Դրա գործունեության 1 տարվա ընթացքում աղքատության պատկերը գրեթե նույնն է
Կառավարությունը վերջին ամիսներին անընդհատ հիշատակում է աղքատության դեմ պայքարի նորՙ ամփոփ ծրագրի մշակումը։ Աղքատության նվազեցման ռազմավարական ամփոփ ծրագիրը, ըստ գովերգողների, պետք է դառնա ուղենիշ սոցիալական այդ ահագնացող չարիքը հաղթահարելու համար։ Արդեն ստացվել է համապատասխան դրամաշնորհը (շուրջ 300 հազար դոլար), Նիդեռլանդներից, սկսվել են փաստաթղթի մշակման աշխատանքները։ Ինչպիսի՞ն կլինի այն, իսկապե՞ս կստեղծվեն աղքատության նվազեցման, սոցիալական բեւեռացման մեղմացման, ստվերային տնտեսության էական նվազեցման, տնտեսական աճի եւ նոր աշխատատեղերի ստեղծման, եկամուտների արդարացի վերաբաշխման գործուն մեխանիզմներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հնարավոր կլինի ստանալ միայն ծրագիրը կենսագործելուց հետո։ Ուստի չենք ցանկանում առանց լուրջ հիմնավորումների ի սկզբանե դատապարտված համարել այս ծրագիրը։ Սակայն կցանկանայինք նշել, որ եթե սկզբունքորեն նման լինի ներկայումս կառավարության որդեգրած Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագրին (այսուհետեւՙ միջանկյալ ծրագիր), ապա այժմ արդեն կարելի է կանխատեսել դրա սնանկությունը։
Առիթն ունեցել ենք անդրադառնալու միջանկյալ ծրագրին, նշելով, որ դա, ըստ էության, անիմաստ փաստաթուղթ է եւ իր առջեւ ինչպես բազային, այնպես էլ լավատեսական սցենարներում դրել է կոսմետիկ փոփոխություններ կատարելու նպատակ։ Դա արտացոլված է առաջիկա երեք տարիներին (2001¬2003 թթ.) մի շարք ցուցանիշներիՙ աղքատության կրճատման, եկամուտների անհավասարության, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ հարկային մուտքերի եւ այլ տվյալների համար արված կանխատեսումներում։ Սակայն պարզվում է, որ դա ամբողջ դժբախտությունը չէ։ Գոնե 2001 թ. համար արված անգամ ամենահամեստ կանխատեսումները վերոնշյալ հիմնական ցուցանիշների գծով, փաստորեն, չեն կատարվել։ Այսինքնՙ կառավարության փչած փուչիկը, միջանկյալ ծրագրի անհրաժեշտության եւ կարեւորության մասին, պայթեց։ Դառնանք փաստերին։
Աղքատության կրճատո՞ւմ
Համաձայն 1998¬99 թթ. վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարության եւ Համաշխարհային բանկի օժանդակությամբ կատարված կենսամակարդակի ամբողջական ուսումնասիրության, աղքատ բնակչությունը կազմել է 55 տոկոս։ ՄԱԿ-ի կողմից ընդունված է աղքատության հետեւյալ չափանիշըՙ 1 անձի օրական եկամուտը չի գերազանցում 1 դոլարը։ Հայաստանի վիճակագրական ծառայության չափանիշներն աղքատության վերաբերյալ այսպիսին ենՙ ամսական եկամուտների 15 հազար դրամի (օրական 1 դոլարից էլ պակաս) դեպքում անձը համարվում է աղքատ։ 15 հազար դրամը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է։ Միջանկյալ ծրագրի կանխատեսմամբ, 2001 թ., ըստ բազային սցենարի, աղքատների տեսակարար կշիռը պետք է իջնի մինչեւ 53 տոկոս, ըստ լավատեսականիՙ մինչեւ 51 տոկոս։ Նկատի ունենալով, որ կառավարության կողմից այս ծրագրի ընդունումից (2001 թ. մարտ) անցել է ավելի քան մեկ տարի եւ 2001 թ.