«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ»

Աշխարհի 170 երկրների զարգացման ծրագրերին մասնակցած եւ ապրիլին Վաշինգտոնում «2002 թ. ստրատոսֆերային օզոնի պաշտպանության» ամերիկյան մրցանակին արժանացած Արշալույս Ճգնավորյանը (Վիեննա) մասնակցում էր «Հայաստան-սփյուռք» խորհրդաժողովին։ «Ազգը» հարցազրույց ունեցավ Միացյալ ազգերի UNIDO կազմակերպության մեջ ճանաչման արժանացած հայուհու հետ, որն այսօր իր հիմնած «Արդյունաբերության եւ զարգացման նախկին մասնագետների» ասոցիացիայի նախագահն է։

¬ Ձեր կարծիքով, Հայաստանի տնտեսության զարգացման ի՞նչ նախապայմաններ կան այսօր։

¬ Հայաստանում առայժմ չի մշակվել տնտեսության զարգացման կոնկրետ ծրագիր կառավարության անմիջական աջակցությամբ։ Երեք տարի առաջ առաջարկեցի զարգացման պլանՙ հիմք ունենալով երկրի նյութական ու մարդկային ռեսուրսները, սակայն ներդրումներն ավելի կարեւոր համարելովՙ կառավարությունը հետ մղեց տնտեսության պլանային զարգացումը։ Ինչ խոսք, լավ է, եթե ներդրումներ են անում, բայց պետք է հաշվի առնել, որ շատերն անփորձ են համաշխարհային տնտեսության պլանավորման բնագավառում։ Պետությունը չպետք է գործի մասնավոր անձանց թելադրանքովՙ առանց կառավարության մշակած օրենքների, եւ երկրի տնտեսությունը հանձնի մասնավոր անձանց ձեռքը։ Հայաստանը պետք է առաջնորդվի 3¬5 տարվա հստակ ու կոնկրետ պլանով, որը երկրի զարգացման պահանջներին համահունչ միգուցե կփոփոխվի ընթացքում։ Անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերության մի շարք ճյուղեր, որոնք իրենց հերթին հիմք կդնեն մանր ձեռնարկությունների ստեղծմանը։ Երկիրը կերակրողը գյուղն է, Հայաստանը պետք է շենանա նախ եւ առաջ գյուղի միջոցով։ Առանց հստակ ու ճշգրիտ զարգացման պլանի Հայաստանը կուլ կգնա գլոբալիզացիային։

¬ Կառավարությունն ի՞նչ միջոցներով պետք է աջակցի տնտեսության զարգացմանը։

¬ Անհրաժեշտ է, որ սփյուռքը ստեղծի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը նույնպես պետք է վերահսկվի, առանց վերահսկման գործն առաջ չի գնա։ Կոռուպցիան մեծապես վնասում է երկրին, սփյուռքահայերը կորցնում են վստահությունն ու հավատը։ Պատկերացրեք, եթե 4 մլն սփյուռքահայեր ամեն ամիս 10 դոլար վճարեն հայկական հիմնադրամին, օգուտը մեծահարուստների ներդրումներից ավելի մեծ կլինի։ Նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն պետք է մտավորական ուժերին համախմբել եւ գործել ի նպաստ ժողովրդի։ Այսօր աշխարհն ինտելեկտուալ ուժերն են պահում։ Վիեննայի հայկական եկեղեցին 100 անդամ ունի, մինչդեռ 3000 հայ է ապրում այնտեղ, եւ հայ համայնքը ներկայացնող չկար «Հայաստան-սփյուռք» համաժողովում։ Հրեա ռաբբիների ողջ գործունեությունն ուղղված է հրեաների հզորացման համար նպաստներ հավաքելուն։ Եթե մեր եկեղեցին էլ ամեն հայից մեկ դոլար, տասը դոլար գանձեր, այսօր այսպիսի աղքատություն չէինք ունենա։ Պետք է վերջնականապես որոշել, թե ով է ներկայացնում հայ գաղութն օտար պետություններում։ Եթե եկեղեցին ի զորու չէ համախմբել սփյուռքի հայությանը, ապա այդ գործը կնախաձեռնեն մտավորական ուժերը եւ գաղութներում կստեղծեն հայկական ներկայացուցչություններ։ Այս մասին հայ մամուլը լռում է, ես կոչ եմ անում բացախոսության. եթե իմ մտքերին համաձայն չեն, թող քննադատեն, թող ցույց տան ճշմարիտ ուղին, միայն թե լռության քողի տակ չմասնատեն հայ ժողովրդին։

¬ Ձեր կարծիքով, ո՞րն է այսօր արտագաղթը կանխելու գլխավոր միջոցը։

¬ Նախ ընդգծենք, որ արտագաղթն այսօր սոսկ հայկական երեւույթ չէ։ Եթե արտագաղթ կա աշխարհի զարգացած երկրներից, ապա միանգամայն հասկանալի է, որ անխուսափելի է առավել եւս Հայաստանից։ Սակայն պետք է ունենալ արտագաղթ վարելու քաղաքականություն, պայմանագիր կնքել դրսի գործատուների հետ, տեղեկություններ հաղորդել արտագաղթածների մասին, թե ինչ պայմաններում են նրանք ապրում, եթե որոշակի դիրքի են հասել, ապա ինչպե՞ս, ձախողվել ենՙ ինչո՞ւ։ Հեռուստատեսությունն ու մամուլը մեծ դեր ունեն այս գործում։

¬ Ամենից առաջնայինը ո՞րն է Հայաստան պետության կայացման համար եւ ի՞նչ կմաղթեիք հայաստանցիներին։

¬ Մեր ժողովուրդն այն պատրանքն ունի, թե նախագահներ փոխելով Հայաստանը պիտի հզորանա։ Սթափեցնելու համար ասեմ, որ ոչինչ չի փոխվի։ Հայաստանի նախագահը ով ուզում է լինի, քանի դեռ երկրի փտած, հնացած կառույցները չեն փոխվել, երկիրը չի նորոգվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը միջազգային բանկի ներդրումներն օգտագործեր երկրի կառույցները նորոգելու եւ զորացնելու համար, դա կլիներ ամենամեծ ծառայությունը հայրենիքին։ Մ. Նահանգների պես հզոր երկիրը ղեկավարում են ոչ թե նախագահ Բուշն ու նրա վարչակազմը, այլ հստակ ու ճշգրիտ գործող պետական, տնտեսական ու հասարակական կառույցները։ Ողջ հասարակությունը ղեկավարվում է այդ կառույցներով եւ ղեկավարների փոփոխությունն էական ազդեցություն չի ունենում երկրի վրա։ Կցանկանայի, որքան հնարավոր է շուտ սկսվեր ու իրագործվեր ազգային ռազմավարական ծրագիրը, որին պատրաստ եմ նվիրաբերել ողջ ուժերս ու գիտելիքներս։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4