ԼՂՀ վիճակագրական պետվարչությունը հրապարակել է հանրապետության արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ճյուղերի առանձին ցուցանիշները 2002 թ. հունվար-ապրիլի կտրվածքով։
Համաձայն այդ պաշտոնական տեղեկագրության, արդյունաբերության գծով առաջին չորս ամսում թողարկվել է 1904.6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 106.2 տոկոս։ Ընդ որում, միայն ապրիլին արտադրանքի թողարկման աճը կազմել է 26.1 տոկոս։ Իսկ ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության աճն ապահովվել է «Վերամշակող արդյունաբերության» եւ «էլեկտրաէներգիայի, գազի ու ջրամատակարարման» հաշվին։
Պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 1911,0 մլն դրամ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 113,1 տոկոսը), որից ԱՊՀ երկրներումՙ 26,1 մլն դրամ, այլ երկրներումՙ 176,1 մլն դրամ։
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 2607 մարդՙ 115 մարդով ավելի համեմատական ժամանակաշրջանից։
Գյուղատնտեսության բնագավառում արձանագրվել է արտադրական թվաճՙ ոչ բոլոր ցուցանիշներով։ Այսպես, եթե չորս ամսվա տվյալներով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է 0,8 տոկոսով, իսկ թռչուններինըՙ 62,2 տոկոսով, ապա մանր եղջերավոր անասունների ու խոզերի գլխաքանակը նվազել է համապատասխանաբար 1,7 եւ 9,8 տոկոսով։ Կաթի եւ ձվի արտադրությունը համեմատաբար աճել է, փոխարենը նվազել է մսի ու թռչնամսի իրացման ցուցանիշը (82,7 տոկոս)։
Շինարարության գծով 2002 թ. հունվար-ապրիլ ամիսներին ԼՂՀ-ում իրականացվել է 1318,1 մլն դրամի կապիտալ շինարարություն, որը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 123,2 տոկոսը։
Ըստ ֆինանսավորման աղբյուրների, իրականացված կապիտալ շինարարությունում համեմատական աճ է գրանցվել. բնակչությանՙ 4,3 անգամ, օտարերկրյա ներդրումներիՙ 3,9 անգամ, կազմակերպություններիՙ 3,3 անգամ, միջոցների հաշվին։
Կ. Գ., Ստեփանակերտ