-ն էլ ավարտվել է, փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ արդյունք ունենք հիմա։ Վիճակագրության ծառայության խորհրդի անդամ Հրաչյա Պետրոսյանը մեզ հայտնեց, որ դեռեւս նորՙ ամբողջական ուսումնասիրություն չի կատարվել։ Սակայն նա մեզ տրամադրեց վիճծառայության եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Երեւանում, Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում անցկացված հարցման արդյունքները։ Հարցման նպատակն էր արձանագրել առկա փոփոխությունները։ Դժբախտաբար, հարցումից պարզվել է, որ բնակչության 54 տոկոսն ունի ամսական 15 հազար դրամից քիչ եկամուտ։ Փաստորեն, աղքատությունը նվազել է ընդամենը 1 տոկոսով։ Դա չի կարելի առաջընթաց համարել, եթե նկատի ունենանք միջանկյալ ծրագրի առջեւ դրված խիստ համեստ նպատակները։ Բնականաբար, անիմաստ է խոսել լավատեսական սցենարով սպասվող ցուցանիշների մասին։ Այսինքնՙ կարող ենք արձանագրել, որ Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը 2001 թ. արդյունքներով չի կատարել իր հիմնական խնդիրըՙ աղքատության կրճատումն անգամ իր իսկ կանխատեսած նվազագույն չափով։ Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ տարեկան արդյունքներով 9,6 տոկոս տնտեսական աճ արձանագրած երկրում բնակչության աղքատությունը գրեթե չի նվազել։
Տնտեսական աճՙ առանց ստվերայնության նվազեցման
2001 թ. երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 1 տրիլիոն 177 մլրդ դրամ, ավելի, քան միջանկյալ ծրագրի բազային սցենարով նախատեսված 1 տրիլիոն 149 մլրդ դրամը։ Սակայն ՀՆԱ-ի մեջ հարկերը կազմել են 168 մլրդ դրամ, այսինքնՙ 14,3 տոկոս։ Մինչդեռ նույն բազային սցենարով այդ թիվը պետք է կազմեր 17,2 տոկոս։ Ի՞նչն է պատճառը, որ նախատեսված հարկային մուտքերը չեն ապահովվել, եւ կառավարությունը, գործունեության հիմք ընդունելով այս ծրագիրը, այս դեպքում եւս չի հասել դրանից ակնկալվող արդյունքին։ Մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանին, որը պատրաստակամությամբ համաձայնեց զրուցել մեզ հետ։ Նա ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի նման ցածր ցուցանիշի օբյեկտիվ պատճառներից մեկը համարեց այն փաստը, որ տնտեսության մեծ աճ ապահոված ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է, որն ազատված է հարկերից։ Մեկ այլ ոլորտ է ենթակառուցվածքների ստեղծման բնագավառը, որտեղ խոշոր ներարկումներ են կատարվել դրսից։ Իսկ այդ ծրագրերը նույնպես չեն հարկվում։ Մնում է առեւտուրը, որտեղ, փոխնախարարի խոստովանությամբ, հարկման արդյունավետությունը բարձրացնելու մեծ հնարավորություններ կան։ Նա, որպես օրինակ, նշեց տոնավաճառները, որտեղ հազարավոր սուբյեկտներ առեւտուր են անում, եւ շնորհիվ առեւտրի կազմակերպման այս ձեւի, անգամ ցանկության դեպքում չեն կարող հարկեր վճարել։ Այսինքնՙ նրանք հարկային մարմիններում հաշվառված չեն։
Մեր կողմից նշենք, որ տոնավաճառը միակ արտոնյալ ոլորտը չէ։ Դրան հարկ է ավելացնել առավել շահութաբեր ապրանքների ներմուծմամբ, երթուղային գծերի տնօրինմամբ զբաղվողներին, որոնք հարկային պարտավորությունները եթե երբեմն կատարում են էլ, ապա ըստ սեփական քմահաճույքի, ոչ թե օրենքի պարտադրմամբ։ Հենց այստեղ պետք է փնտրել ստվերային տնտեսության ահռելի ծավալների պատճառները։ Հենց այս անձանց եւ կազմակերպություններին հարկման դաշտ պետք է բերելՙ դրանով իսկ ապահովելով եկամուտների արդարացի վերաբաշխումը եւ լուրջ քայլ կատարելով աղքատության հաղթահարման համար։ Մինչդեռ միջանկյալ ծրագիրը գրեթե ոչինչ չի նախատեսում այս ուղղությամբ։ Արդյունքում, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենար։ Արձանագրում ենք տնտեսական լուրջ աճ, որը չի բերում սոցիալական բեւեռացման մեղմացման եւ աղքատության կրճատման։ Դրա վառ ապացույցն է նաեւ եկամուտների անհավասարության չափորոշիչ համարվող Ջինի գործակիցը։
Եկամուտների անհավասարությունը հսկայական է
