«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մինսկ

Ինչպես աշխարհի ավելի քան 100 պետություններում, այնպես էլ Բելառուսում, հայեր ապրում են։ Բելառուսը բազմազգ երկիր է, հայերը քանակային առումով զբաղեցնում են վեցերորդ տեղըՙ բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո։ Բելառուսահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր այցելությունների պարտադիր բաղադրիչ է տվյալ պետության հայ համայնքի հետ հանդիպումը, անկախ նրանիցՙ այդ երկրում երկու թե երկու հարյուր հազար մեր հայրենակիցներ են բնակվում։

Բելառուսում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է 30 հազար հայ, պաշտոնապես գրանցված է չորս հայ համայնքՙ Մինսկում, Մոգիլեւում եւ երկուսըՙ Բոբրույսկում։ Մայրաքաղաք Մինսկում 1991 թ. գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1998 թ.-իցՙ «Էրեբունի» ազգագրական խումբը։ Մինսկի հայ համայնքի ղեկավար Գ. Եղիազարյանը միաժամանակ նախագահում է Բելառուսի ազգային կազմակերպությունների խորհուրդը, ինչը, Բելառուսում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի ասելով, խոսում է այս երկրում հայ համայնքի հանդեպ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի մասին։

Հայերը Բելառուսում ապրում են այնպես, ինչպես մյուս երկրներում, ավելի կոնկրետՙ վատ չեն ապրում։ Քիչ չեն հաջողված եւ հանրապետական մակարդակի հայ ձեռներեցները։ Օրինակ, Ռուստամ Չոբանյանը երեք տարի անընդմեջ ճանաչվում է Բելառուսի լավագույն եւ բարեխիղճ գործարար։

Բելառուսում հայկական եկեղեցի չկա։ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ համայնքի հանդիպման ընթացքում խոսվեց եկեղեցի կառուցելու անհրաժեշտության մասին, անշուշտ, պետք է կառուցվի տեղի հայ գործարարների նվիրատվություններով։ Ակնկալվում է Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքի պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կտա ստանալ համապատասխան տարածք Մինսկումՙ եկեղեցու կառուցման համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ դեսպան Սուրեն Հարությունյանի հանդիպումից հետո Մինսկի քաղաքային ղեկավարությունը հրահանգ է ստացել հողատարածքի հատկացման վերաբերյալ։ Ի դեպ, դեսպան Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելում Բելառուսի պետական շրջանակներում, ինչը մի քանի անգամ տարբեր առիթներով շեշտեց Լուկաշենկոն։

Մինսկի հայ համայնքի ջանքերով Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել Հայոց ցեղասպանության եւ 1998 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բավականաչափ հետաքրքրական էր, որին, կանդրադառնանք «Ազգի» հաջորդ համարում առանձին հոդվածով։ Միայն նշենք, որ Քոչարյանը ուշագրավ հայտարարություն արեց ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալՙ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակն ինչ-որ ձեւով համեմատելով Բոսնիա-Հերցեգովինայի այսօրվա կարգավիճակի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4