հայ գաղութներում լեզվական տարաձայնություններն ամենից ուժգին են արտահայտվել։ Արեւելահայերենն արագ է փոփոխվել, քանի որ ավելի կանոնակարգված է եւ այսօր էլ հեռանում է արեւմտահայերենից։ Կարեւորելով բառապաշարի հարստացումըՙ նա ողջունեց դպրոցներում գրաբարի դասավանդում սկսելու պրոֆ. Ջահուկյանի առաջարկը, որը կնպաստի ընդհանուր բառապաշարի կայունացմանը։ Իսկ միասնական գրական լեզու ստեղծելու համար, ըստ նրա, ճշմարիտ քայլ է աստիճանաբար դասական ուղղագրության անցնելը։

Հայոց պատմամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ ուշագրավ եւ չափազանց հետաքրքրական էր պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի պատմական համառոտ ակնարկը։ V դ. ի վեր, Արշակունյաց թագավորության կործանումից հետո հայ ժողովուրդն ապրեց տարբեր քաղաքական տիրապետությունների տակ, որոնք թելադրում էին իրենց մշակույթը։ 19-րդ դ. վերջին Հովսեփ Էմինի ազգանվեր ջանքերով ջարդվեց հատվածական հայրենիքի հոգեբանությունը, եւ ստեղծվեց միասնական հայրենիքի գաղափարը, սակայն 1915 թ. եղեռնը վերջ դրեց այդ մերձեցմանը, եւ հայ ժողովրդի երկու հատվածները նետվեցին տարբեր անդունդներ։ Հայաստանի եւ սփյուռքի մշակույթները տարբերակվեցին, քանի որ խորհրդային համակարգը տաբու դրեց ազգային հարցերի վրա։ Պրոֆեսոր Հովհաննիսյանը մատնանշեց, որ Մեսրոպ Մաշտոցից հետո Մխիթար աբբան ըմբռնեց հայ ժողովրդի գոյատեւման գաղտնիքըՙ մշակութապես հզորանալը եւ մեծ գործունեություն ծավալեց այդ ուղղությամբ։

Մասնակիցներին հուզող հարցերն ու խնդիրներն անչափ շատ էին, իսկ քննարկված հարցերն իրականություն դարձնելու ակնկալիքըՙ մեծ, քանի որ այս հարցերը մինչ այսօր կարոտ են լուրջ ուսումնասիրության։ Հավելենք, որ քննարկումների ժամանակ ներկայացված ելույթները, արտահայտված մտքերը մինչեւ գիտաժողով լույս կտեսնեն ժողովածուով։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4