Ջինի գործակիցը տատանվում է 0-ից (եկամուտների լրիվ հավասարություն) մինչեւ 1-ը (եկամուտների լրիվ անհավասարություն) ընկած միջակայքում։ Հայաստանի համար այն, 1999 թ., համաձայն EBRD Transition Report 2000-ի, 0,59 է։ Դա ամենաբարձրն է անցումային տնտեսություն ունեցող ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մեջ։ Երբ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանից փորձեցինք տեղեկանալ սրա պատճառները, նա, ընդգծելով, որ իր անձնական կարծիքն է հայտնում, նշեց, որ Հայաստանում շատերը չեն ցանկանում ասել իրենց իրական եկամուտները։ Դրա պատճառով էլ ստանում ենք Ջինի նման գործակից։ Ըստ Տիգրան Խաչատրյանի, այն օտարերկրացիները, ովքեր լինում են Հայաստանում եւ, օրինակ, Բրազիլիայում, որն ունի նույն Ջինի գործակիցը, չեն հավատում, որ աղքատության նույն պատկերն է։ Նրանք նշում են, որ աղքատը Բրազիլիայում շատ ավելի վատ պայմաններում է, քան աղքատը Հայաստանում, իսկ հարուստն այնտեղ շատ ավելի հարուստ է, քան հարուստն այստեղ։ Հետեւաբար, Տիգրան Խաչատրյանի կարծիքով, մեզ մոտ անցկացրած հետազոտության որակը բարձր չի եղել։ Իսկ թե հիմա, այդ հետազոտությունից 2 տարի անց եւ միջանկյալ ծրագրի կառավարության ընդունումից 1 տարի անց «ինչպիսի՞ն է Ջինի գործակիցը» հարցին փոխնախարարը պատասխանեց, որ նոր հետազոտություն չի անցկացվել, եւ ներկա պատկերը հայտնի չէ։ Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ էապես փոխված չի լինի։ Աղքատության կրճատման, համախառն ներքին արդյունքից հարկերի հավաքման, ստվերային տնտեսության վիճակի վերաբերյալ վերեւում նշված ցուցանիշները կարող են նման եզրակացության համար հիմք հանդիսանալ։ Գուցե նաեւ այս հանգամանքներից ելնելով էլ կառավարությունը նոր հետազոտություն չի անցկացնում։ Ի դեպ, միջանկյալ ծրագիրը 2001 թ. համար Ջինի գործակցի էական նվազում չի նախատեսում։ Պետք է լիներ 0,56։
Պե՞տք էր արդյոք ծրագիրը
Կարծում ենք, որ պատասխանը երկմտելու տեղիք չի տալիս։ Երբ ծրագիրը մշակվում էր, ինքնին տարօրինակ էր հնչում «միջանկյալ ռազմավարական» բառակապակցությունը, որովհետեւ միջանկյալն ու ռազմավարականը եթե ոչ հակադիր, ապա գոնե չհամադրվող հասկացություններ են։ Այնուհետեւ, փաստաթղթում ի սկզբանե լուծված չէր տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը հաջորդող ամենակարեւոր խնդիրըՙ օրենքի առաջ բոլորի հավասարությունը մասնավորապես հարկային պարտավորությունների կատարման առումով։ Եվ եթե անկեղծ լինենք, որեւէ ծրագիր կամ այլ փաստաթուղթ այդ խնդիրը չի էլ լուծի։ Դրա համար անհրաժեշտ է երկրի բարձրագույն իշխանության քաղաքական կամքը։ Սակայն առայժմ դա տեսանելի չէ։
Վերադառնալով աղքատության կրճատման միջանկյալ ծրագրին, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել եւս մեկ հարցի վրա։ Ծրագիրն, ինչպես արդեն նշվեց, պետք է գործի 2001¬2003 թթ.։ Մինչդեռ այդ ընթացքում, մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը, պետք է պատրաստ լինի աղքատության կրճատման ամփոփ ծրագիրը, որից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը։ Հետաքրքրական էՙ ո՞ր ծրագրով է առաջնորդվելու կառավարությունը մինչեւ 2003 թ. ավարտը։ Եթե միջանկյալով, ապա դա նշանակում է, որ եւս 1,5¬2 տարի շարունակելու է ոչինչ չանել։ Եթե ամփոփ ծրագրով, ապա դա էլ լրացուցիչ անգամ վկայում է միջանկյալ ծրագրի անիմաստությունը եւ սնանկությունը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